Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոտացիան բացահայտում է թերությունները

Հունվար 12,2008 00:00

Մասնագետների կարծիքով, այս արդյունքը ցույց է տալիս, թե որքանով են արդարացի կազմակերպվել ընդունելության քննությունները:

2006թ. սեպտեմբերի 1-ից «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով՝ ՀՀ բուհերում սկսեց կիրառվել ռոտացիոն համակարգը: Դա այլ կերպ անվանվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցման համակարգ՝ ըստ ուսման առաջադիմության: Պարզ ասած, այն ուսանողը, որը մեկ տարի բուհում սովորելուց հետո կցուցաբերի բարձր առաջադիմություն, հնարավոր է վճարովիից տեղափոխվի անվճար համակարգ, իսկ ցածր առաջադիմություն ունեցողները՝ հակառակը: Այս նորամուծությունը ունի եւ համակիրներ, եւ հակառակորդներ: Որոշ մարդիկ խրախուսում են այս համակարգը, բայց չեն ցանկանում, որ կիրառվի անձամբ իրենց նկատմամբ: Որոշներն էլ կարծում են, որ ռոտացիան կարող է կոռուպցիոն նոր ռիսկերի առիթ տալ: ՀՀ որոշ բուհերում կատարած մեր ուսումնասիրությունները հավաստեցին, որ ռոտացիայի աստիճանն այնքան էլ ցածր չէ: Եթե սա դիտարկենք ընդունելության քննությունների ֆոնի վրա, ապա կհանգենք հետեւյալին՝ որքան ռոտացիայի տոկոսը բարձր է, այդքան ընդունելության քննությունները, մեղմ ասած, օբյեկտիվ չեն անցկացվել: «Եթե ժամանակին բուհ ընդունված լինեին միայն լավ երեխաներ, ուրեմն գործնականում ռոտացիան պիտի տար 0-ական արդյունք»,- կարծում է ՀՊՃՀ ֆինանսական գործունեության, ուսանողական գործերի եւ սոցիալական ծրագրերի գծով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը: Նա նաեւ տեղեկացրեց. «Անցյալ տարի մեր բուհում ռոտացիան շուրջ 30 տոկոս էր կազմում։ Այս տարվա ռոտացիայի արդյունքները, օրինակ, 2-րդ կուրսում 30 տոկոսից էլ ավելի են»: Պրոռեկտորը նշեց, թե դրական կողմերով հանդերձ ինչ վտանգներ կարող է ունենալ նոր համակարգը. «Սա արդարացի համակարգ է, միայն թե կա մի մտավախություն, որ գնահատականներն արհեստականորեն չբարձրացվեն։ Մյուս կողմից էլ, եթե այն իրականացվում է 10-ից ավելի քննությունների եւ ստուգարքների արդյունքների հիման վրա, դժվար թե բարձրացումը զանգվածաբար լինի»: «Առավոտը» պրն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ռոտացիոն համակարգը նոր կոռուպցիոն մեխանիզմների չի՞ հանգեցնի: Այսինքն՝ եթե նախկինում կաշառք տրվում էր ընդունելության քննություններից բարձր միավորներ հավաքելու եւ անվճար համակարգ ընդունվելու համար, ապա հիմա դա կարվի բուհի ներսում՝ բարձր գնահատականներ ապահովելով: «Եթե բաժանելու ինչ-որ բան կա, իհարկե, չեն բացառվում կոռուպցիոն ռիսկերը»,- հայտնեց Լ. Հովհաննիսյանը: ԵՊՀ ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն էլ մեր այդ հարցին այսպես պատասխանեց. «Մարդ պիտի մտածի, արդյոք արժե՞ կաշառք տալ վարձի կոմպենսացիայի համար: Իսկ կաշառք տալիս են չսովորող ուսանողները, սովորողն այդ քայլին չի դիմի: Մյուս կողմից էլ ընդունելության քննությունների ժամանակ անվճար ընդունվելու հավակնություններն ավելի շատ են, հետագայում դրանք մեղմանում են»։ Իսկ թե ինչքանով է ռոտացիոն համակարգը «խփում» ընդունելության քննություններ կազմակերպողների գործին կամ ինչքանով է բացահայտում այդ քննությունների արդարացիությունը, Հ. Ժամհարյանը կարծում է. «Անվճար համակարգ անցնողների մեծ մասը օբյեկտիվ հիմունքներով է հասել դրան: Ռոտացիայի բարձր տոկոսի պատճառ կարող է լինել նաեւ այն, որ այդ երեխաները հետագայում են ծուլացել եւ զիջել իրենց դիրքերը»:

ԵՊՀ-ում անցյալ տարի ռոտացիայի աստիճանը եղել է 35 տոկոս, իսկ այս տարի՝ 32.5 տոկոս: Ռոտացիայի ցուցանիշը բարձր է հատկապես իրավագիտության (57.9%), միջազգային հարաբերությունների (68.5%), տնտեսագիտության (58.9%) ֆակուլտետների 2-րդ կուրսերում, որտեղ առաջին անգամ է կիրառվում ռոտացիան: Անցյալ տարի այս շարքում էր նաեւ աստվածաբանության ֆակուլտետը՝ (83.3%): «Հումանիտար ֆակուլտետներում մրցույթը գերազանցիկների միջեւ է ընթանում: Ֆիզմաթ թեւի ֆակուլտետներում «պարտք» ունեցող ուսանողներն էլ են մասնակցում գործընթացին, եթե մինչեւ ռոտացիայի կիրառումը հանձնել են դրանք: Տնտեսագիտական ֆակուլտետում 60 գերազանցիկ ուսանող պայքարում է 20 անվճար տեղի համար, իրավաբանականում եւս շատ են լավ սովորողները»,- փաստեց Հ. Ժամհարյանը:

Ռոտացիոն գործընթացները քննարկվում են նաեւ ուսանողների շրջանակներում: Երբեմն վատ աչքով են նայում այն ուսանողին, որը «գրավում» է իր կուրսընկերոջ անվճար տեղը: Անդրադարձանք նաեւ ուսանողների արձագանքներին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սիրանույշ Սաֆարյանը խոստովանեց. «Լավ չսովորեցի, դրա համար էլ անցա վճարովի համակարգ: Ինչ վերաբերում է կաշառքին, դա հիմա մի քիչ իրատեսական չէ, քանի որ ուսանողները նախկին պասիվները չեն: Իրենց գնահատականի համար պատրաստ են վիճել դասախոսի հետ»: Որոշ ուսանողներ էլ դժգոհեցին, թե սկզբից իրենց չէին զգուշացրել, որ լուծարքներով «գերազանցիկ» դարձած ուսանողները չեն կարող մասնակցել ռոտացիային, իսկ այս տարվանից՝ առանց տարկետման իրավունքի ընդունվածները կարող են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել