Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՄԲԱՐԱԿԻ ԵՂԵՎՆՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ

Հունվար 12,2008 00:00

\"\"Իսկ գլխավոր անտառապետը վստահեցնում է, որ եթե թեկուզ մի հատված ծառ իրեն ցույց տանք՝ հանրապետությունով մեկ պատրաստ է պախարակվել:

Արդեն 6 տարի է, ինչ հանրապետության ողջ տարածքում խստիվ արգելված է փշատերեւ ծառերի՝ սոճու եւ եղեւնու հատումը: Անգամ մեկ ծառ կտրելու դեպքում սահմանված է վարչական տուգանք, իսկ առավել խոշոր չափի հատումների դեպքում՝ նաեւ քրեական պատասխանատվություն: Չնայած այսպիսի պատժամիջոցներին, Ամանորից առաջ Գեղարքունիքի մարզի եղեւնու անտառները զանգվածաբար ոչնչացման ենթարկվեցին: Մարզի մի շարք գյուղերում՝ Այգուտում, Դպրաբակում, Թթուջրում, Մարտունիում, Գետիկում, Վահանում, Արտանիշում, գրեթե բոլոր բնակարաններում տոնածառը բնական եղեւնուց էր: Իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե այդ գյուղերի բնակիչներն այնքան են հարստացել, որ կարողացել են իրենց ընտանիքների համար բնական եղեւնի գնել, մանավանդ որ, այս տարի եղեւնու գները բավականին բարձր էին: Պարզապես, իրենց գյուղերին հարակից եղեւնու անտառներն այնքան են անտարբերության մատնված, որ ցանկացած տեղացի կարող է հանգիստ, իր ուզած պահին մտնել անտառ, ընտրել եղեւնին ու առանց որեւէ դժվարության հատել այն: Այդ անտառը գտնվում է վերը նշված գյուղերից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, ավելին՝ նրանցից մի քանիսը, օրինակ՝ Անտառամեջ գյուղը, հենց եղեւնիների մեջ է, ուստի բնակիչները ոչ միայն Ամանորի տոնածառը, այլեւ ողջ ձմռան համար վառելափայտը հենց անտառից են հայթայթում: Երբ գյուղերում հարցուփորձ էինք անում, թե անտառում տեսուչներ չկա՞ն, որպեսզի արգելեն ծառահատումը, գյուղացիները նույնիսկ զարմանում էին, թե ո՞վ կարող է իրենց արգելել այդ անտառից ինչ-որ ծառ կտրել. «Մնացել էր էդ վերահսկեին: Ի՞նչ է, մենք մեր անտառներից մի եղեւնի կտրելու իրավունք չունե՞նք»: Ի դեպ, քանի որ սոճու ծառերը հիմնականում հաստաբուն են եւ հարմար չեն տոնածառի համար, գյուղացիները դրանք հատում են գագաթից: Մասնագետների հավաստմամբ՝ այդ տարբերակով հատման դեպքում ծառը մեծ վնաս է կրում, աճը կանգնում է եւ նման ծառը, փաստորեն, դատապարտված է չորացման:

Ճամբարակի գլխավոր անտառապետ Արամ Եգանյանն «Առավոտի» հետ զրույցում հերքեց, որ իր ենթակայության տակ գտնվող անտառներում անգամ մի փոքրիկ ծառ է հատվել: Ավելին՝ նա վստահեցնում էր, որ Այգուտ, Դպրաբակ, Թթուջուր, Մարտունի կամ Գետիկ գյուղերի հարեւանությամբ ինքը եղեւնու որեւէ անտառ չի հիշում. «Այնտեղ ոչ մի եղեւնի չկա, որ հատեն: Եղեւնիներն աճում են միայն մարզի Վահան գյուղում եւ Ճամբարակ քաղաքի ծայրամասում: Եթե այդտեղի անտառներից որեւէ ծառ պակասած էլ լինի՝ ուրեմն կա՛մ փտած, կա՛մ էլ քամուց արմատախիլ է եղել: Բնականաբար, անտառում ոչ պիտանի եւ աճը կանգնած շատ ծառեր կան, այդ թվում նաեւ՝ եղեւնիներ: Քանի որ որպես վառելափայտ եղեւնին այնքան էլ պիտանի չէ, այդ ծառերը վաճառում ենք գյուղացիներին, որ դրանք օգտագործեն որպես գերաններ՝ գոմերի կտուրները սարքելու կամ այլ նպատակների համար»: Նրա տեղեկացմամբ՝ անտառում եղած նմանատիպ ծառերը կամ սանիտարական հատումներից մնացած ճյուղերը վաճառվում են 1խմ-ն 1300 դրամով: Անտառապետը, բացի այն, որ հերքում էր, որ մեր մատնանշած գյուղերի հարեւանությամբ եղեւնու անտառներ կան, նաեւ վստահեցնում էր. «Որեւէ մեկը չի կարող ապացուցել, որ իմ տարածքներից ծառ է հատվել, քանի որ անտառներում անընդհատ ոստիկանական խմբեր են շրջում, որոնք հատկապես ամանորյա տոներից առաջ խիստ ուժեղ վերահսկողություն են իրականացրել ու ապօրինի ծառահատման ոչ մի դեպք չեն հայտնաբերել»: Պարոն Եգանյանն առաջարկեց իր հետ շրջել գյուղերով ու անձամբ համոզվել, որ ոչ մի հատիկ եղեւնի չի կտրվել: Դեռ ավելին, խիստ պատասխանատու հայտարարություն արեց՝ ասելով, որ եթե նման թեկուզ մեկ ապացույց լինի, ինքը, իր իսկ խոսքերով՝ պատրաստ է ողջ հանրապետությունով մեկ պախարակվելու:

Որպես ապացույց նշենք, որ լուսանկարում պատկերված երիտասարդը հենց այդ անտառից հատած սոճին օրը ցերեկով տանում էր Մարտունի գյուղ: Լուսանկարն արվել է Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 30-ին: Այդ ժամանակ բնակիչներն արդեն անտառը, կարելի է ասել՝ «քաչալացրել» էին: Անտառապետի պահանջած ապացույցները գտնելն այնքան էլ դժվար չէ: Շրջելով ոչ միայն Մարտունի, այլեւ հարեւան գյուղերը, գրեթե յուրաքանչյուր բակում վառելափայտի մեջ կտեսնես մի քանի սոճի կամ եղեւնի:

Ի դեպ, գյուղերի բնակիչները մեզ հետ զրույցում ասում էին, որ եթե նույնիսկ ծառը հատելիս անտառապահին հանդիպեն՝ ծանր չեն տանի. պարզապես մի քանի հազար դրամ կդնեն նրա գրպանն ու կշարունակեն հատել: Շատ դեպքերում բնակիչներն անտառապահի ձեռքից ավելի էժան են պրծնում. ընդամենը 1 շիշ օղի իր «զակուսկիով»՝ եւ հատված ծառն արդեն հեշտությամբ անտառից դուրս կբերեն:

Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանն «Առավոտին» պարզաբանեց, որ անտառներում իրենց կողմից վերահսկողություն չի իրականացվում եւ իրենց վարչությունը կոչված է միայն բնապահպանական օրենքների կատարմանը հետեւելու եւ որեւէ խախտում հայտնաբերելու դեպքում համապատասխան մարմիններին տեղյակ պահելու համար: Այսինքն, եթե նույնիսկ մարզպետարանի բնապահպանության վարչության պետը, որն ի պաշտոնե կոչված է մարզի բնությունը պահպանելու, իր աչքով տեսնի, թե ինչպես են եղեւնու անտառում անխղճաբար ծառեր հատում՝ որեւէ էական քայլ չի ձեռնարկի:

Նշենք նաեւ, որ Գեղարքունիքի մարզ մեր այցելության պահին ականատես եղանք, թե ինչպես են Սեւանա լճի ափամերձ՝ բնության հատուկ պահպանության տարածքներից եղեւնիներ հատում: Արտանիշ գյուղի մերձակայքում Ամանորի նախօրեին 2 տղամարդ փորձում էին «Մոսկվիչ» մակնիշի մեքենայի թափքի մեջ խցկել կտրած ծառերը:

Երբ այս մասին ահազանգեցինք բնապահպանության նախարարությանը, լրատվական ծառայության պետ Արծրուն Պեպանյանը խոստացավ անպայման համապատասխան մասնագետներ ուղարկել այդ տարածք ու ապօրինի ծառահատներին գտնել. «Համապատասխան որոշման համաձայն, Սեւանի ափի 95 հա տարածքը պետք է մաքրվի բոլոր տեսակի ծառերից, քանի որ նախատեսվում է 2008-ին լճի մակարդակը բարձրացնել եւս 20 սմ-ով, հետեւապես նշված տարածքի ծառերը կարող են հայտնվել ջրի տակ եւ ճահճացման պատճառ դառնալ»: Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած անձ կարող է իր ուզած պահին Սեւանի ափից եղեւնի կտրել, դա անելու թույլտվություն ունեն միայն նման հատումների իրավունք ունեցող մասնագետները:

Բուսաբանների հավաստմամբ, եղեւնին չի դասվում արագ աճող ծառերի շարքին: Մեկ մետր բարձրություն ունենալու համար պահանջվում է առնվազն 5-6 տարի: Ու քանի որ հատված եղեւնիների տեղում, որպես կանոն, նորերը չեն տնկվում, ընդամենը մի քանի տարի հետո արդեն իսկ նոսրացած եղեւնու անտառներն ընդհանրապես կվերանան:

Ի դեպ, մարզի մի շարք գյուղերում մեր հարցումների ժամանակ պարզեցինք, որ հարեւան անտառը բնակիչների համար վառելափայտի հիմնական աղբյուր է հանդիսանում: Մարզի որոշ «ազդեցիկ դեմքեր» անտառը ծառահատելու միջոցով բիզնես են անում ու գերշահույթներ ստանում: 1 խմ փայտը տեղի անտառներից հատվում ու վաճառվում է 4-5 հազար դրամով: Եվ մինչ գլխավոր անտառապետը կտեղեկանա, որ մարզի այդ հատվածում հսկայական անտառ կա, այլեւս այդ անտառից ոչինչ չի մնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել