Եվ փոխարենը գուցե քննությունները «ստանան»
Արդեն հրապարակվել է եւ miak.am կայքում էլ զետեղված է տեղեկատվություն այն մասին, որ «ՄԻԱԿ-ը ակտիվորեն ներգրավված է լինելու առաջիկա նախագահական ընտրություններում եւ աջակցելու է նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս համատեքստում, ի թիվս այլ միջոցառումների եւ ծրագրերի, ՄԻԱԿ-ը իրականացնելու է «Դռնեդուռ» ծրագիր՝ մայրաքաղաքի ընտրողներին ծանոթացնելու նախագահական ընտրությունների հետ կապված իր քաղաքական որոշումների եւ մոտեցումների մասին»: Դեկտեմբերի 27-ին էլ «Նիագարա» համալիրում ՄԻԱԿ-ը ազդարարել է «Դռնեդուռ» ծրագրի մեկնարկը, իսկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի օգնական, ՄԻԱԿ-ի հիմնադիր Լեւոն Մարտիրոսյանը՝ կարեւորել ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի դերն ու կատարելիք աշխատանքի նշանակությունը: Հիշեցնենք, որ «պատմական» այդ երեկոյի պատվավոր «Ձմեռ պապ» եւ «Ձյունանուշ» կոչմանն արժանացան ՄԻԱԿ գրասենյակի աշխատակցուհի Անգել Բաղդասարյանն ու բանաստեղծ Արամայիս Սահակյանը:
Մեր տեղեկություններով, ՄԻԱԿ-ի «Դռնեդուռ» ակցիային «զինվորագրված» ուսանողներին, որոնց մեծամասնությունը ԵՊՀ-ից է, ՄԻԱԿ- ը խոստացել է աջակցել քննություններ հանձնելիս: Ավելորդ չէ հիշեցնել, որ ՄԻԱԿ-ի հիմնադիր Լեւոն Մարտիրոսյանի շեֆը՝ Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի նախագահն է, իսկ այդ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ջերմեռանդ ՀՀԿ-ական:
ԵՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը հեռախոսով «Առավոտին» ասաց, որ, իսկապես, ԵՊՀ-ից բազմաթիվ ուսանողներ են ընդգրկված «Դռնեդուռ» ծրագրում, մի 10 հոգու էլ ինքն է անձամբ ճանաչում: Հայտնեց նաեւ, որ ինքն էլ է լսել, թե ՄԻԱԿ-ից խոստացել են ակցիայի մասնակիցներին աջակցել քննություններ հանձնելիս, սակայն նրա խոսքով. «Դա գրեթե անհնար է. ցանկացած պաշտոնյա չի կարող այդքան դասախոսի ասել, այդքան ուսանողի համար բարեխոսել: Ինչ վերաբերում է համալսարանի ուսանողների՝ թռուցիկներ եւ քարոզչանյութեր տարածելուն, դա իրենց կամքն է, կարեւորը նրանք գործունեություն չեն ծավալում ԵՊՀ տարածքում»: Պրն Գրիգորյանը ավելի ուշ առաջարկեց. «Ուզո՞ւմ եք, ինքներդ եկեք, շրջեք ֆակուլտետներով, մթնոլորտից կզգաք, որ նման բան չկա»:
Մեր աշխատակիցը ԵՊՀ ուսանողուհի ներկայանալով զանգահարեց ՄԻԱԿ գրասենյակ եւ հետաքրքրվեց՝ իսկապե՞ս «Դռնեդուռ» ակցիայի մասնակիցը դառնալով՝ բուհում հեշտ կլուծի իր հարցերը:
«Դուք մեր ծրագրում ընդգրկվա՞ծ եք,- հարցրեց Ա. Բաղդասարյանը, ապա բացասական պատասխան ստանալուց հետո հավելեց. «Նախ դուք քարոզչանյութեր չեք տարածելու, այլ տեղեկատվական թերթիկներ: Հետո մեզ մոտ այդ սկզբունքը չի գործում… այդպիսի բան չկա, որ մի բան անեն՝ մի ուրիշ բանի դիմաց… դա արդեն կաշառք ա: Բայց ովքեր աշխատում են մեզ մոտ, նրանց ամեն ինչում ենք աջակցում եւ օգնում ամեն հարցում… Չնայած արդեն շատ եք ուշացել, բայց ամեն դեպքում ձեր կոորդինատները թողեք, ձեզ զանգենք»:
Փաստենք, որ Ա. Բաղդասարյանի ձեւակերպմամբ՝ «տեղեկատվական թերթիկը» իրականում քարոզչաթերթիկ է, ինչպես օրեր առաջ այդ մասին հրապարակվել էր մեր թերթում. «տեղեկատվական թերթիկի» վրա էլ գրված է՝ «Մեր քվեն Սերժ Սարգսյանին, սա՛ է ՄԻԱԿ ճիշտ որոշումը» կամ՝ «10 փոփոխություն, որ ՄԻԱԿ-ը ակնկալում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից»: