10 տարվա լռությունից հետո երեկ առաջին անգամ հրավիրած իր ասուլիսում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը, որն առաջինն էր ոչ միայն նրա՝ որպես ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում, այլեւ՝ 1997-ի սեպտեմբերի 25-ից ի վեր: Ասուլիսը տեւեց ավելի քան մեկուկես ժամ: Առաջին նախագահին ուղղված հարցերը բազմաբնույթ էին եւ բազմաթիվ, ուստի կներկայացնենք դրանցից՝ նախեւառաջ Լ. Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունների եւ դիտարկումների տեսանկյունից, ամենաուշագրավները: Բայց մինչ դրանց անդրադառնալը՝ հավելենք, որ ասուլիսն անցավ բավականին աշխույժ մթնոլորտում՝ համեմված կատակներով եւ անբռնազբոս ծիծաղներով: Դրանցից մեկը հատկապես երկարատեւ էր, եւ դահլիճը մի երկարատեւ ժամանակ չէր կարողանում ծիծաղից «ուշքի գալ», երբ «Ռեգնումի» թղթակիցը ՀՀ առաջին նախագահին ուղղած իր հարցադրման հենց առաջին բառերից հետո՝ «երբ դառնաք նախագահ…», հանկարծ փռշտաց: Դահլիճը պայթեց ծիծաղից, իսկ ներկաներից մեկն էլ ռեպլիկ արեց՝ «էդքան էլ ճիշտ»:
«Արմինֆո»- Պարոն Տեր-Պետրոսյան, դուք 10 տարի լռություն պահպանեցիք: Ի՞նչը ձեզ ստիպեց, այնուամենայնիվ, խախտել այդ լռությունը եւ մասնակցել առաջիկա ընտրություններին:
– Ասում են՝ մինչ այդ էլ կային պահեր, երբ դրա անհրաժեշտությունը կար: 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ ինձ ուղղված բազմաթիվ դիմումներ են եղել, նույնիսկ փորձել են հիմնավորել, որ անհրաժեշտ է, որպեսզի ես մտնեմ նախագահական ընտրարշավի մեջ, բայց ես կտրականապես մերժել եմ՝ հասկանալով, որ դեռ իմ ժամանակը չէ: 2003-ը Ստեփան Դեմիրճյանի աստեղային ժամն էր: Եթե ես մտնեի էլ պայքարի մեջ, որեւէ շանս՝ այդ ընտրություններում հաղթելու համար, չէի ունենա: Առավել եւս կխանգարեի Ստ. Դեմիրճյանին, ինչը բացարձակապես սխալ կլիներ ե՛ւ ինձ, ե՛ւ մեր երկրի համար: Կհարցնեք՝ բա ի՞նչ է փոխվել հիմա: Հիմա որոշ բան փոխվել է: Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ ընդդիմությունը, չէի ասի հուսալքվել, բարոյալքվել, բայց կորցրել է քաղաքական գործոնի իր դերը, որը մինչ այդ ուներ: Գուցե դա խաբուսիկ էր, բայց առնվազն չէր երեւում այն ուժը, այն թեկնածուն, որը կարողանար հաղթահարել ներկա իշխանություններին եւ թույլ չտար նրա վերարտադրությունը: Այսօր ես պայքարի մեջ մտա իմ պարտքը կատարելու համար: Սա խղճի հարց չէ, սա հստակ քաղաքական գիտակցություն է, մանավանդ՝ նկատի ունենալով, որ ես էլ որոշակի մեղք ունեմ այս վարչախմբի գոյության համար: Վերջին հաշվով ես եմ այդ մարդկանց հրավիրել Հայաստան, ու թեեւ պատասխանատու չեմ՝ դրանից հետո նրանք ինչ պաշտոններ են զբաղեցրել, ընտրվել կամ չեն ընտրվել հանրապետության նախագահ, բայց փաստ է, որ եթե ես նրանց չհրավիրեի Հայաստան, նրանք այսօր մեր գլխին նստած չէին լինի: Ուրեմն՝ սա էր իմ խնդիրը, եւ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, եթե կարողանամ համոզել մեր ժողովրդին, ձեզ, մեր հասարակությանը, որ այս իշխանությունները չարիք են: Կարծում եմ, միայն մղձավանջային երազներում կարելի է պատկերացնել այս վարչախմբի եւս 10 տարվա իշխանավարությունը: Ես չեմ ուզում ապոկալիպտիկ տեսարաններ նկարագրել, բայց որ մենք շատ դժվարությունների, շատ փորձությունների ենք հանդիպելու այդ պարագայում՝ բացարձակապես չեմ կասկածում: Անձնական առումով ես որեւէ ակնկալիք, որեւէ հավակնություն չունեմ: Ես լիովին ինքնաբավ մարդ եմ, մինչեւ 1988-ն էլ այդպիսին եմ եղել՝ զբաղվել եմ գիտությամբ, եւ դա ինձ մեծագույն հաճույք է պատճառել:
«Ժամանակ Երեւան»- Արդյոք կա՞ արդեն այն թիմը, որը ձեր՝ նախագահ դառնալու դեպքում կազմելու է ապագա կառավարությունը, եւ եթե այո, ապա հնարավո՞ր եք համարում գործող իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկի կամ ոմանց ընդգրկվելը այդ կազմում:
– Ո՞վ է լինելու իմ թիմը: Այստեղ որեւէ գաղտնիք չկա: Կարեւոր չեն կոնկրետ անձերն ու նրանց՝ հետագայում զբաղեցնելիք պաշտոնները: Ցանկացած ընտրություն, որը ինչ-որ ձեւով վերածվում է քաղաքական շարժման, ունենում է իր առաջնորդները: Նրանք այսօր ձեր աչքի առջեւ են: Իշխանության են գալու այն ուժերը, որոնք այսօր իմ կողքին են, սատարում են ինձ: Եվ սկզբունքը լինելու է հետեւյալը՝ յուրաքանչյուրը այս շարժման մեջ, մեր հաղթանակի մեջ ներդրած ջանքերի չափով պետք է հատուցվի համապատասխան պաշտոններով՝ մեր պետական աստիճանակարգում: Ինչ վերաբերում է, թե իմ հաղթանակից հետո արդեն նախկին իշխանությունից որեւէ մեկը կշարունակի՞ պաշտոնավարել՝ իհարկե, կշարունակի: Չեմ կասկածում, որ հիմա՝ ներկա, մի քիչ հետո՝ նախկին իշխանությունների կազմում, մանավանդ՝ միջին եւ ավելի ստորին օղակներում, կան բավականին արհեստավարժ մասնագետներ, որոնք պետք է շարունակեն իրենց գործունեությունը: Այդ աշխատողները, որոնք իսկապես լուրջ պրոֆեսիոնալներ են, անհանգստանալու որեւէ խնդիր չունեն:
«Արմենիան ռիփորթեր»- Ինչպե՞ս եք անելու, որ փետրվարի 20-ին ձեր ստացած ձայների տերը լինեք՝ ելնելով այն իրողությունից, որ ժողովրդի մոտ ձեւավորված կարծիք կա, որ 96-ից սկսած ընտրությունները կեղծվում են, եւ իշխանության չեն գալիս մարդիկ, ովքեր իրականում ընտրվել են:
– Ես այդ հարցը ընդհանրապես չեմ հասկանում: Ֆանտաստիկ հարց է: Այդ հարցը տվողն ինքը պետք է տեր կանգնի իր ձայներին: Կա պետություն, կա ՍԴ, կա դատախազություն, ԿԸՀ: Նրանց գործն ի՞նչ է: Նրանց գործն է տեր կանգնել ժողովրդի ձայներին: Մինչեւ այդ գիտակցությունը չլինի, ոչինչ չի փոխվի մեր երկրում: Ինչ վերաբերում է, թե ինչ եմ ես անելու, երբ տեսնեմ, որ փետրվարի 20-ին ընտրությունները կեղծվել են: Ես անելու եմ այն, ինչ արել եմ մինչեւ հիմա: Գիտակցելով իմ իրավունքները, քաջ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենքներին՝ ես անելու եմ այդ օրենսդրությունից բխող բոլոր քայլերը, բոլոր՝ ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ: Սա է լինելու իմ ճանապարհը: Ես ցանկապատեր չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չեմ ջարդելու:
«Հայոց աշխարհ» – Ի՞նչ կանեք, եթե առաջիկա ընտրություններում դուք պարտվեք, եւ այդ ընտրություններին միջազգային դիտորդները դրական գնահատական տան:
– Միջազգային դիտորդները ինչ կասեն, ինչ չեն ասի՝ դա իրենց կարծիքն է: Դա վերին ատյան չէ: Դուք գիտեք, որ հրաշալի կարծիքներ կային 2007թ. ԱԺ ընտրությունների մասին: Գնացեք փողոց եւ հարցրեք ժողովրդին, թե այդ կարծիքների մասին ի՞նչ կարծիք ունի: Կամ՝ հանրաքվեի մասին: Մենք մեր խնդիրը լուծում ենք մեր պետության մեջ: Ինձ համար նշանակություն չի ունենա, թե ինչ կասեն միջազգային դիտորդները: Մեր օրենքներով, մեր ունեցած թեկուզ փոքրիկ ազատությունների սահմաններում մեր հարցերը պետք է լուծենք:
«Առավոտ» – Սեպտեմբերի 21-ին դուք հայտարարեցիք, թե դեռ չեք որոշել՝ վերադառնալո՞ւ եք քաղաքականություն կամ առավել եւս՝ դնելո՞ւ եք ձեր թեկնածությունը: Ասացիք նաեւ, որ դեռ ուսումնասիրում, կշռում, քննում եք, որ ձեր որեւէ որոշումը լինելու է զուտ քաղաքական՝ առանց էմոցիաների, եւ մինչեւ չիմանաք ձեր քայլերի արդյունավետությունը՝ ոչ մի քայլ չեք անի: Ակնարկեցիք նաեւ մթնոլորտի, տրամադրությունների փոփոխության կանդիցիայի հասնելու մասին: Ձեր առաջադրման պահին արդեն կա՞ր արդյոք այդ կանդիցիան, եւ քաղաքական ի՞նչ հաշվարկների հիման վրա որոշեցիք, այնուամենայնիվ, առաջադրվել:
Երկրորդ, օրերս ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց, թե ձեր ծրագրում ԼՂ մասով ոչ մի նորություն չկա, իսկ ժամանակին խնդրի լուծման ձեր առաջարկած տարբերակում ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին որեւէ խոսք անգամ չկար, մինչդեռ այսօր առկա առաջարկներում դա գրված է սեւով սպիտակի վրա:
– Եթե ես չեմ մեկնաբանում Սերժ Սարգսյանին, Վարդան Օսկանյանին՝ 100 տարի էլ անցնի՝ չեմ մեկնաբանի: Ես արտահայտել եմ իմ տեսակետը, ներկայացրել եմ իմ գնահատականները ՀՀ արտաքին քաղաքականության մասին ոչ թե իրեն, այլ մեր ժողովրդին, ինքն էլ ներկայացրել է իր գնահատականները: Թող ժողովուրդը ընտրի, թե որն է ճիշտը: Ես որեւէ հավակնություն չունեմ վերին ճշմարտություններ արտահայտելու: Ժողովրդավարության իմաստը ոչ թե բանավիճելն է, այլ ժողովրդին տեսակետներ ներկայացնելը: Դատավորը, ժյուրին, մանավանդ՝ ընտրական գործընթացում ժողովուրդն է, ընտրողը, քաղաքացին եւ ուրիշ ոչ ոք: Ես չեմ ուզում նորից ծավալվել, թե Ղարաբաղի հարցում ես ինչ եմ ասել, ինչ չեմ ասել: Չեմ էլ ուզում մանրանալ: Կարող էի հուշեր պատմել, թե ինչ դեր է ունեցել Վարդան Օսկանյանը հենց փուլային տարբերակի կազմավորման շրջանում, թե ինչպես նա եղել է փուլային տարբերակի «հայրերից» մեկը, գլխավոր ճարտարապետներից մեկը, գլխավոր բանակցողը Հայաստանի կողմից: Միջազգային հանրությանը մեր բոլոր պատասխանների հեղինակը, անձամբ հեղինակը այդ փաթեթի: 1998-ին Անվտանգության խորհրդի նիստում միակ մարդը, որը կրծքով մինչեւ վերջ պաշտպանում էր փուլային տարբերակը, դա նույն Վարդան Օսկանյանն էր: Հիմա 10 տարվա մեջ պատմությունը կեղծել, շրջել… Այդքանը բավական է:
Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ փոխվեց իմ տեսակետում. չեմ փոխել: Սեպտեմբերի 21-ը մի պահ էր, երբ ես իսկապես չէի կողմնորոշվել: Օգնեցին կողմնորոշվել այն բաները, որոնց պակասը ես այդքան ժամանակ զգում էի: Ասացի չէ՞՝ եթե տեսնեմ կոնդիցիայի գալիս է, եթե տեսնեմ իմ խոսքը անհրաժեշտ է, եթե պետք է, որ ես մտնեմ այս շարժման մեջ: Ուրեմն՝ այդ բաները եղել են: Մարդկանց հետ շփվելով՝ այո, հանրահավաքներով: Առաջին հանրահավաքում ես դեռեւս չէի ուզում հայտարարել իմ թեկնածությունն առաջադրելու մասին: Առաջին հանրահավաքն ինձ համար քիչ էր: Այնտեղ կարող էր էմոցիոնալ պահ լինել: Ես չէի ուզում հենվել էմոցիաների վրա: Դա կարող էր հետաքրքրության պահ լինել՝ մարդիկ 10 տարի չէին տեսել, կարող էին մտածել՝ գանք, տեսնենք՝ ինչ է ասում: Եթե եկել էին՝ դա դեռ չէր նշանակում, որ ես նրանց համոզել եմ, որ իրենք իմ աջակիցն են: Ոչ: Մեկ հանրահավաքով դա չէր կարելի հաշվարկել: Բայց երբ տեսա, թե ինչպես արձագանքեցին իշխանություններն այդ հանրահավաքին, ինչ վայրագություններ գործեցին իմ համակիրների նկատմամբ: Նրանց նպատակն այն էր, որ իմ համակիրներին վախեցնեին, եւ ես ընդհանրապես հրաժարվեի առաջադրվելու մտքից: Նրանք ընկան իրենց լարած թակարդը: Ես դրա համար անմիջապես հայտարարեցի, որ կարող եմ գրանցվել, որպեսզի դադարեցնեմ այդ վայրագությունները: Եվ հետագայում, որքան էլ դա զարմանալի է, դրանք նվազեցին: Ավելի են նվազելու: Դա վերանալու է: Այս համակարգը՝ ուժային, անվտանգության, հարկային, 10-20 օր հետո բացարձակապես չի ենթարկվելու Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Անգամ Հանրային հեռուստատեսությամբ լինելու են դիսիդենտներ, կտեսնեք: 10-20 օր հետո այնտեղ այնպիսի գեղեցիկ մարդիկ են հայտնվելու, «Հայոց աշխարհում» էլ: