Հանրապետականներն արդեն սկսել են պետական ապարատը ծառայեցնել հօգուտ իրենց
Չինովնիկներն արդեն Գյումրիում ընտրազանգված հավաքելու ուղղությամբ բուռն աշխատանքներ են տանում: Հանրապետականներն ընկած ողջ քաղաքով մեկ՝ նախագահացուների շտաբներ են վարձում ու քարոզչություն տանում: Գյումրիում այդ աշխատանքները հիմնականում կատարում են մարզպետարանի հանրապետական աշխատակիցները: Օրինակ՝ հունվարի 8-ին մարզի Առողջապահության վարչության նորանշանակ պետը՝ Սամվել Ղազարյանը, որը Գյումրիում հայտնի է «ցեբեի Սամվել» մականվամբ, ժողով է հրավիրել՝ առողջապահական հիմնարկների ղեկավարներին խստորեն զգուշացնելով ձայներ ապահովել հանրապետական թեկնածուի օգտին: Նմանապես ակտիվ գործընթացի մեջ է նաեւ Կրթության վարչության պետը՝ նորաթուխ հանրապետական Սահակ Մինասյանը, ում եւ վստահվել է Սերժ Սարգսյանի մարզային շտաբի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, վերջինս էլ իր հերթին շրջայցեր է կազմակերպում մարզի հիմնարկներ՝ աշխատակիցներին ներկայացնելով նախագահացու Սերժ Սարգսյանի առավելությունները: Նշենք, որ նույն Սահակ Մինասյանը ժամանակին նախագահական ընտրություններում անձնվիրաբար աջակցում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Այս առնչությամբ գյումրեցի ՕԵԿ-ականները դժգոհեցին, որ ողջ պետական ապարատը հանրապետականների օգտին է աշխատում: Այդուհանդերձ, ՕԵԿ-ականները «դուխաթափ» չեն լինում եւ համոզված են, որ Շիրակի մարզում իրենց թեկնածուն է անցնելու: ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ Գյումրիի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մենք պայքարող քաղաքական ուժ ենք, եւ մեզ համար ոչինչ չի փոխվել, մայիսյան ընտրությունների ժամանակ էլ ամբողջ իշխանական ապարատը, ամբողջ ուժային լծակը աշխատեց «Հանրապետական» կուսակցության օգտին, սակայն, ինչպես տեսաք, «Օրինաց երկիրն» այս մարզում դարձյալ մեծ հաջողության հասավ, միայն Գյումրիում 17 տոկոս «ջիգյարով» ձայներ վաստակեցինք, որից, կարել է ասել, մի մասն էլ գողացան, այսինքն՝ էդքանը մնաց մեզ: Այսօրվա դրությամբ ցանկացած մեխանիզմներ են մտածում՝ հանրապետական թեկնածուին անցկացնելու: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարել, որ կարողանան տասնյակ հազարավոր անձնագրեր տպագրել: Այս առումով մենք պետք է աչալուրջ լինենք, որ կեղծիքներից խուսափենք: Մենք այս անգամ կհամագործակցենք ընդդիմության մեր մյուս գործընկերների հետ եւ կստեղծենք միավորված շտաբներ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար»:
Մեր հարցին, թե ի՞նչ արդյունքի հասավ ԱԺ ընտրությունների ժամանակ օրինախախտումները նկարահանող «Օրինաց երկրի» նախաձեռնությունը՝ պարոն Մարգարյանը պատասխանեց. «Թեեւ անվանական հրապարակեցինք, թե ովքեր են թաթախված այդ արատավոր երեւույթների մեջ, ոչ մի արդյունքի չհասանք: Ծառերը հատում են՝ դատախազությունն անմիջապես քրեական գործ է հարուցում, բայց այս ծանր հանցագործության համար հանցագործները չպատժվեցին: Սրանից մեծ խայտառակություն չկա: Կարծում եմ՝ նոր ռազմավարություն պետք է մշակել եւ ընտրություններից առաջ պետք է հրապարակել, թե կոնկրետ ովքե՞ր են կեղծիքներ կատարողներն ու կաշառք բաժանողները, օրինակ՝ մարզպետարանի, ոստիկանության անձնագրային բաժնի այսինչ աշխատակիցը, այնինչ բժիշկը, պետք է հրապարակենք, թե ում մոտ է կաշառքի գումարը կուտակված, ո՞վ է բաժանելու եւ այլն: Մենք այլեւս չենք ուզում ունենալ յառլիկով նախագահ, ուզում ենք ունենալ լեգիտիմ, սիրված նախագահ»: Հովհաննես Մարգարյանի կանխատեսմամբ՝ ընտրությունները լինելու են երկու փուլով, եւ վերջին փուլում մնալու է Արթուր Բաղդասարյանը՝ ընդդիմության որեւէ թեկնածուի հետ: