Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Գյուլը, մասնավորապես, առանձնազրույց է ունեցել ԱՄՆ-ում գործող «Anti-Defamation League» (Միություն՝ ընդդեմ զրպարտության, ADL) հրեական կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանի հետ: Վերջինս Թուրքիայի նախագահին վստահեցրել է, որ իրենք շարունակելու են ընդդիմանալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 106 բանաձեւի ընդունմանը: «Սա արդեն դադարել է հարց լինելուց: Իրականում սա մեզ համար հարց չէ: Թուրքիան եւ մենք այս խնդրում ունենք ընդհանուր մոտեցում, եւ մենք շարունակելու ենք դեմ հանդես գալ այդ օրինագծին: Մենք օրինագծի նկատմամբ ունեցած մեր դիրքորոշումը չենք փոխել ու չենք էլ պատրաստվում փոխել: Մենք դեմ ենք, որ այս թեմայի նկատմամբ քաղաքական մոտեցում ցուցաբերվի»,- հայտարարել է Աբրահամ Ֆոքսմանը:
ADL-ի նախագահն իր աջակցությունն է հայտնել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու՝ Թուրքիայի հայտնի առաջարկին եւ նշել, որ «հայկական պնդումները» պետք է ուսումնասիրվեն միայն այդ հանձնաժողովի շրջանակներում: «Անցյալին չպետք է նայել քաղաքական տեսանկյունից»,- հավելել է ADL-ի նախագահը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի օգոստոսին ADL հրեական կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանը Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի դեմ իրականացված ոճիրը ճանաչել էր որպես ցեղասպանություն՝ այդ հարցում հիմնովին փոխելով ADL-ի երկար տարիների քաղաքականությունն ու որդեգրած դիրքորոշումը:
«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահը Նյու Յորքում ընդունելության է արժանացել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրաքի ներքին իրադրությանը, ինչպես նաեւ Կիպրոսին վերաբերող հարցեր: Աբդուլլահ Գյուլն ընդգծել է Իրաքի տարածքային ամբողջականության կարեւորությունը եւ նշել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել ՄԱԿ-ի նախաձեռնած` Իրաքում իրականացվող վերակառուցման ծրագրերին: Ինչ վերաբերում է Կիպրոսին, այս առնչությամբ Թուրքիայի նախագահն ընդգծել է, թե իրենք ակնկալում են, որ ՄԱԿ-ը խնդրո առարկա թնջուկի կարգավորման համար 2008 թվականին հանդես կգա ավելի ակտիվ նախաձեռնություններով: «Զաման» օրաթերթի տվյալներով, հանդիպման ընթացքում կողմերը չեն անդրադարձել Թուրքիայի կողմից իրականացվող անդրսահմանային ռազմական գործողություններին: