«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը եւ նրա կուսակիցները վստահ են, որ պարոն Գեղամյանի «Արարման ծրագիրը» դառնալու է համաժողովրդական ծրագիր:
ԱՄ գրասենյակում երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ԱՄ-ականներն ամենայն մանրամասնությամբ անդրադարձան նախընտրական քարոզչության շրջանում իրենց անելիքներին: Արտաշես Գեղամյանն ասաց, թե հորդորում է նախագահի բոլոր թեկնածուներին, որ «կենտրոնանան միայն եւ միայն ծրագրային բանավեճերին, որ թարգ տան անձնական վիրավորանքների շարանին: Սա մենք հորդորում եւ խնդրում ենք, գիտակցելով, որ գերխնդիրը, մեր պատկերացմամբ, որ դրված է ցանկացած քաղաքական ուժի առջեւ, այն է, որ փետրվարի 20-ից ազգը էլ ավելի կոնսոլիդացված հանդես գա, որ փետրվարի 20-ից ցանկացած հայ մարդ ցանկացած հայ մարդու մեջ բարեկամ տեսնի եւ ոչ թե թշնամանք սերմանվի, եւ ազգը պառակտեն: Հիմա էլ հայաստանցի-ղարաբաղցի խիստ վտանգավոր թեզը հրապարակ իջեցնեն, որով ուզենան վերջնականապես խաթարել ազգի միաբանությունը՝ դուռ բացելով մեր դարավոր թշնամիների առաջ»:
Մամուլի ասուլիսում ամենից շատ խոսվեց ոչ թե պարոն Գեղամյանի եւ վերջինիս ծրագրի, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Կարապետյանը հայտարարելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակ իջնելը «իշխանական պրոյեկտ է», նաեւ ասաց. «Պարզից էլ պարզ է, որ նախագահի թեկնածուներից ամենախոցելին եւ ամենաանհեռանկարայինը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մարդ, որը իր իշխանավարության տարիներին եւ ժողովրդին, եւ մեր պետականությանը հասցրեց անդառնալի կորուստներ: Խնդիրը, որ ցանկանում են լուծել իշխանությունները, մեկն է՝ ամեն գնով խոչընդոտել Գեղամյան քաղաքական գործչին, որը հետեւողականորեն տարիներ շարունակ սկզբունքային քննադատության է ենթարկել թե նախկին, թե գործող իշխանություններին, մարդու, որին այդպես է չկարողացան ոչ կոտրել եւ ոչ էլ կաշառել՝ ոչ նախկինները եւ ոչ էլ գործողները: Եվ այն, որ Տեր-Պետրոսյանը իշխանական պրոյեկտն է, ապացուցվում է թեկուզ այն փաստով, որ տերպետրոսյանական մամուլում Գեղամյանի հասցեին զրպարտությունները «տիրաժավորվում» են իշխանամետ հեռուստաընկերությունների մամուլի տեսություններում»:
Կուսակցության փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը անդրադարձավ ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին ու ասաց. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը (հիշեցնենք, որ ասել էր, թե բացի այս երկու կուսակցությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածուներից, մնացած թեկնածուները իշխանությունների պատվերն են կատարում- Մ. Ե.) ընդունում եք հալած յուղի տեղ, եթե ասում եք, որ նա իր ասածների համար լուրջ հիմքեր ունի, գուցե տղամարդկություն ունենաք, կանգնեք եւ միանգամից ասեք, որ դուք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից եք: Հակառակ դեպքում, եթե մենք էլ առաջնորդվենք ձեր տրամաբանությամբ, մենք էլ կարող ենք ասել՝ միգուցե լուրջ հիմքեր կան, այն պայմաններում, երբ հենց Տեր-Պետրոսյանի կողմից ուղղորդվող լրատվամիջոցները բազմաթիվ հոդվածներ տպագրեցին, որոնցում ուղղակի մեղադրում են Դաշնակցությանը «Դրոյի» գործով: Բայց մենք չասեցինք, չէ՞, լուրջ հիմքեր ունեն: Կամ, Արթուր Բաղդասարյանի հետ կապված, թերթերից մեկի (անունը նշեց- Մ. Ե.) դեկտեմբերի 5-ի համարում տպագրված հոդվածն ամենավատ բաներն էր գրել Արթուր Բաղդասարյանի հասցեին (Արտաշես Մամիկոնովիչը հավելեց՝ «ամենաստոր եւ անընդունելի»- Մ. Ե.), բայց մենք երբեք չասեցինք, չէ՞, ուրեմն այդ բաները գրելու հիմքեր են եղել: Մենք չասեցինք, որովհետեւ մեզ գործընկերոջ պես ենք պահում»:
Գագիկ Թադեւոսյանը իր հերթին շարունակելով թեման՝ հայտարարեց, որ իրենք պատրաստ են ակտիվ հակաքարոզչություն իրականացնել այն դեպքում, եթե մրցակիցները փորձեն քարոզչությունը տեղափոխել կոմպրոմատների եւ մեղադրանքների դաշտ. «Մենք կարող ենք ասել՝ ով՝ ով է, մենք կարող ենք ազգայինը շահարկողների ապազգային դեմքը ցույց տալ, իշխանություն լինելով՝ ընդդիմություն ձեւացողների մասին կարող ենք խոսել, պլագիատի վարպետների կամ գաղափարի գողերի մասին կարող ենք խոսել, երկիրը վտանգավոր ճանապարհով տանողների մասին կարող ենք խոսել, ինչու չէ, նաեւ կարող ենք ասել, այո, մեր երկրին թոռոմած ծաղիկներ պետք չեն, առավել եւս՝ արհեստական ճանապարհով աճեցված եւ վարկաբեկված թոռոմած ծաղիկներ, պետք չեն իշխանության մեջ վարկաբեկվածներ, քաղաքական ցոգոլների մասին էլ չեմ ասում»: Այս խոսքից հետո կուսակցության լիդերը դարձյալ միջամտեց եւ ասաց. «Առանցքը սա է՝ դավայտե ժիտ դրուժնո, այս դեպքում տուժողը մենք չենք լինելու, ոչ հնի արյան մեջ ենք շաղախված, ոչ նորի հանցավոր դրսեւորումների»:
«Առավոտը» խնդրեց կարճ գնահատել Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի մի քանի կետեր, մասնավորապես այդ մասերում խիստ քննադատության է ենթարկված 70-80-ականների խորհրդային իրավիճակը, իսկ Արտաշես Գեղամյանն այդ ժամանակահատվածում ղեկավար պաշտոնների է եղել: Բայց Գեղամյանը Գեղամյան չէր լինի, եթե հարցին կարճ պատասխաներ: Նա իրեն հատուկ վիճակագրական ճշտումներ էր արել եւ ներկայացրեց. «Այն ցանկությունները, որոնք շարադրված են Տեր-Պետրոսյանի ծրագրում, այո, ընդունելի են, եւ այդ ամենը շարադրված է իմ հեղինակած գրքի տարբեր հոդվածներում, ասես թե գիրքս ծաղկաքաղ է արված: Շնորհակալություն եմ հայտնում, որ այդքան խնամքով է մոտեցել ժամանակին իմ կողմից բարձրացված հարցերին, միաժամանակ հայոց լեզվի տեսակետից որոշ, ինձ համար ուսանելի խմբագրական փոփոխությունների է ենթարկել՝ բովանդակային մասը թողնելով նույնը: Ինչ վերաբերում է նախորդ վարչակարգի գնահատականներին, ահա այստեղ է, որ պարոն Տեր-Պետրոսյանը որակազրկվել է, եւ այդ նյութերը տրամադրողներն իրեն վարկաբեկել են»:
Թեպետ ասուլիսում հայտարարվեց, որ Տեր-Պետրոսյանը իշխանական պրոյեկտ է, սակայն «Առավոտը» հիշեցրեց, որ մինչեւ վերջերս միմյանց հասցեին սիրալիրություններ են փոխանակում ոչ թե Տեր-Պետրոսյանը եւ վարչապետը, այլ՝ վարչապետը եւ ԱՄ նախագահը, ուրեմն ինչո՞ւ է խոսվում այլ «պրոյեկտների» մասին: Արտաշես Գեղամյանը ի պատասխան այս դիտարկման՝ ասաց. «Նախ, քաղաքական գործիչը քաղաքական գործչի հասցեին քաղաքական գնահատական է տալիս: Սերժ Սարգսյանը իմ հասցեին տվեց քաղաքական գնահատական, եւ ես ձեզ ասացի, որ հաճելիորեն զարմացա, եւ դա ինձ համար անակնկալ էր: Ասեմ՝ ինչով: Երբ անձնական վերաբերմունքդ այս կամ այն գործչի նկատմամբ դնում ես մի կողմ եւ առաջնայինը պետականության հարցերն ես մեջտեղ բերում եւ պետականությանը նպաստող տեսանկյունից ես քաղաքական գործչին գնահատում, կնշանակի, այո, դու իրապես երկրի պատրիոտն ես: Ահա սա էր Սերժ Սարգսյանի ասածի առանցքը: Ինչը, ցավոք սրտի, խորթ է Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Ասաց, որ վարչապետը «իր այս քաղաքական գնահատականով մեր բանավեճը մի նոր, ավելի բարձր մակարդակի բարձրացրեց: Եվ մենք քննադատում ենք, խիստ ենք քննադատում իրենց ծրագրային հիմնադրույթները»: