Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձելու են «բռնացնել» գինը թանկացնողին

Հունվար 12,2008 00:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բաշխման օղակի մասնակիցներին էլ ջրի երես կհանի:

Երբ շուկայում որեւէ ապրանքի գինը կտրուկ բարձրանում է, ո՛չ արտադրողը, ո՛չ իրացնողը չեն խոստովանում, թե իրենցից ով է որոշել գերշահույթներ ստանալ ու միանգամից ապրանքը թանկացնել: Արտադրողն արդարանում է, որ իրենք ցածր գներով արտադրանքը բաշխել են խանութներին, խանութներն էլ վստահեցնում էին, որ իրենք շուկայից արդեն թանկ գներով են այն ձեռք բերել: Ուստի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ շուկան ուսումնասիրելիս խնդիրներ էր ունենում որոշելու, թե կոնկրետ ո՞ր օղակում էր իրականում բարձրացել տվյալ ապրանքի գինը: Սակայն այժմ հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում՝ այդ դաշտը նույնպես վերահսկելու համար: Մասնավորապես, 2007-ի ընթացքում հանձնաժողովն իրականացրել է «Ապրանքային շրջանառության (բաշխման) բնագավառում մրցակցային խնդիրներ» ծրագիրը, որի շրջանակում ուսումնասիրել եւ գնահատել է այդ դաշտում առկա խնդիրները:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ծրագրի համակարգող Կարինե Փոլադյանը, արտադրողից մինչեւ սպառողն ընկած միջանկյալ օղակը, այսինքն՝ բաշխողները, անվերահսկելի են: Ըստ Կ. Փոլադյանի, որեւէ հակամրցակցային գործ ուսումնասիրելիս, երբ հերթը հասնում էր նրան, որ արտադրողը կամ իրացնողը պետք է որեւէ փաստաթուղթ ներկայացնեին՝ ապացուցելու, թե կոնկրետ ո՞ր շուկայից, կամ կոնկրետ ո՞ր ընկերությունից են թանկ գնել ապրանքը, որպես կանոն, հանձնաժողովին որեւէ փաստաթուղթ չէին տրամադրում՝ ասելով, որ ապրանքը ձեռք են բերել առանց փաստաթղթային ձեւակերպումների՝ ինչ-որ անհատից: «Ավանի աղ արտադրող ընկերությունը գերիշխող է այդ շուկայում: Ուսումնասիրելու ընթացքում երբ ուզում էինք պարզել՝ խանո՞ւթն է բարձր գին սահմանում, թե՞ արտադրողը՝ բաշխողները հորդորում էին դիմել արտադրողին, իսկ արտադրողը պատճառաբանում էր, որ ինքը ընդամենը ապրանք է արտադրում, չի իրացնում, ուստի գին սահմանելու համար բաշխողն է պատասխանատու: Այդ բաշխողները, ըստ էության, որեւէ կարգավիճակ չունեն, իսկ բաշխման համակարգի մասնակիցները իրավական տեսանկյունից պաշտպանված չեն: Խնդրի լուծումը կորչում էր հենց այդ օղակում՝ ապրանքը արտադրողից մինչեւ սպառողին առաքելու գործընթացում, որովհետեւ հնարավոր չէր որոշել՝ արտադրո՞ղն է հակամրցակցային դաշտում գործում, թե՞ սպառման կետերը»,- ասաց Կ. Փոլադյանը: Ըստ նրա՝ այս ուսումնասիրությունը թույլ կտա հետագայում կարգավորել ոլորտը՝ հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը:

Կ. Փոլադյանի ներկայացմամբ՝ ուսումնասիրությունների ընթացքում եղել են դեպքեր, երբ հանձնաժողովը չի կողմնորոշվել՝ պաշտպանել էքսկլյուզիվ ներմուծողի շահե՞րը, թե՞ երկրորդ կամ երրորդ ներմուծողների համար էլ ազատ դաշտ ապահովել. «Կիա Մոթորսի» ներկայացուցիչ «Ի Էմ Սի» ընկերությունը մեքենաներ է ներմուծում հենց արտադրողից՝ գործարանային գներով: Նույն ֆիրմայի մեքենաները ներմուծում է նաեւ «Վալենսիա» ընկերությունը, սակայն նա ներմուծում է մեկ այլ երկրից՝ Արաբական Էմիրություններից: Երկուսն էլ նույն մաքսային ձեւակերպումներն են անում, բայց «Կիա Մոթորսն» ասում է, որ մյուս ընկերությունը ներմուծում է հին մեքենաներ եւ որպես նոր՝ վաճառում է ոչ շուկայական գներով: Այս դեպքը հանձաժողովի առջեւ խնդիր էր ստեղծել. պաշտպանել ներկայացուցչությա՞ն շահերը, թե՞ թույլատրել մեկ այլ ընկերության նույնպես ներմուծել «Կիա Մոթորսի» ավտոմեքենաները, կամ թույլատրելու դեպքում արժե՞ սահմանափակում դնել, թե ո՞ր երկրներից եւ ի՞նչ պայմաններով պետք է վաճառվեն մեքենաները: Այս դաշտը մինչ օրս կարգավորված չէ»:

Կ. Փոլադյանի ներկայացմամբ՝ ծրագրով նախատեսված է եղել նաեւ Հայաստանում ապրանքային շրջանառության բնագավառում մրցակցային խնդիրների վերաբերյալ հարցումներ անցկացնել արտադրողներից եւ խանութներից: Կ. Փոլադյանի խոսքերով՝ մեր գործարարների բիզնես-կուլտուրան զարգացած չէ, քանի որ շատերը հրաժարվել են պատասխանել հարցերին: Հարցված 136 արտադրողից ընդամենը 6-ն է պատասխանել: Խանութներից մեկում էլ այն հարցին, թե գերիշխող դիրք ունեցող ընկերություններից որեւէ մեկը փորձե՞լ է պարտադրել խանութին, որպեսզի տվյալ արտադրատեսակներից միայն իրենց ապրանքը վաճառեն, մայրաքաղաքի բոլոր խանութներում բացասական են պատասխանել, միայն Վանաձորի խանութներից մեկն է խոստովանել, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող ձու արտադրող ընկերությունն իրենց առջեւ նման պարտադրանք դրել է:

Խանութներում անցկացված հարցումների ժամանակ փոքր եւ միջին շրջանառություն ունեցող խանութները հիմնականում դժգոհել են, որ չեն դիմանում մրցակցությանը, երբ իրենց խանութների կողքին բացվում են սուպերմարքեթներ: Խանութների հիմնական դժգոհությունը եղել է նաեւ հարկային դաշտից, ինչպես նաեւ վարկերից: Նրանց ներկայացմամբ՝ վարկերը տրամադրվում են կարճաժամկետ եւ բարձր տոկոսներով, ինչը եւս պատճառ է, որ խանութները մրցակցությանը չդիմանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել