Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՄԵՌ ՊԱՊԻ ՈՒ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻ ԿԵՍ ԺԱՄԸ՝ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Հունվար 12,2008 00:00

\"\"Նոր տարվա գիշերը նրանց այցելությունները բնակարաններ՝ ծնողների վրա թանկ է նստել

Այս տարվա գնաճն անդրադարձել է նաեւ Ձմեռ պապ-Ձյունանուշների ծառայությունների գների վրա: Ամանորի գիշերը նրանց կեսժամյա այցելությունը ծնողների վրա այնքան թանկ է նստել, որ շատերը գերադասել են իրենց երեխաներին ասել, որ իրականում Ձմեռ պապեր գոյություն չունեն, որպեսզի հաջորդ տարի էլ այդ օրը չընկնեն: Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 24-ից մինչեւ գիշերվա ժամը 3-ն ընկած հատվածում, Ձմեռ պապերն ու Ձյունանուշները միայն բնակարաններ այցելելու եւ մեկ-երկու բանաստեղծություն արտասանել տալու համար ծնողներից վերցրել են մինչեւ 100 հազար դրամ: Ավելի ուշ՝ ամսի 2-ին, 3-ին արդեն նրանց ծառայությունների գները մի փոքր իջել էին: Բայց հաշվի առնելով, որ երեխաները հենց այդ օրն են սպասում Ձմեռ պապին ու նրա նվերին, ստացվում է՝ այսուհետեւ հյուսիսից ժամանած Ձմեռ պապերի գոյությանը կարող են հավատալ եւ նրա ներկայությունը վայելել միայն հարուստների զավակները:

Նշենք, որ դեռեւս դեկտեմբերի 16-ից Ձմեռ պապ-Ձյունանուշ տրամադրող ընկերություններն այլեւս ազատ դերասաններ չունեին ու պատվերներ չէին վերցնում՝ ասելով, որ պետք է առնվազն ամսի 1-ից «բրոնյա» անեին:

«Օպերա +» ընկերությունը, որը դեկտեմբերին Ձմեռ պապ-Ձյունանուշ տրամադրելու ծառայություն է մատուցում, չնայած ձեռքի տակ ուներ 5-7 պապ, բայց ամսի 31-ի համար դեռ 15 օր առաջ բոլորն արդեն զբաղված էին, ընդ որում՝ աշխատելու էին ծանրաբեռնված ռեժիմով՝ տնետուն վազելով: Ընկերությունում, որպես իրենց առավելություն, նշեցին, որ իրենց պապիկները 25-ից մինչեւ 40 տարեկան են, այսինքն՝ «լակոտներ» չեն ու կարող են երեխային համոզել, որ իրական են, ոչ թե վարձու դերասաններ: Ընդհանուր առմամբ, Ձմեռ պապ-Ձյունանուշների ծրագիրը տեւում է 30 րոպե: Այդ ընթացքում երեխաներին ստիպում են արտասանել, խաղեր են կազմակերպում եւ այլն: Թե կոնկրետ ի՞նչ խաղ են խաղալու՝ ընկերությունից ասացին, որ դա Ձմեռ պապը հորինում է տեղում՝ կարող է «պախկվոցի», կարող է՝ «զիլինա»: Այդ կես ժամը ծնողների վրա արժենում է նվազագույնը 15 հազար դրամ, Ձյունանուշի հետ միասին՝ 25 հազար դրամ: Ընդհանրապես, բոլոր գրասենյակներում Ձմեռ պապերն ավելի թանկ էին, քան Ձյունանուշները:

Նախորդ տարի Ձմեռ պապերի ծառայությունից օգտված շատ բնակիչներ դժգոհում էին, որ իրենց տուն այցելած պապն այնքան էր մտել տնետուն ու շնորհավորել, որ արդեն ժամը 3-ի կողմերը լավ հարբել էր: Ուստի, այս տարի շատ գրասենյակներ, ստանալով ծնողների բողոքները, նախապես չխմող Ձմեռ պապեր են վարձել ու հենց սկզբից, որպես առավելություն նշում էին նաեւ, որ իրենց պապիները հաստատ հարբած չեն գա: Որպես կանոն, բոլոր ընկերությունները հավաստիացնում էին, որ եթե ընտանիքը դժգոհ մնա իրենց տրամադրած Ձմեռ պապից կամ եթե վերջինս իրեն վայելուչ չպահի՝ ընկերությունը դրա համար պատասխանատվություն կկրի:

Քանի տարի է՝ «Ժպիտ» ակումբը նույնպես տրամադրում է Ձմեռ պապ-Ձյունանուշների: Դեկտեմբերի 17-ից արդեն այդ ակումբի բոլոր պապերը պատվերի տեղ չունեին, ուստի երբ ներկայանալով որպես ծնող՝ խնդրեցինք մեզ Պապ կամ գոնե Ձյունանուշ տրամադրել՝ ասացին, որ նրանք կարող են այցելել ամսի 31-ից առաջ կամ շատ ավելի ուշ: Այս ակումբը միայն Ձմեռ պապի համար պահանջում էր 10 հազար դրամ, իսկ Ձյունանուշի հետ միասին՝ 15 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 31-ի գիշերն արդեն գներն ուրիշ էին՝ նրանց 15 րոպեանոց այցն արժեր 100 հազար դրամ: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գների այդքան կտրուկ տարբերությունը, Նոր տարվա գիշերը նրանք ինչ-որ հետաքրքիր անակնկա՞լ են երեխաներին մատուցելու՝ ակումբից ասացին, որ՝ ոչ. «Ծրագիրը նույնն է, ուղղակի գրաֆիկը շատ ծանրաբեռնված է, այն տեւում է 15-20 րոպե, երեխաներին արտասանեցնում են, ինտելեկտուալ խաղեր են խաղում, պարում են եւ այլն»: Նշենք, որ «Ժպիտի» Ձմեռ պապիկները 30 տարեկանից բարձր էին, իսկ Ձյունանուշները 18-22 տարեկան:

«Ակումբ» ընկերությունը մինչեւ դեկտեմբերի 31-ը ծնողներից միայն Ձմեռ պապի համար պահանջում էր 15 հազար: Նրանց Ձյունանուշն արժեր 5 հազար դրամ: Իսկ անմիջապես Ամանորի գիշերը նրանց այցելությունը ծնողներին արժենում էր 60 հազար դրամ: Գիշերվա ժամը 2-ից հետո գործում էին ավելի զեղչված սակագներ: Ընկերությունից մեզ հավաստիացրին, որ մենք չենք զղջա իրենց ծառայություններից օգտվելու համար, քանի որ իրենց դերասանները 30-60 տարեկան բեմի վարպետներ են եւ գիտեն ինչպես իրենց պահել երեխաների հետ:

«Մեշոկ պապ» խաղալիքների խանութի աշխատակիցներն էլ մեզ հետ զրույցում ներկայացրին, որ իրենց Ձմեռ պապիկի այցելությունն արժե 30 հազար դրամ, իսկ Ձյունանուշիկին էլ հետը՝ 35 հազար: Նրանք առաջարկեցին երեխաների նվերներն իրենց խանութից գնել, որովհետեւ այդ դեպքում արդեն Ձմեռ պապի այցելության արժեքը եւ նվերները 10% զեղչ կունենային: Բայց խանութից ասացին, որ ծնողները կարող են իրենք ցանկացած տեղից գնել նվեր ու հենց Ձմեռ պապը մտնի իրենց տուն՝ գաղտնի դնեն պարկի մեջ, որ Ձմեռ պապն անհարմար դրության մեջ չընկնի իրենից խաղալիք ուզող երեխայի մոտ: Խանութից նշեցին, որ իրենց Ձմեռ պապ-Ձյունանուշները հայտնի դերասաններ են, բայց անուններ չտվեցին, ասելով, որ ուզում են սյուրպրիզ լինի: Նկատենք, որ եթե Ձմեռ պապը շատ հայտնի դերասան լինի՝ վտանգ կա, որ երեխան ձայնից կամ ժեստերից կճանաչի նրան, մանավանդ՝ եթե տարիքով այդքան էլ փոքր չլինի:

Այս տարի, բացի կենդանի Ձմեռ պապերից, թանկ էին նաեւ նրանց խաղալիք տարբերակները. 30 սմ-անոց խաղալիք Սանտա Կլաուսն արժեր 4000 դրամ, մի քիչ մեծերն արդեն՝ 8000 դրամ: Կախված իրենց կատարած գործողություններից, լույսերից ու պատրաստված նյութից՝ դրանց գները հասնում էին մինչեւ 35 հազար դրամ:

Հաշվի առնելով, որ տոնածառերն էլ այս տարի անհամեմատ թանկացել էին, փաստորեն, միայն տանը Նոր տարվա շունչը թեկուզ արհեստական Ձմեռ պապի ու տոնածառի տեսքով ապահովելը մարդկանց համար արժեցել է սեղանի ծախսի չափ գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել