Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀԱՐՄԱՐ Է ԵՎ ԱՆՊԱՏՎԱԲԵՐ»

Հունվար 11,2008 00:00

\"\"«Պատրաստի երեխայի հայր դառնալու» գնահատականը՝ ըստ «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանի:

«Առավոտի»՝ «Միսս աշխարհի» արտոնագիր Հայաստանը չունի» հրապարակման մեջ (08.12.

2007) «Միսս եւ միստր աշխարհ» փառատոնի հեղինակ եւ հիմնադիր Աշոտ Խաչատրյանը հայտարարել էր, որ ոչ միայն իրենք, այլեւ հայաստանյան մյուս կազմակերպությունները, այդ թվում՝ «Միսս Հայաստանը» չունի «Միսս աշխարհ» գեղեցկության հանրահայտ մրցույթին մասնակցելու արտոնագիր: «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ իր գործակալությունը դեռեւս 2003-ից է համագործակցում «Միսս աշխարհի» հետ:

«Վիցցե միսս Հայաստան-2006» Ռիտա Ծատրյանը անցյալ տարի հոկտեմբերին Ճապոնիայում մասնակցել է «Միսս ինտերնեյշընլ» մրցույթին եւ ճանաչվել գեղեցկության դեսպան: Դա պատմություն ունեցող, շատ բարձր մրցույթ է, բայց մենք, ի տարբերություն ուրիշների, երբեք չենք ներբողել այն»,- ասաց Կ. Արիստակեսյանը եւ թվարկեց մյուս հեղինակավոր մրցույթները եւս՝ «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք», «Միսս Եվրոպա»…

Անդրադառնալով այլ կազմակերպությունների միջոցով Հայաստանը դրսում ներկայացնելուն, Արիստակեսյանն ասաց. «Հայաստանից ինչքան շատ մարդ մասնակցի արտերկրյա մրցույթների՝ այնքան լավ: Բայց, մյուս կողմից՝ կան մրցույթներ, որոնց մասնակցելն ուղղակի անպատվաբեր է: Դրանք ավանդույթներ չունեն, ձեւավորված չեն, եւ ընդամենն աղմուկ են ստեղծում իրենց շուրջ, ուստի կուզենայի խորհուրդ տալ մրցույթների տանողներին, որ հեռու մնան նման միջոցառումներից»: Խոսելով «Միսս Հայաստանի» 7-նյակում հայտնված Սյուզի Նազարովայի եւ նրան անցյալ տարի Հոնկոնգում կայացած «Միսս բիկինի ինտերնեյշընլ» փառատոնին տարած Աշոտ Խաչատրյանի մասին, «Միսս Հայաստան» գործակալության նախագահն ասաց. «Շատ զարմացած էի: Մարդը, որին ուղարկել են մրցույթի, «Միսս Հայաստանի» յոթնյակից է, բայց, չգիտես ինչու, ես ուրիշից եմ լսում, որ նա մրցույթի է մեկնել: Մինչդեռ բարոյականությունը պահանջում է անմիջապես տեղյակ պահել այն մարդուն (նկատի ունի իրեն- Գ. Հ.), որի հետ ունես պայմանագիր: Սա աշխարհում ընդունված կարգ է: Երկրորդ՝ աշխարհում ընդունված չէ, որ մոդելը, գեղեցկուհին խախտի պայմանագիրը, բայց եթե, այնուամենայնիվ, նման բաներ պատահում են, ապա հարգանք չեն վայելում այն անձինք, ովքեր նպաստում են դրան: Ու հիմա փոխանակ սելը ճռռա, սելվո՞րն է ճռռում: Բարոյական խնդիր էլ կա՝ ընդհանրապես ընդունված չէ դառնալ պատրաստի երեխայի հայր: Այս ասույթը ուղղակի հասցե ունի, եւ հասցեատերը կհասկանա, թե ինչ նկատի ունեմ: Գուցե ուզենան ինձ փոխադարձել՝ պատրաստի երեխայի հայր դառնալու առումով (խոսքը «Միսս Հայաստանի» պատճառով իր եւ Արա Երնջակյանի միջեւ ժամանակին ծագած կոնֆլիկտի մասին է- Գ. Հ.), ուստի քանի որ առիթը եկել է՝ կասեմ: Ես պատրաստի զավակի հայր չեմ դարձել՝ ինքս եմ ստեղծել… ու այդ իրավունքը ձեռք եմ բերել ինքնուրույն եւ իրավական ճանապարհով: Նույնը խորհուրդ եմ տալիս Աշոտ Խաչատրյանին»:

Կ. Արիստակեսյանին հարցրինք՝ ինչու գեղեցկության «ոլորտում» աշխատող բոլոր կազմակերպությունները չեն համագործակցում ի շահ գեղեցկության, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է Հայաստանը պատճաշ ձեւով դրսում ներկայացնելուն: «Ես համագործակցության առաջարկ՝ ի շահ գեղեցկության, արել եմ ոչ միայն Աշոտ Խաչատրյանին, այլեւ մյուսներին: Իսկ եթե չեն համախմբվում, թող մեղավորությունը փնտրեն իրենց մեջ: Այդ թեմայով ցանկացած հոխորտանքի եւ մեղադրանքի պատրաստ եմ հրապարակավ պատասխանել»,- ասաց նա: Նաեւ հարցրինք՝ ինչո՞ւ «Միսս Հայաստանը» գերադասեց մասնակցել «Աշխարհի թագուհուն» եւ ոչ թե «Միսս աշխարհին»: «Նախ բոլոր հեղինակավոր մրցույթներին էլ կարեւորը մասնակցությունն է եւ ճիշտ ներկայանալը: Իսկ «Միսս աշխարհին» չմասնակցեցինք, որովհետեւ նոր էինք ստացել «Աշխարհի թագուհու» արտոնագիրը, եւ նպատակահարմար գտանք այնտեղ ներկայանալ՝ ուժերը փորձարկելու իմաստով,- ասաց «Միսս Հայաստանի» նախագահը:- Ի տարբերություն ոմանց, ես հանրությանը մոլորեցնելու խնդիր չունեմ եւ խորհուրդ կտամ ինձ իրենց արշինով չչափել»: Նաեւ նշեց, որ երազում է երբեւէ Հայաստանում միջազգային մրցույթ կազմակերպել, ու իր խոսքով. «Դա կլինի «Միսս աշխարհը», թե «Աշխարհի թագուհին», դեռ պարզ չէ, բայց երազանքս է, որը իրականություն կդարձնեմ անպայման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել