Ինչի պատճառով նրանք ընկնում են ցնցումների մեջ
Արդեն մի քանի ամիս է՝ հոգեկան խնդիրներ ունեցող բազմաթիվ հիվանդներ իրենց բուժման համար նախատեսված օլանզապին դեղամիջոցը չեն ստանում: Սա առաջին դեպքը չէ, երբ այս դեղամիջոցի չլինելու պատճառով հիվանդների բուժումն ընդհատվում է: Ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա:
Օրերս «Առավոտին» էին դիմել հոգեբուժարաններում հաշվառված հիվանդների հարազատները՝ դժգոհելով, որ շուրջ 3-4 ամիս է՝ իրենց հիվանդները պարբերաբար ցնցումների մեջ են ընկնում, քանի որ այլ հոգեմետ դեղերն այնպես չեն ազդում, ինչպես օլանզապինը: Հիվանդների հարազատների խնդրանքով անունները չենք հրապարակում, որպեսզի հետագայում նրանց հիվանդները բժիշկների հետ խնդիրներ չունենան:
Նշենք, որ մի շարք հոգեմետ դեղորայքների հետ մեկտեղ, այս դեղամիջոցն էլ հիվանդներին անվճար տրամադրում է առողջապահության նախարարությունը: Չնայած օլանզապինը դեղատներում ազատ վաճառվում է, սակայն այն բավականին թանկ է՝ 10 միլիգրամն արժե 4 հազար դրամ, ընդ որում՝ հիվանդների մեծ մասը 10 միլիգրամ չափաքանակը պետք է ընդունի ամեն օր: Հիվանդատերերի խոսքերով՝ հոգեկան հիվանդներ ունեցող ընտանիքները հիմնականում սոցիալապես անապահով են եւ այդ թանկ դեղը գնելու հնարավորություն չունեն: Նրանց հաշվարկներով, իրենք պետք է յուրաքանչյուր ամիս 120 հազար դրամ հայթայթեն, որպեսզի իրենց հիվանդի վիճակը չսրվի: «Քանի ամիս է՝ ստիպված պարտք ենք անում, որ այդ դեղը գնենք, բայց այլեւս պարտք անելու տեղ էլ չկա: Մեր հիվանդը մինչ օլանզապին ընդունելը՝ ուրիշ դեղ էր ընդունում, որն ավելի էժան էր, իսկ օլանզապին նշանակելուց հետո վիճակը զգալիորեն լավացավ, կարելի է ասել՝ կազդուրվեց: Մենք բժշկի խորհրդով փորձեցինք մեր հիվանդին տրիստազին տալ, որը նախկինում էր ընդունում, բայց ոչ մի օգուտ չտվեց, քանի որ, բժիշկների ասելով, նրա օրգանիզմն արդեն օլանզապինին է սովորել»,-մեզ հետ զրույցում ասաց հիվանդների հարազատներից մեկը: Մեկ այլ հիվանդատերի խոսքերով էլ՝ իր երեխան 27 տարեկան է, իսկ բժիշկներն ասել են, որ ամբողջ կյանքում պետք է այդ դեղն ընդունի. «Ինչո՞ւ է մեր պետությունը հոգեկան հիվանդների հանդեպ անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, ի՞նչ է, նրանք մա՞րդ չեն: Կամ եթե չէին կարողանալու օլանզապինով միշտ ապահովել, ինչո՞ւ հիվանդներին այդ դեղին ընտելացրին: Օրինակ, ինսուլին ընդունողների դեղը երբեք չեն ուշացնում, իսկ հոգեկաններին արհամարհում են»: Հարազատների ներկայացմամբ՝ անցյալ տարի էլ էր նման խնդիր առաջացել, մոտ 4 ամիս դեղամիջոցը չի տրվել. «Բայց այն ժամանակ մեզ գոնե հույսով էին անում, որ որոշ ժամանակից կլինի, իսկ հիմա բողոքողներիս հիվանդանոցի բժիշկները մատնացույց են անում կառավարության տեղը»:
Այս առնչությամբ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ օլանզապին դեղամիջոցը կլինիկաներում բացակայում է: Ըստ փոխնախարարի, նախարարությունն այդ դեղը դեռ չի հասցրել գնել. «Այդ պրեպարատը շատ թանկ արժե, եթե անգամ չհաջողվի հենց օլանզապին գնել, անպայման մեկ այլ փոխարինող կգնենք, որպեսզի բուժումը շարունակվի: Պետությունն իր հնարավորության սահմաններում անում է ամեն բան, որպեսզի տարբեր աղբյուրների միջոցով այդ դեղամիջոցը ձեռք բերի: Նորից եմ կրկնում՝ դա չափազանց թանկ դեղ է, իսկ նման հիվանդները շատ են: Մենք նաեւ պետք է դիմենք դոնոր կազմակերպությունների կամ փորձենք մարդասիրական ճանապարհով օլանզապինը ձեռք բերել: Այսինքն՝ ամեն ինչ անում ենք դեղն ապահովելու համար»:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ռուսլաննա Գեւորգյանի պարզաբանմամբ էլ, առայժմ նախարարությունը հաշվարկում է դեղերի եւ դրանց գների ցուցակը, ըստ որի պարզ կլինի՝ այս տարի հոգեբուժարաններին օլանզապին կտրամադրվի՞, թե՞ ոչ. «Մենք նախապատվությունը տալիս ենք կյանքի համար խիստ անհրաժեշտ դեղամիջոցներին, առանց որի մարդը կմահանա: Այդ դեղերի ցուցակը կազմելուց հետո, եթե բավարար գումար մնա, ապա նախարարությունն անպայման օլանզապին էլ կգնի: Ներկայումս առողջապահության նախարարությունում մոտ 30 հազար անվճար դեղ ստացող հիվանդ կա հաշվարկված, իսկ եթե մենք այդ 227 հոգեկան հիվանդի համար գնենք այդքան թանկարժեք դեղ, ապա մյուս հիվանդները կտուժեն, այդ պատճառով էլ կփորձենք գնել ոչ պակաս ազդեցություն ունեցող փոխարինող դեղամիջոց»:
Երեկ մեզ հետ զրույցում մի շարք հոգեբույժներ վստահեցրին, որ այսօր օլանզապին դեղամիջոցը շատ հիվանդների բավականին լավ է օգնում: Նրանց ներկայացմամբ, հիվանդներից շատերը ամեն օր այդ դեղն օգտագործելով՝ «ստաբիլ վիճակի են գալիս» եւ անգամ աշխատում են: