Բայց կհաջողվի՞
Դեռ 4-5 օր առաջ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը Աջափնյակ համայնքի Լենինգրադյան 52 հասցեում, բնակելի շենքի առաջին հարկում, ենթաշտաբի գործունեության համար տարածք էր վարձակալել: Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչները տարածքի սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել, կանխավ վճարել էին վարձակալության համար պահանջված գումարն ու տեղավորվել էին: Հունվարի 10-ին Լ. Տեր-Պետրոսյանն անձամբ էր այցելել շտաբ՝ իր համակիրների հետ շփվելու, տարածքի պայմաններին ծանոթանալու համար: Նրա այցը շտաբի հարեւանությամբ գտնվող բնակելի շենքերի բնակիչների մոտ աշխուժություն եւ հետաքրքրություն էր առաջացրել: Մարդիկ իջել էին բակ, հետեւել շտաբում կատարվող անցուդարձին, Տեր-Պետրոսյանի հետ շփվելու ցանկություն ցուցադրել:
Նույն օրը, երեկոյան, «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ, շտաբի տարածքի սեփականատիրոջը, ի դեպ, որին պատկանող գեղեցկության սրահը գտնվում է հենց շտաբի կիպ հարեւանությամբ, «այցելության» էին եկել Աջափնյակի թաղապետ եւ ՀՀ գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը, նաեւ նրանց ուղեկցող ոստիկաններ: Հաջորդ օրը՝ երեկ առավոտյան, գեղեցկության սրահի տնօրեն եւ շտաբի տարածքի սեփականատեր տիկին Էմման Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներին հայտարարել էր, թե փոշմանել է, որ տարածքը տվել է իրենց, եւ պահանջել է դուրս գալ տարածքից, հանձնել բանալիները: Ընդ որում, իբրեւ այդ պահանջի պատճառ նա մատնանշել էր հարեւանների կողմից, իբր, ստացված բողոքները, թե՝ շտաբի անդամները արեւածաղկի սերմերն ուտում եւ շաղ են տալիս տարածքով մեկ, «ժխոր» են անում, կամ՝ իբր, մտահոգություն էին հայտնել՝ բա որ մեկը մի հատ լիմոնկա գցի ու շենքը պայթեցնի եւ այլն: Ի դեպ, այդ պատճառաբանությունը երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ տիկին Էմման: Նա բացառեց, որ այդ պատճառաբանությունները ոչ թե շենքի բնակիչների, այլ՝ հենց իրեն այցելած պաշտոնյաների սպառնալիքներն են եղել, ինչպես մեր զրույցի ժամանակ ակնարկում էին հենց շտաբի մոտ հավաքված տեղի բնակիչներից մեկ-երկուսը: Տիկին Էմման չխոստովանեց նաեւ, թե իր վրա սույն այցելուների կողմից ճնշումներ են բանեցվել: Նա միայն ասաց. «Ինձ ճնշողներ չեն ծնվել, ես շատ ինքնուրույն անձնավորություն եմ, ոնց ուզում եմ՝ տենց էլ ապրում եմ»: Նա երեկ նաեւ հավելեց, թե իր՝ տարածքը ազատել տալու որոշումը վերջնական է, որովհետեւ, ինչպես ինքը ձեւակերպեց՝ «ես կապռիզ ունեմ: Ես, որ մի բան որոշում եմ՝ էլ ոչ մի խաղեր, պայքար չկա»:
Այդուհանդերձ, շենքի բակում եղած մարդիկ, որոնք արդեն գիտեին «վերջին նորության» մասին եւ վրդովված էին տեղի ունեցածից, թեեւ խուսափեցին անունով ներկայանալ, բայց մեզ հետ զրույցում ասացին, որ ոստիկանները նախորդ՝ Լ. Տեր-Պետրոսյանի գալ-գնալուց հետո անգամ «զրույցներ» են ունեցել իրենց այն հարեւանների հետ, որոնք «համարձակվել» էին մոտ գնալ շտաբին կամ ակտիվություն ցուցաբերել: Մեր զրուցակիցները նաեւ մեզ էին ուզում հուսադրել, թե՝ «ոչինչ, սրանց (իշխանություններին) ու Էմմային մենք ենք ստեղից քշելու, դրանք գլխների գալիքը չգիտեն»:
Հայրենի իշխանությունները՝ ի դեմս նաեւ թաղապետի, պատգամավորի եւ իրավապահների, երեւի մոռացել են իրենց բուն գործառույթները, նաեւ այն, որ երկրի նախագահի ընտրությունները ո՛չ Տեղական ինքնակառավարման մարմինների, ո՛չ էլ պատգամավորի ընտրություններ են, որ կարողանան մարդ վախեցնել, անաղմուկ ու «տնավարի» հարցեր լուծել, նախընտրական շտաբ փակել տալ ու մնալ անպատիժ: Ի վերջո, երեկվանից Հայաստանն արդեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների մանրադիտակի տակ է: