Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային իրավական խճանկար

Հունվար 12,2008 00:00

\"\"«Փախուստ Շոուշենկից-2»

Օրերս ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել էր Նյու-Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքի բանտից դեկտեմբերի 17-ին փախած 2 բանտարկյալի, որոնք կենսագործել էին «Փախուստ Շոուշենկից» հոլիվուդյան հայտնի ֆիլմի սցենարը, տեղեկացնում է CNN գործակալությունը: Սպանության համար ցմահ դատապարտված Խոսե Էսպինոզան եւ գողության համար նստած Օտիս Բլանտը փախել են բանտախցի պատի մեջ ամիսներ շարունակ փորած փոքր թունելով: Այն քողարկվել էր հայտնի թոփ-մոդելների պաստառներով: Նրանց հաջողվել էր հաղթահարել նույնիսկ 25 մետր բարձրություն ունեցող էլեկտրական արգելապատը:

Նշենք, որ փախստականների խուցը գտնվել է բանտի «ամենաէլիտար» հատվածում: Ազատազրկվածները թողել էին մի գրություն, որում շնորհավորել են բանտի բոլոր աշխատողների Ամանորն ու Սուրբ ծնունդը եւ հատուկ շնորհակալություն են հայտնել իրենց բանտապահ Ռուդոլֆ Ցուրիկին՝ «գործիքների ապահովման համար»: Դեպքից մեկ շաբաթ անց Ցուրիկը ինքնասպան է եղել: Հանցագործները հունվարի 8-ին եւ 9-ին բռնվել են: Մինչ բռնվելը նրանցից մեկը արդեն Մեքսիկայում էր, իսկ մյուսը անվրդով բնակվում էր բանտին մոտ գտնվող բնակելի շենքերից մեկում:

Ինտերնետ-հետապնդման զոհը

ԱՄՆ-ի գերագույն դատարանը սկսում է աննախադեպ դատավարություն MySpase ինտերնետ կայքի անդմինիստրացիայի դեմ: Կայքի այցելուներից 13-ամյա Մեգան Մայերը ինքնասպան է եղել՝ կայքում իր հասցեին ուղղված վիրավորանքների պատճառով: Գլխավոր մեղադրյալը այս գործում Մեգանի ընկերուհու մայրն էր, որը գրանցվելով MySpace.com կայքում, կեղծ անվան տակ հավատացրել է աղջկան, որ ինքը 16-ամյա բարետես պատանի է: Շփման սկիզբը նորմալ էր, սակայն որոշ ժամանակ անց կեղծանվամբ հանդես եկող կինը, այնուհետեւ նրա աղջիկն ու տղան սկսել են վիրավորել Մեգանին, նրանց միացել են նաեւ չաթի մնացած մասնակիցները, արդյունքում՝ երեխան չդիմանալով վիրավորանքներին, կախվել էր:

Ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող ընկերուհու մայրը եւ կայքի ադմինիստրացիան իրենց մեղավոր չեն ճանաչում: Բայց եթե անգամ մեղավոր էլ ճանաչեին, Քրեական օրենսգրքում նման հոդված չկա:

Սակայն ԱՄՆ-ում արդեն որոշել են Քրօրում լրացումներ անել ինտերնետային գրաքննություն մտցնելու համար: Առաջարկվել է տուգանել $500 կամ 90 օրով ազատազրկել 21 տարեկանից բարձր անձանց՝ նմանօրինակ հանցագործության համար:

Ծովահենները «գազազել» են

XXI դարի ծովային հանցագործները ակտիվացել են հատկապես 2007 թվականին: Ըստ Associated Press-ի, հանցագործությունների քանակը 2006-ի համեմատ աճել է 10%-ով: Այդ մասին օրերս տեղեկացրել է Միջազգային ծովային բյուրոն, նշելով, որ հանցագործությունները հիմնականում «ծաղկել» են Նիգերիայի եւ Սոմալիի, Բանգլադեշի եւ Ինդոնեզիայի ջրային տարածքներում:

Ըստ բյուրոյի զեկույցի, 2007-ին գրանցվել էր մոտ 270 ծովային հարձակում (2006-ին՝ 239): Ծովահենները առեւանգել էին 18 նավ, սպանել էին 5 մարդու, վիրավորել 64-ին, պատանդ վերցրել 292-ին: 3 մարդ անհետ կորել է:

Դպրոցականը՝ սերիական մանիակ

Իրկուտսկ քաղաքի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել 15-ամյա դպրոցականին, որը մեղադրվում էր տարբեր տարիքային խմբերի 8 կանանց բռնաբարության, կողոպուտի եւ թալանի համար: Իրավապահները խոստովանում են, որ նման պատանի մանիակ դեռ չէին տեսել: Հանցագործը խտրականություն չի դրել իր զոհերի տարիքների մեջ. ամենափոքրը դպրոցական էր, իսկ տարեցը՝ 60 անց թոշակառու: Զոհերին դաժան ծեծի ենթարկելուց, բռնաբարելուց, կողոպտելուց հետո չարագործը ավարը հանձնել էր լոմբարդներին կամ իրացրել շուկաներում, որտեղ եւ բռնվել էր:

Անզգույշ շունը

Ըստ Reuters-ի, ԱՄՆ Հյուսթոն քաղաքի բնակիչներից մեկը՝ 46-ամյա Պերի Պրայսը, որսի ժամանակ սպանվել է իր լաբրադոր տեսակի Արթուր անունով շան «ձեռքով»: Որսից վերադառնալիս Պրայսը իր լիցքավորված հրացանը դրել է մեքենայի թափքում, որտեղ գտնվում էր նաեւ շունը: Ընթացքում շունը թաթերով կպել է ձգանին եւ հրացանը կրակել է ղեկին նստած որսորդին՝ մահացու վիրավորելով նրան: Իրեղեն ապացույց ճանաչված հրացանի վրա հայտնաբերվել են շան ոտնաթաթի հետքերը: Շերիֆի խոսքերով, սա ամենաանհավանական դեպքն է իր պրակտիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել