Լրահոս
Օրվա լրահոսը

Չվճարողի գազը կտրում են

Հունվար 12,2008 00:00

Վանաձորցիներն այլեւս չեն պատրաստվում գազի տեսուչներին վճարել՝ չմատուցված ծառայությունների դիմաց:

Վերջերս բնակչությունը գազամատակարարման ծառայությունների հետ կապված լուրջ դժգոհություններ ունի: Խոսքը վերաբերում է հատկապես գազի սպասարկման որակին: Գազի տեսուչների մատուցած ծառայությունների դիմաց բնակիչները տարեկան վճարում են 5000 դրամ՝ յուրաքանչյուր կետի համար, սակայն, քաղաքացիների վկայությամբ, բնակարաններում որեւէ սպասարկում, ըստ էության, չի լինում: Մայրաքաղաքի բնակիչների բողոքին արդեն միացել են նաեւ մարզերի բնակիչները: Վանաձորցիներից շատերը, տեսնելով, որ իրենցից պարզապես անտեղի գումարներ են հավաքում եւ ոչ մի ծառայություն չեն մատուցում՝ հրաժարվել են 5000-ական դրամները վճարել: Գազի տեսուչներն էլ, վճարման ժամկետն ավարտվելուն պես, թակում են բոլոր բնակարանների դռները ու պահանջում նոր վճարում կատարել, իսկ նրանք, ովքեր ընդդիմանում են՝ պարզապես այդ բնակարանը գազազրկում են:

Ըստ պայմանագրի, գազիֆիկացվող բնակարաններում գազի աշխատակիցները պետք է պարբերաբար ստուգեն գազատար խողովակները, ստուգեն ու մաքրեն ծխնելույզը, մի խոսքով, ամեն ինչ անեն, որ գազամատակարարումն իրականացվի հնարավորինս անվտանգ: Հենց այդ նկատառումից ելնելով էլ՝ բնակիչները գազամատակարարման սկզբում պայմանագրի տակ ստորագրում են, սակայն հետո է միայն պարզ դառնում, որ անվտանգության ապահովումը գազի տեսուչներն իրականացնում են միայն թղթի վրա:

Վանաձորցիների պատմելով՝ երբ իրենք անհրաժեշտության, ասենք՝ գազի արտահոսքի դեպքում դիմում են գազի սպասարկման ծառայությանը, ապա իրենց նախապես զգուշացնում են, որ կանչերը եւ սպասարկումը վճարովի են։ Այսինքն, կոնկրետ դեպքի համար բնակիչը, միեւնույն է, նորից վճարում է կատարում:

Բնակարանները գազիֆիկացնելու ժամանակ էլ վանաձորցիներից մի շարք անտեղի գումարներ են պահանջել: Բաժանորդի եւ կառույցի միջեւ կնքվում է պայմանագիր եւ պայմանագրով նախատեսված բոլոր վճարումները բաժանորդն ի սկզբանե վճարում է: Սակայն երբ բնակարաններում սկսվում են, այսպես ասած՝ «բանվորական» աշխատանքները, գազի տեսուչները ներկից ու վրձնից սկսած՝ հավելյալ գումար են պահանջում: Վերջում էլ աշխատակիցն իր կատարած աշխատանքի համար ամենաքիչը 2000 դրամ «մաղարիչ» է ուզում:

Նշենք, որ որքան էլ գազի պատասխանատուները հերքում են, որ սպասարկումը ձեւական է՝ ասելով, թե բնակիչները չափազանցնում են, հենց միայն դժբախտ դեպքերի մասին պաշտոնական վիճակագրությունն այլ բան է փաստում: Լոռու մարզի փրկարարական ծառայության տվյալներով՝ 2007-ի ընթացքում մարզում շմոլ գազից թունավորման 27 դեպք է արձանագրվել, 2 մարդ էլ գազի պատճառով մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել