Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Հունվար 11,2008 00:00

Հունվարի 8,9,10

ՄԱՀ՝ ՀԱՆՔԱԽՈՐՇՈՒՄ

Երեկ Կապանի լեռնափրկարարները փլուզված հանքախորշից դուրս են բերել այնտեղ մնացած երկու աշխատակիցների: Նրանցից մեկի կյանքը հաջողվել է փրկել:

Երեկ ժամը 01.47-ին ՀՓԾ հատուկ լեռնափրկարարական ծառայության Կապանի լեռնափրկարարական ջոկատում ահազանգ էր ստացվել, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը պատկանող Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի Թեջադինի 6-րդ հանքուղու 4-րդ երակի 2-րդ բլոկում տեղի է ունեցել փլուզում, որի հետեւանքով երկու պայթեցնողներ մնացել են փլվածքի տակ:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակից դուրս է բերվել 53-ամյա Մխիթար Միշայի Աբգարյանը եւ կոտրվածքներով տեղափոխվել Կապանի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ցավոք, փրկարարները երկրորդին՝ 30-ամյա Դավիթ Գարիկի Մկրտչյանին գտել են մահացած:

«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՓՐԿԵԼ ԵՆ

Վայք քաղաքի մանկական ստեղծագործական կենտրոնին հարակից տարածքի հենապատից սողացել եւ կախվել էր Հ. Բաբայանին պատկանող «Մերսեդես Բրաբուս-500» մակնիշի 60 ՏՏ 008 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ավտոմեքենան փրկարարների օգնությամբ իջեցվել է անվտանգ տարածք:

ՄԱՐԴԻԿ՝ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ

Ըստ ՀՀ փրկարար ծառայության, Երեւանի Նուբարաշեն համայնքի Բ1 թաղամասում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Ս. Պողոսյանի 20 քմ մակերեսով ինքնաշեն տնակը:

Իսկ Երեւանի Սիլիկյան թաղամասի թիվ 7 փողոցում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Ա. Ղահրամանյանի 30 քմ մակերեսով վագոն-տնակը:

ՆԿԱՐԵԼ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ

Երեկ ոստիկանության աշխատակիցները, մասնավորապես՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի անվտանգության աշխատակից ներկայացած պրն Սարգսյանը չթողեց «Առավոտի» ֆոտոթղթակցին լուսանկարել դատարանի դատարկ շենքը, դատարկ սպասասրահն ու անգամ մուտքի պատին փակցված ժամանակացույցը, որով սովորաբար տեղեկացվում ենք դատական նիստերի օրվա եւ ժամի մասին: Մինչդեռ լուսանկարում պատկերված արգելքների այս շարքում նման արգելք չկար:

ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին է դիմել թիվ 90603807 քրեական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սուրեն Օհանջանյանը: Նրա որդուն, զինծառայող Տիգրանին անցյալ տարվա օգոստոսի 30-ին պաշտպանության նախարարության Կարճաղբյուրի թիվ N զորամասում հայտնաբերել էին մեջքից էլեկտրահարված: Որդեկորույս հայրը դատախազի ուշադրությունն է հրավիրում զորամասի ֆելդշեր Հայկ Սահակյանի ցուցմունքների վրա, որոնք նա տվել է նախաքննության ժամանակ: Ըստ վերջին ցուցմունքի, Սահակյանը տեսել է Տիգրանին դեպքի օրը, ժ.23-ի սահմաններում, մահացած, զորամասի ձգաձողի եւ բարդու ծառի մեջտեղում: Մեկ այլ՝ առաջին ցուցմունքով Սահակյանը, ըստ Տիգրանի հոր դիմումի, տեսել է որդուն անգիտակից վիճակում, զորամասի կապի հանգույցի մոտ: «Նրան ուշքի բերելու նպատակով ենթասպա Սահակյանը օգնություն է ցույց տվել, փչել է բերանից, շարժել Տիգրանի ձեռքերը, սեղմել կրծքավանդակը»,- գրում է Ս. Օհանջանյանը: Վերջինը միջնորդում է, որպեսզի Սահակյանին նորից հարցաքննեն. «Իր սխալ ցուցմունքների համար պատասխան տա օրենքի շրջանակներում»: Գլխավոր դատախազին ուղղված մեկ այլ միջնորդության մեջ Տիգրանի հայրը գրում է, որ փորձաքննության են ուղարկել ոչ թե իր տղայի հագուստը, այլ «ինչ-որ անհայտ զինծառայողի հագուստ»: Հայրը ծանոթացել է փորձագետներին ներկայացրած հագուստի չափերին եւ նշում է, որ որդին (մարզիկ է եղել) կշռել է 105 կգ, ուներ 175 սմ հասակ, չէր կարող կրել փորձագետներին ուղարկած «փոքր չափսի հագուստը»: Նա առաջարկում է կրկնակի փորձաքննություն. «Քանի որ ունեմ հանգուցյալ որդուս հետ նույնանման կառուցվածք, առաջարկում եմ հագուստները փորձարկել իմ վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել