Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԱՆՈՐՅԱ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հունվար 12,2008 00:00

\"\"Ներկրողները թանկացումները պայմանավորում են մաքսերի ավելացման, դոլարի կուրսի անկման հետ, թեեւ ոչ մաքսերից, ոչ էլ դոլարի կուրսից նրանք չեն տուժել:

Նոր տարվա նախաշեմին մեր երկրում ավտոմեքենաների գները կտրուկ բարձրացան: 2007-ի արտադրության «Նիվա» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարելի էր գնել 11-12 հազար դոլարով, իսկ դեկտեմբերից սկսած՝ այն արդեն վաճառվում է 15-16 հազարով: Ռուսական արտադրության «010» մակնիշի ավտոմեքենան նախկին 8 հազարի փոխարեն այսօր վաճառվում է 12-13 հազար դոլարով: «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան թանկացել է մոտ 1500 դոլարով ու այսօր այն վաճառվում է 8500-9000 դոլարով:

Ուշագրավ է, որ ավտոշուկայում մեքենա վաճառողները թանկացումները մի կերպ են մեկնաբանում, ներկրողները՝ բոլորովին այլ կերպ: Պատճառը, հավանաբար, այն է, որ իրականում մեքենաների գների բարձրացումը որեւէ կոնկրետ պատճառ չունի: Հայաստանում պարզապես ընդունված է Ամանորին ամեն ինչ արհեստականորեն թանկացնել:

Նշենք, որ առանց այդ էլ ավտոմեքենաների առուվաճառքի բիզնեսը բավականին շահավետ է: Արաբական Էմիրություններից 1 մեքենա ներկրելն ապահովում է նվազագույնը 1000-2000 դոլարի շահույթ, իսկ այս օրերին մեքենա ներկրողները, անխոս, գերշահույթներ ստացան: Եթե սովորաբար վերավաճառողները մեքենայի իրական արժեքին ընդամենը 20-25% էին ավելացնում, ապա վերջին մեկ ամսվա ընթացքում մեքենաները վաճառվում են գործարանային արժեքի գրեթե կրկնակի գնով: «Առավոտի» հետ զրույցում շատ ներկրողներ հավաստիացնում էին, որ, օրինակ, ռուսական արտադրության ավտոմեքենաները Տոլյատիի մայր գործարանում թանկացել են առավելագույնը 400-500 դոլարով եւ թանկացումները հիմնականում դրանով են պայմանավորված: Մինչդեռ հայաստանյան շուկայում հատկապես ռուսական մեքենաները թանկացան ոչ թե ընդամենը 400-500, այլ նույնիսկ՝ մինչեւ 3-4 հազար դոլարով:

Նուբարաշենի ավտոշուկայի վաճառականներից ոմանք թանկացումները պայմանավորում են դոլարի կուրսով, ոմանք՝ մաքսերի ավելացմամբ: Վաճառականներից մեկը՝ Վահան Կարինյանը, մեզ հետ զրույցում վստահեցրեց. «Մաքսային արժեքն այնքան է ավելացել, որ մի մեքենայի վաճառքից մեզ հազիվ մի 100-200 դոլար օգուտ է մնում: Մեքենայի արժեքի հալալ կեսը մաքսայինին ենք տալիս: Մինչեւ 2000 թվականն արտադրված մեքենաների գնի 53%-ն ենք մաքսատանը տալիս, դրանից հետո արտադրվածների համար էլ՝ արժեքի 32%-ը: Չհաշված, որ հազար ու մի մեթոդի եմ դիմում, որ կարողանամ մի քանի մեքենա ուրիշի անունով բերեմ, հակառակ դեպքում, եթե երկուսից ավելի մեքենա իմ անունով ձեւակերպեմ ու սահմանն անցկացնեմ՝ հարկայինն արդեն վրես աչք կդնի: Մի բան է, երբ մարդն իր համար է մեքենա բերում, մի այլ բան՝ երբ բիզնես ես անում ու ոչ մի տեղ գրանցված չես: Որ բռնեցին՝ էլ տակից դուրս գալ չի լինի»:

Չնայած Վ. Կարինյանի արդարացումներին, իրականում ավտոմեքենաների թանկացումը մաքսային արժեքի հետ ոչ մի կապ չունի, քանի որ այս տարվա ընթացքում Հայաստան ներկրվող բոլոր ապրանքների մաքսատուրքը մնացել է անփոփոխ: Այս մասին «Առավոտին» հավաստիացրին նաեւ Մաքսային պետական կոմիտեից: Նրանց տեղեկացմամբ՝ «Շրջանառվող լուրերը, թե շուտով բարձրանալու են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դրույքաչափերը, իրականությանը չեն համապատասխանում: Մաքսային դրույքաչափերի փոփոխություն չի եղել եւ չի էլ նախատեսվում»: Ավտոմեքենաների մաքսատուրքը վերջին անգամ բարձրացվել է 2007-ի հունվարի 1-ին, երբ «Բնապահպանական վճարումների դրույքաչափերի» մասին օրենքի համաձայն, հանրապետություն ներկրվող հին ավտոմեքենաների համար ներկրողները պարտավորվեցին վճարել ավելի բարձր մաքսատուրք. 5-10 տարվա ավտոմեքենաների համար՝ մաքսային արժեքի 2 տոկոսի, 10-15 տարվա ավտոմեքենաների համար՝ 10 տոկոսի, իսկ ավելի քան 15 տարվա ավտոմեքենաների համար՝ 20 տոկոսի չափով գումար: Մինչ այդ արտասահմանյան ավտոմեքենաների ներկրման համար գանձվում էր 20% ԱԱՀ եւ 10% պետական տուրք: Ողջ նախորդ տարվա ընթացքում ներկրվող մեքենաների մաքսատուրքը ոչ մի կոպեկ չի բարձրացել, հետեւապես անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ են հատկապես ռուսական արտադրության մեքենաները վաճառվում իրական արժեքի գրեթե կրկնակի գնով:

Ավտոշուկայի մեկ այլ վաճառականի խոսքերով՝ «Մեքենաների թանկացման հետ մենք ոչ մի առնչություն չունենք ու նույն չափի եկամուտ ենք ունենում, ինչ ամիսներ առաջ: Մեքենաների գների բարձրացումը բնականոն երեւույթի՝ դոլարի արժեզրկման հետ է կապված: Եթե նախկինում, երբ դոլարի կուրսը 330 դրամ էր, 7000 դոլարանոց մեքենան այստեղ վաճառում էինք 9000 դոլարով ու ստանում մոտ 3 մլն դրամ, հիմա, երբ կուրսը 300-ից պակաս է, նույն արժեքի մեքենան վաճառելով՝ մոտ 2.7 մլն դրամ ենք ստանում»: Նկատենք, որ վաճառականների այս արդարացումն անընդունելի է, քանի որ դոլարի արժեզրկումից ներկրողներն օգտվում են, ոչ թե տուժում: Նրանք մեքենայի վաճառքից ստացված գումարով այստեղ արժեզրկված դոլար են գնում ու արտերկրում շահավետ գործարք կնքում:

Ի տարբերություն անհատ վաճառողների, մեզ հետ զրույցում մեքենաներ արտադրող արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում էին, որ իրենց գնացուցակներում որեւէ փոփոխություն չի եղել: Ֆրանսիայից եւ Թուրքիայից «Ռենո» մակնիշի մեքենաների ներկրմամբ զբաղվող «Մեգնա» ՍՊԸ-ի ներկրման եւ իրացման բաժնի պետ Սամվել Ավետիսյանի խոսքերով՝ «Մենք մեքենաների գները ոչ մի կոպեկ չենք թանկացրել, դեռ ավելին՝ որոշ մոդելների գները նույնիսկ մի բան էլ էժանացել են: Օրինակ, «Ռենո Մեգանը» էլի նույն գինն ունի, ինչ մի քանի ամիս առաջ՝ 7 միլիոն դրամ, կամ «Ռենո Սիմվոլը»՝ 5 միլիոն դրամ: Մենք նույնիսկ ամանորյա զեղչեր ենք սահմանել: Ապառիկ վաճառքի դեպքում՝ տոկոսադրույքը 0 է»:

Մինչդեռ շուկայում գնաճն ակնհայտ է: Նուբարաշենում ավտոմեքենաների բիզեսմեններից ոմանք անկեղծացան՝ ասելով, որ թանկացումներն իսկապես արհեստական են. «Այս սեզոնին լավ գիտենք, թե որ մեքենաներն են «խոդնի», հենց էդ մեքենաներն էլ թանկ ենք ծախում: Օրինակ, «Նիվան» հիմա ամենաշատն են առնում: Էս սեզոնին էժան «Նիվա» չկա, եթե մեկը ծախում է, ուրեմն կամ հաստատ խփած ու փչած մեքենա է, կամ էլ գողացած է: Պարզ տրամաբանություն է՝ եթե առնողները շատ են՝ ապրանքի գինը բարձրանում է»:

Նշենք, որ ոչ միայն «Նիվա» մակնիշի, այլեւ բոլոր մեքենաների պահանջարկը Հայաստանում վերջին տարիներին զգալի ավելացել է: Բացի երթեւեկության հետ կապված խնդիրներից, այդ մասին են վկայում նաեւ Մաքսային կոմիտեից ստացված տվյալները: 2007-ի 11 ամիսների տվյալներով, 2006-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 7151 ավտոմեքենա ավելի է ներկրվել, ընդ որում՝ հիմնականում մարդատար եւ թանկարժեք մեքենաներ:

Հայաստանում մարդատար մեքենաների ներկրման բիզնեսի նման արագ զարգացումն ունի իր բացատրությունը. այս դաշտում տնտեսվարողները հարկային պարտավորություններից խուսափելու մեծ հնարավորություններ ունեն: Բիզնեսմենները, ներկայանալով որպես ֆիզիկական անձինք, իրենց, իրենց կանանց, զոքանչների ու աներների անուններով մեքենաներ են ներկրում ու հարկային դաշտից դուրս մնում: Այլապես, եթե 2 մեքենայից ավելի ներկրեն իրենց անունով, արդեն հարկայինը կկասկածի, որ մարդը ստվերում բիզնես է անում ու նրան կձեւակերպի որպես տնտեսվարող սուբյեկտ: Եթե գործարարները որեւէ խորամանկության չդիմեին եւ մեքենաների բիզնեսով զբաղվեին օրինական ճանապարհով՝ նրանց բիզնեսը պարզապես կձախողվեր, քանի որ սահմանված բոլոր հարկատեսակները՝ մաքսատուրք, շահութահարկ, եկամտահարկ եւ այլ պարտադիր վճարներ մուծելով՝ շահույթը շատ փոքր կկազմեր: Իսկ ստվերում աշխատելով՝ գործարարներն իրենց համար հանգիստ գերշահույթներ են ապահովում: Նշենք, որ եթե հարկայինը կարողանա «ֆիզիկական անձ» ձեւացող տնտեսվարողին բռնացնել, ապա նրանից կգանձվի ավտոմեքենայի վաճառքի 50%-ը: Սա է այն պատիժը, որ սահմանված է նման կարգի «խորամանկության» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել