Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիները բողոքում են երթուղու սպասարկումից

Հունվար 12,2008 00:00

Իսկ երթուղու տերը վստահեցնում է, որ ձեռքիդ մեջ ձվածեղ անես՝ էլի կապանցիները կբողոքեն:

«Կապանից Երեւան գալու կամ մայրաքաղաքից Կապան գնալու համար մենք ստիպված ենք լինում առնվազն 2-3 ժամ էս ցրտին սպասել: Կանգառում ոչ նստարան կա, ոչ զուգարան, չոլերի մեջ ժամերով կանգնում ենք՝ սպասելով, թե երբ երթուղայինի վարորդները կբարեհաճեն քշել: Պատահում է, որ կանգառում 40-ից ավելի ուղեւոր է սպասում, իսկ «գազելներն» այդպես էլ չեն շարժվում»,- «Առավոտին» բողոքեցին Կապան-Երեւան երթուղայինի ուղեւորները: Հիմնականում այդ երթուղուց օգտվում են ուսանողները, որոնց պատմելով՝ մշտապես ստիպված են լինում դասերից ուշանալ, քանի որ գիծը մրցույթով շահած ընկերությունը երթուղին սպասարկում է իր քեֆով՝ մտածելով միայն իր եկամուտների մասին: Ուսանողների պատմելով՝ առաջին «Գազելը» Կապանից մայրաքաղաք պետք է ուղեւորվի ժամը 7-ին, բայց լինում են դեպքեր, երբ մինչեւ կեսօր՝ ժ. 12-ը ոչ մի «Գազել» տեղից չի շարժվում՝ ուղեւոր հավաքելու համար: «Չնայած երթուղուց օգտվում են Սյունիքի մարզի Կարմրաքար, Արծվանիկ, Սյունիք եւ մի շարք այլ գյուղերի բնակիչները, գիծը սպասարկում է ընդամենը 5 «Գազել»: Մենք այլընտրանք չունենք, ոչ ավտոբուս կա, ոչ էլ այլ փոխադրամիջոց: Տաքսիով հնարավորություն ունեն երթեւեկել քչերը, քանի որ նվազագույնը պահանջում են 8-10 հազար դրամ: Մենք պարզապես դատապարտված ենք այդ «գազելներով» երթեւեկելու: Միշտ գնում ենք գերբեռնված մեքենաներով, ու որպեսզի գոնե կանգնելու տեղ լինի, մի քանի «Գազել» ենք բաց թողնում: Նոր տարին մենք ստիպված եղանք դիմավորել մայրաքաղաքում՝ ընկերների տանը, որովհետեւ չկարողացանք գնալ Կապան»,- դժգոհեցին ուղեւորները:

Նշենք, որ երթուղին սպասարկում է «Մրքաձոր» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Կորյուն Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք գիծը սպասարկում են մրցութային պայմաններին համապատասխան. «Ոչ մի «Գազել» իր ժամանակացույցից չի շեղվում: Եթե այս օրերին ուշացումներ լինում էլ են՝ միայն եղանակային պայմանների պատճառով. ճանապարհները վերջին օրերին վատացել են: Իսկ Նոր տարուց առաջ ընդհանրապես որեւէ խնդիր չի եղել»: Պարոն Հակոբյանը վստահեցրեց նաեւ, որ գիծը սպասարկում է ոչ թե 5, այլ՝ 30-ից ավելի մեքենա: Մինչեւ ժամը 12-ը Կապանից արդեն 4 «Գազել» են բաց թողնում. «Մեր «գազելները» 1 ուղեւորով էլ շարժվում են, իսկ գերբեռնված մեքենան չի կարող երթեւեկել, քանի որ այդ երթուղով կանգնած մարդ չի գնում, ոչ ոք 7 ժամ ոտքի վրա չի կարող կանգնել երթուղայինի մեջ: Եթե թողնենք էլ՝ ուղեւորները չեն նստի: Մենք մեր աշխատանքից գոհ ենք, որովհետեւ ոչ մի վթար չենք ունեցել, Գորիսի ուղեւորներին նույնիսկ սպասարկել ենք «Մերսեդես» ավտոբուսներով, որպեսզի ոչ մեկը դժգոհ չլինի: Օրինակ, այսօր մենք Երեւանից Կապան «Գազելը» ճանապարհել ենք 7 ուղեւորով»: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են ուղեւորները բողոքում՝ Կ. Հակոբյանը վստահեցրեց, որ իր հետ անձնական խնդիրներ ունեն. «Բանն այն է, որ այդ գիծն ուզում էր շահել կապանցիներից մեկը, բայց քանի որ ես մրցույթն անցա 100 լիարժեք բալով, գիծն ինձ տվեցին: Ես միանշանակ համոզված եմ, որ կապանցիներին նա է հրահրում, որ բողոքեն»: Գծի տերն ասաց, որ ինքը մրցույթը շահել է 4000 դրամ տոմսի արժեքով, բայց ուղեւորներից ուզում է ավելի քիչ՝ 3.500 դրամ. «Երբ գիծը շահեցի, որոշեցի, որ այնպես պիտի այն սպասարկեմ, որ բոլոր գծի տերերն ինձնից օրինակ վերցնեն: Ես ամռանը հաճելի անակնկալներ էի մատուցում. իմ ուղեւորներին մեքենայի մեջ սուրճ էի հյուրասիրում, շուկայից բալ ու ելակ էի գնում՝ բաժակներով ուղեւորներին բաժանում: Ոչ մի գծի տեր նման բան չի արել: Այդքանից հետո նույնիսկ ինձ զանգում ու բողոքում էին, որ իրենց բաժին ելակը վարորդը կերել է ու չի տվել: Նոր տարվան ես տոմսի արժեքը դարձրել եմ 2000 դրամ՝ որպես նվեր կապանցիներին, բայց դա էլ չեն գնահատում: Մարտի 8-ին ես բոլոր կանանց համար տոմսի արժեքը 1000 դրամ զեղչել եմ: Չեք պատկերացնի, բայց նույնիսկ դրա համար էի բողոքներ ստանում. Կապանի տղամարդիկ զանգում էին ու գոռգոռում, թե իրենք կանանցից ինչո՞վ են պակաս, որ իրենց տոմսը թանկ է վաճառվում: Ես համոզվեցի, որ իմ արած ոչ մի լավ գործը չի գնահատվում: Մարդիկ, միեւնույն է, միշտ էլ բողոքելու բան ունենում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել