Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողներին խաբում են

Հունվար 11,2008 00:00

Առեւտրի կետերում օգտագործվող կշեռքների մեծ մասը վաճառվող ապրանքները թերի է կշռում՝ 1 կգ-ի մեջ խաբելով մինչեւ 500 գրամ:

Խանութներից ցանկացած մթերք գնելիս՝ սպառողները 1 կիլոգրամի մեջ խաբվում են նվազագույնը 200-300 գրամով: Ժամանակին այդպիսի թերակշռումներ անում էին մեխանիկական կշեռքներով, քանի որ խանութպանները նժարն արհեստականորեն ծանրացնելով՝ գնորդին կարողանում էին հեշտությամբ մոլորեցնել: Իսկ հիմա, պարզվում է, խանութպանները յուրացրել են նաեւ էլեկտրական կշեռքներով թերակշռումներ անելու գաղտնիքները: Երեկ «Փաստարկ» ակումբում այս մասին ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: Ըստ նրա, այսօր հանրապետության առեւտրի կետերում օգտագործվում է 25 հազար կշեռք, սակայն դրանցից ստուգաչափված են միայն 6 հազարը:

Նախորդ ողջ տարվա ընթացքում հանրապետությունում 6,6 տոկոս գնաճ է արձանագրվել: Բացի այն, որ բնակիչները ստիպված էին սպառողական շատ ապրանքներ գնել բավականին թանկ գներով, բազմաթիվ խանութներում տեղադրված թերի կշռող կշեռքների շնորհիվ, փաստորեն, խաբվել են կրկնակի: Ուստի Ա. Եղոյանը կարծում է, որ գնաճն ըստ էության եղել է ոչ թե 6,6, այլ՝ նույնիսկ 20 տոկոս. «Եթե որեւէ մեկը փորձի իր ապրանքը ճիշտ կշռել, ապա երկար չի կարող այդպես աշխատել, քանի որ ստիպված կլինի իր ապրանքներն անհամեմատ թանկ վաճառել, ինչն էլ նշանակում է, որ նա շուկայում մրցունակ չի լինի ու շատ շուտով դուրս կմղվի»: Ա. Եղոյանը խուսափեց կոնկրետ խանութների անուններ նշել՝ պատճառաբանելով, որ նմանատիպ առեւտրի կետերը բազմաթիվ են ու գոյություն ունեն գրեթե ամեն քայլափոխի: Հ/կ նախագահը դժգոհություն հայտնեց, որ էլեկտրական կշեռքները չստուգաչափելու համար տնտեսվարողից ընդամենը 50-100 հազար դրամ տուգանք է գանձվում: Ըստ նրա, ցանկացած առեւտրականի էլ ձեռնտու է ամիսներ շարունակ թերի կշռող կշեռքներով աշխատել, քանի որ եթե անգամ նա տարվա մեջ մի անգամ բռնվի, ապա արդեն այնքան փող աշխատած կլինի, որ այդ գումարը նրա համար ոչ մի էական նշանակություն չի ունենա: Ա. Եղոյանը պատրաստվում է մոտ օրերս այս առնչությամբ դիմել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն եւ առաջարկել, որ յուրաքանչյուր չստուգաչափված ու չկապարակնքված կշեռքի համար տնտեսվարողից գանձվի 200-300 հազար դրամ:

Ի դեպ, մինչ օրս էլ փողոցային առեւտրում օգտագործվում են ձեռքի կշեռքները (բեզմենտները), որոնց գործածությունը Հայաստանում արդեն վաղուց արգելված է, քանի որ, որպես կանոն, 1 կիլոգրամի մեջ դրանք թերակշռում են մինչեւ 500 գրամ:

Խանութներում օգտագործվող էլեկտրական եւ մեխանիկական կշեռքներն ունե՞ն ստուգաչափված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթ, թե ոչ, ըստ օրենքի, պետք է ստուգի Որակի տեսչությունը: Սակայն նախորդ տարվա ապրիլից տեսչությունն իր գործառույթները չի իրականացրել եւ այդպիսի ստուգում չի անցկացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել