Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ «ԽՈՒԺԱՆ» ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Հունվար 12,2008 00:00

«Ծիծաղի տոնավաճառ» մատենաշարի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը 2007-ի վերջից արդեն անեկդոտների 3-րդ թողարկումն է՝ «Խուժան» անեկդոտներ» խորագրով ներկայացնում զվարճասերներին: Առաջին երկու թողարկումները վերնագրված են «Քաղաքական անեկդոտներ» եւ «101 սրսուռ անեկդոտ ապարանցիների մասին»:

«Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչո՞ւ մասնագիտությամբ լրագրող լուրջ մարդը որոշել է իրեն «նվիրել» անեկդոտներին, Վ. Սարգսյանը պատասխանեց. «Լավ էլ թռնում ա… (ժպտում է): Մատենաշարը ունենալու է շարունակություն: Օրինակ՝ «Գողական» անեկդոտներ, «Կայֆ» անեկդոտներ, «Մենթ»-ական անեկդոտներ, «Անեկդոտներ «նոր հայերի» մասին եւ այլն, որոնցում թարմ ու ծիծաղաշարժ անեկդոտներից զատ կներկայացվեն զավեշտալի պատմություններ, փշոտ մտքեր, ժամանցային, զվարճալի նյութեր, ծաղրանկարներ…»:

«Առավոտի» խնդրանքով Վ. Սարգսյանը ներկայացրեց մի քանի անեկդոտ. «Անգլիացի հանրահայտ դերասան Հարրիկին համոզում էին իր թեկնածությունն առաջադրել պառլամենտական ընտրություններում: Հարրիկը հրաժարվում է՝ ասելով. «Ավելի լավ է բեմի վրա խաղամ նշանավոր մարդու դեր, քան պառլամենտում՝ ապուշի»:

«Արտաշես Գեղամյանը դառնում է հանրապետության նախագահ: Ռոբերտ Քոչարյանն ի սրտե շնորհավորում է նրան:

– Շնորհակալ եմ Ռոբերտ Սեդրակիչ,- հուզված ասում է Գեղամյանը:- Դե, մի լավ խոսք էլ ասա, թե չէ էսա կարթնանամ»:

«Երիտասարդ ապարանցին ոչ մի կերպ չէր համարձակվում առաջարկություն անել իր սիրած ապարանցի աղջկան: Վերջապես մի օր ռիսկ է անում եւ զանգահարում է:

– Ծաղիկ ջան,- ասում է,- ես երկար եմ մտածե ու որոշեր եմ, որ իմ բախտը դու ես: Կամուսնանա՞ս հետս…

– Հա,- ասում է աղջիկը,- բայց ո՞վ ա խոսողը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել