Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվճար» տեղեկանք

Հունվար 12,2008 00:00

Պոլիկլինիկայում հասարակ տեղեկանք վերցնելը հղիների համար լուրջ փորձություն է

Առողջապահության նախարարությանն ամեն տարի պետբյուջեով զգալի միջոցներ են հատկացվում՝ բնակչության հատուկ խմբերի համար անվճար բուժօգնություն կազմակերպելու նպատակով: Նոր տարուց առաջ նախարար Հարություն Քուշկյանը հայտարարեց, որ այս տարվա հատկացումների մի մասն ուղղվելու է հղիների առողջության պահպանմանը, եւ այսուհետեւ հղիության եւ հետծննդաբերական շրջանում կանանց ձեռք բերված հիվանդությունները կբուժվեն անվճար: Ինչ խոսք, դա հաճելի անակնկալ էր հղիների համար, սակայն բոլորս էլ գիտենք, որ միեւնույն է, այդ հիվանդությունների բուժման համար մարդիկ շարունակելու են վճարել այնքան, որքան նախկինում: Պարզապես 2008-ից արդեն վճարումները կկատարվեն կաշառքի կամ «մաղարիչի» տեսքով: Որքան էլ հղիների համար բյուջեով արտոնություններ սահմանվեն, գումարներ հատկացվեն, վերջիններս շարունակելու են շփվել պոլիկլինիկաների ու հիվանդանոցների այն բժիշկների հետ, որոնց մեջ հիվանդից կաշառք պահանջելն արմատացած է, «մաղարիչ» ուզելու հատուկ շնորհքն էլ՝ կարծես թե արյան մեջ է մտել:

Առանց մաղարիչի՝ շարքային պոլիկլինիկայից հասարակ տեղեկանք վերցնելը հղիի նյարդային համակարգը տակնուվրա է անում: Օրինակ, Ամանորից առաջ թիվ 19 պոլիկլինիկայից մի այդպիսի տեղեկանք վերցնելու համար ինձանից պահանջվեց մոտավորապես 5 ժամ: Ըստ տեղամասի, ես հաշվառված էի այդ պոլիկլինիկայում, սակայն որպես հղի՝ կոնսուլտացիայի բժշկիս ընտրել եմ մեկ այլ բուժհիմնարկից՝ «Մալաթիա» բուժկենտրոնից: Այնտեղից ինձ ասացին, որ պետք է պոլիկլինիկայից տեղեկանք բերեմ, ըստ որի՝ ես այնտեղ հաշվառված չեմ: Պոլիկլինիկայի տեղեկատու բաժնից ասացին, որ այդ տեղեկանքի համար պետք է դիմեմ կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Ահարոնյանին: Բաժնի վարիչի մոտ ժողով էր, մոտ կես ժամ դռան մոտ սպասելուց հետո ներս մտա ու տիկին Ահարոնյանին խնդրեցի տեղեկանք տալ: Վերջինս շատ կոպիտ ասաց նախ գնալ Մարգարիտա Մատինյանի կաբինետ, այնտեղ վճարումներ անել, նոր գալ իր սենյակի մոտ սպասել, երբ կվերջացնի ժողովը՝ ներս մտնել: Մատինյանը տեղում չէր: Մոտ 20 րոպե նրա կաբինետի առջեւ սպասելուց հետո երբ հարեւան սենյակների աշխատակիցներից հարցուփորձ էի անում, թե որտեղի՞ց կարելի է գտնել տիկին Մատինյանին, ինձ ասում էին՝ «սպասեք, երբ կգա՝ կգա»: Տեսնելով, որ սպասելն անիմաստ է, նորից իջա առաջին հարկ՝ տեղեկատուից ճշտելու Մատինյանի տեղը: Այնտեղից ինձ ասացին, որ Մատինյանն արձակուրդում է եւ կգա Ամանորից հետո, ու որպեսզի չգնամ, նորից գամ, ուղարկեցին Մատինյանին փոխարինողի մոտ՝ բժշկուհի Վարյայի, նախապես զգուշացնելով, որ նրան պոլիկլինիկայում գտնելը դժվար է. «Փնտրեք, կյաժ մազերով կին է, կարող է գտնեք»: Ամբողջ պոլիկլինիկայում «կյաժ մազերով» տիկին Վարյային որոնելուց հետո վերջապես նրան գտա, սակայն բժշկուհին խիստ զարմացավ, որ այդպիսի տեղեկանքի կամ առավել եւս՝ վճարումներ կատարելու համար իր մոտ են ուղարկել. «Ոչ Մատինյանը, ոչ էլ ես դրա հետ կապ չունենք, գնացեք նորից տեղեկատու բաժին, ճշտեք ձեր տեղամասային գինեկոլոգից ու նրանից պահանջեք տեղեկանքը»: Հասկանալով, որ այդ պոլիկլինիկայում ոչ մի աշխատակից մյուսի գործառույթներից բացարձակապես տեղյակ չէ, նորից գնացի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչի մոտ: Նա այս անգամ ինձ ուղարկեց հաշվապահություն՝ ասելով, որ այնտեղ վճարեմ 1000 դրամ ու կտրոնը տամ իրեն: Հաշվապահության աշխատակցուհին խիստ զարմացավ, որ իր մոտ են ինձ ուղարկել, նա էլ հորդորեց վճարումները կատարել դրամարկղում՝ 2-րդ հարկ: Ի վերջո, կտրոնը բաժնի վարիչին ներկայացնելուց հետո մեկ այլ սենյակում դիմում գրեցի, որ ամուսնացել եմ, իմ բնակավայրը մոտ է «Մալաթիա» բուժկենտրոնին, այդ իսկ պատճառով ուզում եմ պոլիկլինիկայի հաշվառումից դուրս գալ: Դիմումը վարիչին հանձնելուց եւ տեղեկանքի վրա նրա՝ այդքան «ծանր» ստորագրությունը ստանալուց հետո տեղեկանքը վավարեցնելու համար պետք էր նաեւ փոխտնօրեն Ծատուրյանի կնիքը, որը տեղում չէր: Նրան 1 ժամ սպասելուց հետո եւս 20-25 րոպե սպասեցի տնօրենի կաբինետի մոտ՝ նրա կնիքի համար: Մի խոսքով, այդ հասարակ տեղեկանքի համար ես ստիպված եղա ժամերով շրջել պոլիկլինիկայի հարկից հարկ ու նյարդեր փչացնել: Որոշ բժիշկներ, տեսնելով, որ գրեթե բոլոր կաբինետների մոտ սպասում էի ու խիստ հուզված էի այդ բյուրոկրատական քաշքշուկներից, ինձ այդ վիճակից դուրս բերելու համար կատակում էին, որ «ոչինչ, ձեր բալիկին քայլելն օգտակար է»:

Ի դեպ, առողջապահության նախարարությունից ճշտեցի, որ հաշվառումից դուրս գալու համար որեւէ վճարում նախատեսված չէ: Այդ 1000 դրամը սահմանել է պոլիկլինիկան. «Քանի որ դա կոնկրետ բուժծառայության համար մուծում չէ, հավանաբար պոլիկլինիկան իր ներքին կանոնակարգով է նման բան սահմանել»,- ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել