Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉ-ԻՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ»

Հունվար 11,2008 00:00

Հարցազրույց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Ախալքալաքում Միխայիլ Սահակաշվիլու նախընտրական շտաբի

ղեկավար Համլետ Մովսիսյանի հետ:

– Պրն Մովսիսյան, ձեր կարծիքով, ջավախա հայերի մասնակցությունը Վրաստանի նախագահական ընտրություններին այս տարի ավելի ակտի՞վ էր…

– Այո՛, նախորդ տարիների համեմատությամբ, իրոք, բավականին ակտիվ էր: Առանձնահատուկ աշխույժ էին նաեւ գյուղերը, եւ սա պայմանավորված էր նախ նրանով, որ Ամանոր էր ու արտասահմանում գտնվողների մեծ մասը հայրենիքում էր:

Մեր նախընտրական շտաբը կարողացավ հանդիպումներ իրականացնել Ախալքալաքի շրջանի գյուղերում՝ ներկայացնելով երկրի նախկին նախագահի եւ այսօրվա թեկնածուի՝ Միխայիլ Սահակաշվիլու կատարած աշխատանքը մեր տարածաշրջանում: Միանշանակ, յուրաքանչյուր ջավախքցի էլ զգացել է ասվածը՝ սկսած ճանապարհաշինարարությունից, դպրոցների վերանորոգումից, աշխատավարձերի սիստեմատիկ վճարումներից, «սառեցված» թոշակների եւ աշխատավարձերի տրամադրումից, սպորտդահլիճի, սպորտհրապարակների, ինչպես նաեւ գազամուղի շինարարական աշխատանքներից: Հանդիպումների ժամանակ խոսել ենք նաեւ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների մասին՝ ժողովրդին բացատրելով, որ ոչ մի նախագահի թեկնածու էլ այսօր չի կարող կախարդական փայտիկի հարվածով այս խնդիրը լուծել, ու Ջավախքի բնակչությունը գիտակցաբար է մոտեցել խնդրին: Կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը քաղաքականապես հասուն է… Հունվարի 5-ին տարածաշրջանի գյուղերում մեծ հերթեր էին գոյացել եւ սա բնավ էլ ստիպողաբար չէր, այլ՝ ցանկությամբ: Իսկ երբ դեկտեմբերի 24-ին երկրի նախագահն այցելեց Ջավախք, հավաքվածների ներկայությունն արդեն իսկ նախապայման էր, որ ընտրության օրը նրանք իրենց ընտանիքների հետ միասին քվեարկելու էին Միխայիլ Սահակաշվիլու օգտին:

– Քվեարկության իրավունք ունեցողների քանի՞ տոկոսն է մասնակցել ընտրություններին:

– Մեր տարածաշրջանից մասնակցել է ընտրողների 80 տոկոսը: Նրանց 90 տոկոսը քվեարկել է Սահակաշվիլու օգտին, իսկ 10- ը՝ ընդդիմադիր կուսակցությունների: Ինչ վերաբերում է վերջիններիս, ապա նրանցից քչերն են այցելել մեր տարածաշրջան, օրինակ՝ Նաթելաշվիլին, Գաբրելիձեն, իսկ մնացած թեկնածուները ընդհանրապես չեն եղել Ջավախքում, այսինքն՝ այդ ուղղությամբ ոչ մի արդյունավետ աշխատանք չի կատարվել: Եվ այս իրավիճակում ինչպե՞ս պետք է իրեն պահեր ժողովուրդը: Թող բնակչության հետ հանդիպեին, իրենց ծրագրերը ներկայացնեին, ժողովուրդը ճանաչեր:

– Միջազգային դիտորդների գնահատմամբ, նախագահական ընտրությունները սահմանված նորմերին համապատասխան է անցկացվել, բայց, այնուհանդերձ, որոշակի խախտումներ նկատվել են: Ջավախքը կարողացե՞լ է զերծ մնալ նման միջադեպերից:

– Իհարկե, թերություններ եղել են, բայց ընտրակեղծիքի դեպքեր չեն գրանցվել: Ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հանձնաժողովում ունեցել են իրենց անդամները, եւ եթե լուրջ բան լիներ, ապա, օրենքի համաձայն, պետք է նշվեր եւ բարձրաձայնվեր, որ այս կամ այն ընտրատարածքում կոպիտ խախտումներ են եղել: Եթե հանձնաժողովի անդամները տվել են իրենց ստորագրությունները եւ ընտրախախտման մասին որեւէ գրառում չեն արել՝ ինչպես կարելի է պնդել հակառակը: Իսկ որոշակի թերությունների առկայությունը բնական է, ընտրությունը չի կարող բացարձակ իդեալական լինել:

– Ընդդիմադիր կուսակցությունները Ս ահակաշվիլուն համարում են Ախալքալաքի եւ Մառնեուլի նախագահ եւ ո՛չ վրացիների: Արդեն իսկ մտավախություն կա, որ տվյալ հայտարարությունը կարող է ազգամիջյան բախումներ առաջացնել…

– Ցավում եմ, որ նախագահի թեկնածուների մեջ կան այդպիսի մարդիկ: Եվ եթե մեկը նման արտահայտություն է անում, ուրեմն կարող եմ եզրակացնել, որ այդ կուսակցության դիրքորոշումն էլ է այդպիսին: Սա, իրոք, վտանգավոր հայտարարություն է: Վրաստանը բազմազգ պետություն է եւ նման արտահայտությունը կարող է վնասել այս երկրի կայունությանը: Պատկերացրեք՝ եթե նման հայտարարություն անողները գան իշխանության գլուխ, ինչպիսին կլինի ազգային փոքրամասնությունների վիճակը: Մյուս կողմից էլ, ասվածը կարող եմ որակել որպես թույլ քաղաքական գործչի մոտեցում:

– Ի՞նչ եք կարծում, Միխայիլ Սահակաշվիլու հաղթանակի դեպքում որքանո՞վ «կգնահատվի» ջավախահայերի աջակցությունը:

– Մենք աջակցել ենք, եւ դա մեր ժողովրդի մոտեցումն է եղել: Չեմ ասում, որ Ջավախքը առանձնահատուկ ուշադրության կարժանանա, բայց ինչպես մյուս շրջաններում, այնպես էլ մեզ մոտ կիրականացվեն նախագահի ծրագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել