Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԱՊԱԳԱՆ Է, ԱՅԼ ԱՆՑՅԱԼԻ ԱՆՑՅԱԼԸ»

Հունվար 12,2008 00:00

\"\"ՀՅԴ առաջադրած նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը խոստանում է պատասխանել իրեն ուղղված նաեւ այս դիտարկմանը:

Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը շարունակում է հանդիպումները հասարակայնության ներկայացուցիչների հետ, եւ այդ շարքում հերթականը բուժաշխատողների հետ երեկվա հանդիպումն էր: «Առավոտի» հարցին՝ քանի որ նախընտրական պաշտոնական քարոզարշավը պիտի սկսվի միայն 10 օր անց, չի կարծո՞ւմ արդյոք, որ այս հանդիպումները կարող են համարվել օրենսդրության խախտում՝ սահմանված ժամկետից շուտ իրականացվող քարոզչություն, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրականության մեջ բոլոր 9 թեկնածուների ցանկացա՛ծ հանդիպում եւ հարցազրույց, իսկ բոլորը դա անում են, կարող է այդպես դիտվել: Օրենքը չի կարգավորում նախընտրական փուլերի հստակ բաժանումը՝ ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ ոչ: Եվ վերջապես՝ ես հրավիրել եմ ինձ ծանոթ ու մտերիմ բժիշկներին, որ շնորհավորեմ նրանց Նոր տարին»:

Վարչապետ Սերժ Սարգսյանը Նոր տարուց առաջ, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ինքը չի հավատում «Գելափ»-ի հարցումներին՝ ասաց. «Համոզված եմ, որ իրոք, ինքը չի հավատում այդ հարցումների արդյունքներին, հակառակ դեպքում չէր շարունակի պայքարը կամ գոնե մի քիչ կմեղմացներ իր կոշտ դիրքորոշումը»: Մեր հարցին՝ մտադի՞ր է հետեւել այս անուղղակի հորդորին ու առնվազն մեղմացնել իր դիրքորոշումը, նախագահի ՀՅԴ թեկնածուն պատասխանեց. «Ես պատրաստվում եմ անել այն, ինչ համարում եմ ճիշտ: Եվ այս կապակցությամբ ինձ ո՛չ հորդոր է պետք, ո՛չ էլ որեւէ միջամտություն: Ես հարգում եմ իմ բոլոր մրցակիցներին եւ ինքս նրանց խորհուրդներ չեմ տալիս նրանց կեցվածքի վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է հարցումներին հավատալ-չհավատալուն՝ դարձյալ ընդգծեմ. «Գելափը» հարգված ինստիտուտ է, բայց Հայաստանում նրա «ագենտներն» անձամբ ինձ չեն ներշնչում վստահություն»:

Մեր խնդրանքով Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ՀՅԴ գործունեության կասեցման վերաբերյալ այն պատճառաբանություններին, որոնք ասուլիսում ներկայացրել էր Հայաստանի 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նշեց. «Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդն ամբողջությամբ մոռացել է, թե ինչ ձեւով էին խոսում Դաշնակցության հետ եւ ինչ մեղադրանքներ էին ներկայացնում 1994-ին: Եվ խորհուրդ կտամ ճիշտ մեկնաբանություն անելու համար պարզապես նորից նայել Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994-ի դեկտեմբերի 28-ի հեռուստաելույթը՝ գնահատելով դրա մեջ պարունակվող մեղադրանքները, տեսակետները, եւ դրանք համեմատել նրա այսօրվա ելույթի հետ: Կարծում եմ, համեմատության մեջ ամեն ինչ պարզ կդառնա, եւ ես մեկնաբանության կարիք չեմ ունենա»:

«Հետք» կայքէջի ընթերցողներից մեկն արձագանքելով ՀՅԴ այն թեզին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն անցյալ է, Սերժ Սարգսյանը՝ ներկան, եւ հարկ է ընտրել ապագան՝ Վահան Հովհաննիսյանին գրել էր, որ ՀՅԴ թեկնածուն «ոչ թե ապագան է, այլ անցյալի անցյալը՝ past perfect»: Վահան Հովհաննիսյանը ծանոթ չէր այս դիտարկմանը, սակայն խոստացավ. «Ես ինձ ուղղված բոլոր հարցերին, մեկնաբանություններին ու հայտնած տեսակետներին մոտ օրերս հրապարակավ պատասխանելու եմ: Դա երեւի թե լինելու է երկարատեւ մարաթոն: Եվ կպատասխանեմ նաեւ այս հարցին»: Հետաքրքրվեցինք՝ նաեւ «Ժառանգությա՞ն» հարցերին. «Կարծում եմ, որ ընդհանուրի մեջ կհնչեն նաեւ «Ժառանգության» հղած մի շարք հարցերի պատասխանները»:

Բուժաշխատողների հետ հանդիպման ընթացքում Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ ընտրապայքարում իրար դեմ կատաղի մարտնչող երկու բեւեռներին. «Այդ բեւեռները կարծես թե իրար գտել են եւ ուղղակի երջանիկ են միմյանց առկայության համար, քանի որ շատ լավ գիտեք՝ սեւը սպիտակի ֆոնի վրա է լավ երեւում, սպիտակը՝ սեւի: Եվ երկու բեւեռներ՝ այսօրվա իշխանությունն ու երեկվա իշխանությունը, մեկը մյուսին սեւ ներկայացնելով, իրենց սպիտակ՝ հենց այս խաղի մեջ են: Բայց իրական բեւեռն ահա այստեղ հավաքված մարդիկ են»:

Հ. Գ. Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ թեկնածուն առանց անունը տալու՝ փաստացի քննադատեց իր կուսակցին՝ ՀՀ նախագահի նախկին խորհրդական Բագրատ Եսայանին, որը հակակոռուպցիոն պայքարը սկսել էր առողջապահության եւ կրթության ոլորտում ուսումնասիրություններից: Վահան Հովհաննիսյանը ցավ հայտնեց. «Սլաքն ուղղեցին, խփեցին ո՛չ այն թիրախներին (քանի որ իսկապես թաղված է կոռուպցիայի մեջ երկիրն ու հասարակությունը), այլ առողջապահության ոլորտի դեմ: Դա սխալ էր. սա պետք է ընդունել ու խոստովանել: Քանի որ մեր ժողովրդի շնորհակալությունն իրեն փրկած մարդու՝ բժշկի նկատմամբ չի կարող նկատի առնվել որպես կաշառք կամ այդ տեսակի բան: Ուրիշ հարց կա՝ բուժական ոլորտի յուրաքանչյուր աշխատող պետք է այնքան ապահովված լինի, որ պարտավորված չլինի, օրինակ, իր բաժանմունքի էլեկտրաէներգիայի կամ ջրի վարձը տալու համար կեղեքել հիվանդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել