Մի կողմից՝ հայերի ծերացման գնալու խնդիրը, մյուս կողմից՝ գործատուների՝ սոցվճարումներ չկատարելը սոցհիմնադրամի համար օր օրի մեծ դժվարություններ են ստեղծում:
Նախորդ տարեվերջին հայտարարվեց, որ կենսաթոշակները 2008-ին ավելանալու են 60 տոկոսով, որ թոշակառուներն արդեն դժգոհելու պատճառ չեն ունենալու, քանի որ մինչեւ 30 հազար դրամ թոշակ են ստանալու: Այս լուրը թոշակառուներին այնքան էր ուրախացրել, որ շատերը Նոր տարվա բավականին ճոխ գնումներ են կատարել՝ մտածելով, որ իրենց ստանալիք թոշակը դա թույլ է տալիս: Մինչդեռ իրականում 30 հազար դրամ թոշակ այս ամսվանից ստանալու են միայն նրանք, ովքեր 45 տարվա աշխատանքային ստաժ ունեն, իսկ ավելի քիչ տարիներ աշխատածների կենսաթոշակն անհամեմատ ավելի ցածր է կազմելու: Այս մասին «Առավոտի» հետ հարզացրույցում ասաց սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը:
Նշենք, որ այս օրերին մեր խմբագրություն են զանգահարում բազմաթիվ թոշակառուներ ու խնդրում իմանալ, թե իրենց թոշակը կոնկրետ քանի հազար դրամով է ավելացել, քանի որ այդ մասին ինֆորմացիա որեւէ տեղ չեն գտնում: Երբ պարոն Խաչիկյանին փոխանցեցինք թոշակառուների բողոքը, վերջինս տատիկ-պապիկներին առաջարկեց այցելել իրենց ինտերնետային կայքն ու թոշակը հեշտությամբ հաշվել: Մեր այն դիտարկմանը, որ այսօր թոշակառուներն ընդամենը ռադիո կամ հեռուստացույց են դիտում, իսկ համակարգիչն ու ինտերնետն անհասանելի են նրանց՝ հիմնադրամի նախագահն առաջարկեց հետեւյալ բանաձեւը. «Թող աշխատանքային ստաժի տարիները բազմապատկեն 395-ով եւ դրան գումարեն բազային կենսաթոշակը՝ 6,800 դրամ»: Ենթադրենք, մարդն ունի 10 տարվա ստաժ, այդ դեպքում նրա թոշակը կկազմի 10 հազար 700 դրամ: Իսկ եթե տատիկ-պապիկները մաթեմատիկայից թույլ են եւ հաշվել էլ չգիտեն՝ պարոն Խաչիկյանն առաջարկեց պարզապես զանգահարել հիմնադրամ եւ հարցնել:
Համաշխարհային բանկը «Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին» զեկույցում նշել էր, որ Հայաստանի բնակչությունը գնում է ծերացման եւ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա 2025-ին բնակչության շրջանում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվն անհամեմատ կմեծանա: Իսկ դա, ըստ ՀԲ-ի փորձագետների, պետության համար մեծ խնդիրներ կստեղծի՝ կենսաթոշակների հետ կապված: Պարոն Խաչիկյանը նույնպես նկատեց, որ արդեն մեր երկրում մարդկանց կյանքի միջին տեւողությունն աճել է, թոշակառուներն էլ՝ շատացել. «Այսօր Հայաստանում տղամարդու կյանքի միջին տեւողությունը 70 տարի է, իսկ կանանցը՝ 75: Այսինքն՝ հայերը երկար են ապրում: Դա մեծ սոցիալական լարվածություն է ստեղծում պետության համար, գնալով պետությունն ի վիճակի չի լինում այդքան մեծ ծավալի թոշակներ վճարել: Դրա համար թոշակի անցնելու տարիքը գնալով մեծանում է. տղամարդիկ թոշակառու են դառնում 63 տարեկանից, կանայք՝ 61: Դա բնորոշ է աշխարհի զարգացող եւ զարգացած երկրներին: Օրինակ՝ Անգլիայի նման զարգացած եւ մեծ բյուջե ունեցող երկրում թոշակի են անցնում 67 տարեկանից, սակայն շուտով 69 են դարձնելու, որովհետեւ թոշակառուների թիվը բավականին աճել է, եւ պետությունը թեթեւացնում է թոշակ տալու խնդիրը: Աֆրիկյան պետություններում թոշակ տալու խնդիր պետությունը գրեթե չունի, որովհետեւ այդ երկրում կյանքի միջին տեւողությունը 40 տարի է»: Հիմնադրամի նախագահի խոսքերով՝ Հայաստանում թոշակառուները սոցվճարումներ կատարողներից շատ են՝ 525 հազար թոշակառուների համար սոցվճարումներ է կատարում ընդամենը 460 հազար գործատու, ընդ որում, նրանցից շատերը թաքցնում են իրենց աշխատակիցներին եւ խուսափում օրինական սոցվճարումներից. «Օրինակ, Շվեդիայում երեք ոլորտ կա, որտեղ աշխատողներին թաքցնում են՝ տաքսի սերվիսները, ռեստորանները եւ շինարարություն իրականացնող ընկերությունները: Հայաստանում էլ է այդպես: Մեր երկրում մի ֆուտբոլային թիմ կար, որն ընդամենը 7 աշխատող էր գրանցել, իսկ իրականում մենք գիտենք, որ ֆուտբոլային թիմը գոնե 11 հոգուց պետք է կազմված լինի: Իսկ ֆուտբոլիստներն աշխատավարձ են ստանում: Կամ կուսակցություններն ասում են, թե մեզ մոտ կամավորության սկզբունքով են աշխատում, ու աշխատող չեն գրանցում, պարզ է որ իրականում նրանք աշխատավարձով շատ աշխատողներ ունեն: Այդ երեւույթը գրեթե անհնար է վերահսկել: Նախ, քաղաքացին մտածում է՝ թող այսօր աշխատանք ունենա, ու ոչինչ, որ իրեն չեն գրանցում կամ եթե գրանցում էլ են՝ աշխատավարձը ճիշտ չեն գրում, ավելի լավ է այսօր գործ ունենա, քան՝ ստաժ կամ տարիներ հետո՝ բարձր կենսաթոշակ: Գործատուն աշխատողին ասում է՝ քեզ գրանցում եմ ու գրում եմ 50.000 դրամ աշխատավարձ, բայց մի 100.000 կտամ: Եթե աշխատողը հրաժարվի նման գործարքից, իրեն կասեն՝ չես ուզում՝ կարող ես դուրս գալ: Պետք է քաղաքացուն ինչ-որ կերպ շահագրգռել, որ չգնա նման գործարքների»:
Պարոն Խաչիկյանը տեղեկացրեց, որ 2012 թվականին միջին կենսաթոշակը դառնալու է 40 հազար դրամ՝ ներկայիս 21 հազար 800 դրամի փոխարեն: Սակայն կենսաթոշակառուները ժամանակից շուտ չպետք է ուրախանան, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե 4 տարի հետո մեր երկրում գնաճը որքան կկազմի: Եթե այժմ 40 հազար դրամը թոշակառուի համար պատկառելի գումար է, ապա 2012-ին հնարավոր է այդ գումարով մարդիկ կարողանան միայն կոմունալ վճարումները կատարել ու ցամաք հաց ուտել: Այսինքն, ըստ էության, թոշակների ավելացումը տատիկ-պապիկներին կարող է ոչինչ չտալ: