Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերան կղեկավարվի կոլեգիալ սկզբունքով

Հունվար 11,2008 00:00

Ինչպես ժամանակին կանխատեսել էր օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանը:

Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հրաժարականից հետո, ինչպես հայտնի է, մշակույթի նախարարության որոշմամբ թատրոնում այլեւս կգործի կառավարման խորհուրդ: Երեկվա դրությամբ, ինչպես «Առավոտին» հայտնեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը. «Խորհրդի կազմը դեռ հայտնի չէ, պարզ կդառնա ամենամոտ ապագայում»:

Ժամանակին Տիգրան Լեւոնյան-Գեղամ Գրիգորյան հակամարտության շրջանում Տ. Լեւոնյանը «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում, փաստորեն, առաջարկել էր նույնը՝ ստեղծել խորհուրդ. «Եթե չկա բացարձակ լիդեր, որդեգրվում են կոլեգիալ լուծումներ, ասենք՝ ոչ թե գլխավոր դիրիժոր, այլ դիրիժորական կոլեգիա: «Բիրդան աղայության» ասիական սինդրոմը կկործանի ոչ միայն բախտախնդրի անփորձ տաղանդը, այլեւ ողջ ասպարեզը»:

«Առավոտին» հայտնի դարձավ, որ հունվարի 9-ին օպերային թատրոնի գեղխորհուրդը հրավիրել է այս տարվա առաջին նիստը: Կապվեցինք 1952 թվականից օպերային ոլորտում մեծ փորձ ունեցող թատերական գործիչ, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանի հետ: Վերջինս հաստատելով մեզ հասած լուրը, ասաց, որ գեղարվեստական խորհուրդն էլ համաձայն է աշխատել առանց գեղարվեստական ղեկավարի, ինչը ընդունված է աշխարհում: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ առաջ չքաշվեցին ժամանակին Ռուսաստանում իբրեւ երաժշտական եւ օպերային թատրոնների ռեժիսորներ որակավորված Արմեն Մելիքսեթյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունները, պարոն Դավթյանը հայտնեց, որ թեեւ երկու ռեժիսորներն էլ, անխոս, պրոֆեսիոնալներ են, սակայն այս պահին ամենաճիշտը կառավարման խորհրդի գործունեությունն է:

Յու. Դավթյանին հիշեցրինք, որ այսօր, օրինակ, աշխարհահռչակ Վալերի Գերգիեւը ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, բալետի աշխարհահռչակ արտիստ Վլադիմիր Վասիլեւն էլ ժամանակին մեկ տարով հանդիսացել է Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ուրեմն ինչու նույնը չեն կարող անել, ասենք, Կ. Դուրգարյանն ու Հովհ. Դիվանյանը: Պրն Դավթյանն այս առիթով ասաց. «Չմոռանանք, որ Գերգիեւը աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով (հյուրախաղեր, համերգներ, ձայնագրություններ), ինչը, համոզված եմ, իր բացասական ազդեցությունը կունենա նրա՝ որպես գեղարվեստական ղեկավարի աշխատանքի վրա: Ինչ վերաբերում է Յուրի Վասիլեւին, եթե հարց դրվի, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է լինի դիրիժո՞րը, թե՞ բալետի արտիստը, ապա, իհարկե, միանշանակ, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի դիրիժորը: Այս սկզբունքը գալիս է հեռվից եւ միշտ արդարացրել է իրեն: Վերադառնալով մեր օպերային թատրոնին, նշեմ, որ ե՛ւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ե՛ւ երգչախմբի ղեկավար Կարեն Սարգսյանը, ե՛ւ բալետային խմբի ղեկավար Հովհաննես Դիվանյանը, նաեւ մյուս խմբերի ղեկավարները տեղում են ու հիանալի կատարում են իրենց գործը: Սինթետիկ արվեստ համարվող օպերային թատրոնի աշխատանքներին, անկասկած, պարտադիր է տնօրենի պաշտոնը: Շուտով թատրոն մուտք կգործի նաեւ կառավարման խորհուրդը, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ «վերեւներից», եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Անշուշտ, բեմադրիչներ կհրավիրվեն ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից»:

Պարոն Դավթյանը կարծում է, որ պետք է նախ զարգացնել կազմակերպչական կուլտուրան, սակայն գիտակցելով, որ եթե չկա ստեղծագործական ուղղվածություն ու զարգացման ծրագիր, կազմակերպականի առաջընթացն անհնար է: «Հարկավոր է աջակցել մեր տաղանդավոր արվեստագետներին: Նաեւ անհրաժեշտ է ազատ մրցակցություն, որն ունենա լայն հասարակական արձագանք եւ պետական մակարդակով ունկնդրվելու պատվին արժանանա (նկատի ունի առաջին հերթին Հանրային հեռուստատեսությունը- Ս. Դ.)»,- խոսքն ամփոփեց Յու. Դավթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել