Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ծնողը՝ երեխայի հետ

Հունվար 12,2008 00:00

Այդպես, ըստ Արամ Հարությունյանի, պետք է հարաբերվեն նախագահն ու քաղաքացին

«Ազգային համաձայնության ժամանակն է», «Հանուն հավերժական Հայաստանի», «Ես կլինեմ ոչ միայն բոլորի, այլ նաեւ յուրաքանչյուրի նախագահը». նախագահական ընտրություններին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այս կարգախոսներով կմասնակցի: Վերջին կարգախոսը հանրահայտ Էդիտ Պիաֆի խոսքերից է փոխառնված՝ «Ես երգում եմ ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի համար»: «Նախագահն ու քաղաքացին պետք է լինեն ինչպես ծնողը՝ երեխայի համար կամ երեխան՝ ծնողների: Ծնողն ամեն ինչ անում է երեխայի համար, երեխան էլ հավատում է ծնողին: Ինչպես ժամանակին գնում էին Մոսկվա… այնպես էլ քաղաքացին պետք է իմանա, որ երկրում կա գոնե մեկը՝ ում կարող է դիմել»,- երեկ հայտարարեց նախագահի թեկնածուն: Արամ Հարությունյանը հրապարակեց նաեւ իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները: Ըստ նրա, այն, ինչով ինքը տարբերվում է մյուս թեկնածուներից, հետեւյալն է՝ տնտեսական պառլամենտի հիմնում, ընտրական համակարգի բարելավում, հարկատեսակների թվի նվազեցում եւ այլ հստակեցումներ, բանկային համակարգի փոփոխություններ, ներդրումներ, խթանող օրենսդրական դաշտի ստեղծում, հակամենաշնորհային քաղաքականություն, գիտական նվաճումների կիրառում արտադրությունում: Տնտեսական պառլամենտի հիմնումը, որտեղ ձեռներեցները հայտնվելու են ըստ իրենց վճարած հարկերի, սոցներդրումների եւ ընդհանրապես ազգին տված օգուտների, ըստ Արամ Հարությունյանի, հնարավորություն կտա տարանջատելու տնտեսական եւ քաղաքական իշխանություններին, ինչպես նաեւ գործարարներին կշահագրգռի գործել հարկային դաշտում: Երկրի քաղաքական իշխանության հետ հարաբերություններն օրենքով կկարգավորվեն: Տնտեսական պառլամենտի գործունեությանը պետությունը կարող է միջամտել միայն ազգային անվտանգության հարցերի հետ կապված:

Բոլոր թեկնածուների նման Արամ Հարությունյանն էլ համոզված է, որ արդար ընտրությունների դեպքում՝ եթե առաջին փուլում չհաղթի, ապա երկրորդում ինքն անպայման կլինի: Իր առավելությունը մյուս թեկնածուներից նախկին ԱԻՄ-ական Արամ Հարությունյանը համարում է իր սկզբունքայնությունը՝ «թե կուսակցության ներսում, թե… որեւէ անգամ ընտրություն չեմ կեղծել, ում գովել եմ՝ հետո չեմ փնովել, եթե կոնկրետ փաստ չի եղել: Մինչդեռ շատերն այսօր չեն կարող բացատրել՝ ինչու են իրար հետ կամ ինչու իրար հետ չեն»: Ա. Հարությունյանը հիշում է, որ 2003-ին մարզերում իրեն անընդհատ ասել են, թե կցանկանային իրեն ձայն տալ, բայց Քոչարյանին հաղթելու Ստեփան Դեմիրճյանի շանսերը մեծ էին, նրան են ձայն տվել. «Ո՞ւր է այսօր Ստեփան Դեմիրճյանը եւ նրա 40 տոկոսը, ո՞ւր են «Արդարության» մյուս անդամները…»:

Արամ Հարությունյանը սոցհարցումներին չի հավատում, քանի որ իրեն դեռ 2003-ին «մոտեցել՝ ասել են. գումար տուր՝ ռեյտինգդ բարձր գրենք»: Ասում է նաեւ, որ այսօրվա բարձր ռեյտինգ ունեցողները խուսափում են իր հետ բանավեճից: Անուններ, սակայն, չի տալիս: Նա վստահ է, որ Տեր-Պետրոսյանը երկրորդ փուլում չի հայտնվի: Ընդհանրապես պարոն Հարությունյանի ելույթի զգալի մասը նվիրված էր առաջին նախագահի քննադատությանը՝ Պառավաքարից սկսած մինչեւ մեր օրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել