Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հունվար 11,2008 00:00

Գնալով դժվարանում է

2008 թվականը Հայաստանի ծանրորդների համար անչափ պատասխանատու տարի է: Ամբողջ հանրապետությունը Պեկինի օլիմպիական խաղերում մեդալներ ամենից շատ ակնկալում է նախ եւ առաջ հենց նրանցից: Սակայն մարզաձեւի ֆեդերացիան այժմվանից մտածում է նաեւ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասին: Ու դրա համար լուրջ պատճառներ կան:

Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը «Առավոտին» ասաց, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ 2009-2011 թթ. աշխարհի մեծահասակների երեք առաջնությունները նաեւ վարկանիշային մրցումների կարգավիճակ են ունենալու եւ 2012 թվականի օլիմպիական խաղերում այս կամ այն երկրի ծանրորդների թիվը որոշվելու է դրանցում ունեցած թիմային արդյունքների ընդհանուր հաշվարկով: «Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն պետք է այդ առաջնություններին մասնակցի տղամարդկանց եւ կանանց ամբողջական հավաքականներով, այլեւ ձգտի կայուն արդյունքներ ցուցադրել եւ թիմային պայքարում բարձր տեղեր գրավել»,- պարզաբանեց Ս. Խաչատրյանը:

Եկել են փորձ ձեռք բերելու

Թունիսի ազատ եւ հունահռոմեական ոճի ազգային հավաքականների երկուական առաջատար ըմբիշներ իրենց մարզիչների հետ միասին ժամանել են Երեւան՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու: Նրանք նախապատրաստվում են եկող ամիս Ստամբուլում (հունահռոմեական ոճ) եւ Կիեւում (ազատ ոճ) կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցումներին եւ հույս ունեն, որ հայաստանյան մարզումները շատ կօգնեն օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար:

Կանայք միանում են տղամարդկանց

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությանը զուգահեռ, հունվարի 12-22-ը կանցկացվի նաեւ կանանց բարձրագույն խմբի 62-րդ առաջնությունը: Հանրապետության 10 լավագույն շախմատիստուհիները, բացի Էլինա Դանիելյանից եւ Լիլիթ Մկրտչյանից, որոնք պատրաստվում են ավելի հեղինակավոր մրցաշարերի, շրջանաձեւ մրցակարգով կորոշեն երկրի չեմպիոնուհուն եւ մրցանակակիրներին: Շախմատիստուհիներից հինգն ունեն միջազգային կոչումներ, որի համար էլ առաջնությունում սահմանված է միջազգային վարպետի նորմա: Սակայն յուրաքանչյուր մասնակցի համար, կախված անհատական գործակցից, կատարվելու է նորմայի լրացման առանձին հաշվարկ:

Ազգայինը կխաղա Մալթայի մրցաշարում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալու փետրվարի 2-6-ը Մալթայում անցկացվելիք չորս երկրների ընտրանիների մասնակցությամբ միջազգային ավանդական մրցաշարում, որն անցկացվելու է 14-րդ անգամ: Մեր թիմից բացի, մրցաշարին մասնակցելու են նաեւ տանտերերը, Բելառուսը եւ Իսլանդիան:

Արդեն հայտնի է նաեւ խաղացանկը: Հայաստանի հավաքականը փետրվարի 2-ին կհյուրընկալվի Մալթային, 4-ին՝ Բելառուսին եւ եզրափակիչ խաղը կանցկացնի փետրվարի 6-ին՝ Իսլանդիայի հետ:

Վերջնական խոսքը մնաց ՖԻՖԱ-ին

\"\"Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ խմբի անդամ երկրների (Հայաստան, Իսպանիա, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Էստոնիա, Թուրքիա) ֆուտբոլային ղեկավարները դեռ դեկտեմբերի 21-ին պետք է հավաքվեին Բարսելոնայում՝ քննարկելու եւ հաստատելու ընտրական մրցաշարի այդ փուլի խաղացանկը եւ օրացույցը: Սակայն Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցությամբ որոշվել էր հավաքը հետաձգել:

Հունվարի 8-ին վերը նշված երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպումը կայացավ: Հայաստանը ներկայացրել են ազգային հավաքականի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը եւ ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը:

Յուրաքանչյուր երկիր ներկայացրել է իր տարբերակը: Սակայն, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, երբ երկար բանակցություններից հետո բոլոր կողմերն եկել են համաձայնության եւ խաղացանկը գրեթե պատրաստ է եղել, վերջին պահին խնդիրներ են ծագել Իսպանիայի եւ Թուրքիայի միջեւ: Ըստ այլ լրատվամիջոցների, տարաձայնություններ եղել են նաեւ այլ երկրների միջեւ: Ինչեւէ, երկրորդ փուլում բանակցությունները դադարեցվել են եւ, համաձայն գործող կանոնակարգի, այժմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ խմբի խաղացանկը վիճակահանությամբ պետք է որոշի ՖԻՖԱ-ն: Դա տեղի է ունենալու հունվարի 16-ին՝ Ցյուրիխում գտնվող ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել