Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՖԷՍՃԵԱՆՆԵՐԻ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ «ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» ՉՀԱՋՈՂՎԵ՞Ց

Հունվար 11,2008 00:00

\"\"Ըստ լուրերի, «Արմենիա» հեռուստաընկերությունում լուրջ խնդիրներ են ծագել

Վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությունում մեծ խառնաշփոթ է: Լուրեր են շրջանառվում, որ հեռուստաընկերությունը վաճառված է, իսկ դա նշանակում է, որ «Արմենիայի» նախկին աշխատակազմը՝ հաղորդավարներից ու վարորդներից սկսած՝ մինչեւ տնօրեններ, ենթակա են փոփոխման: Բանն այն է, որ «Արմենիա» հեռուստաընկերության հիմնական աշխատակազմը Բագրատ Սարգսյանի բարեկամներն էին, ու հիմա, երբ նա հեռանում է հեռուստաընկերությունից, իր հետ տանելու է նաեւ այն տասնյակ ազգականներին, որոնց, անկախ մասնագիտությունից ու կարողություններից, Սարգսյանների ընտանիքը տարբեր պաշտոններով տեղավորել էր «Արմենիայում»: Մեր տեղեկություններով՝ հեռուստաընկերության բաժնետոմսերի 75 տոկոսն այժմ պատկանում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, որը ներկայումս ղեկավարում է վարչապետի նախընտրական կենտրոնական շտաբի աշխատանքները: Հենց այդ 75 տոկոս բաժնետոմսերը նախկինում պատկանում էին Սարգսյաններին, մնացած 25 տոկոս բաժնեմասը, որն ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանինն էր, չի վաճառվել:

Այսինքն՝ «Արմենիա» հեռուստաընկերության ներկայիս սեփականատերերը Գաֆէսճեան ընտանիքն է ու Ս. Սարգսյանի փեսան:

Նշենք, որ հեռուստաընկերությունը վաճառելու շուրջ բանակցությունները, մեր տեղեկություններով, սկսեցին վարել հենց այն ժամանակ, երբ Գաֆէսճեանի եւ Սարգսյանների միջեւ տարաձայնություններ առաջացան՝ ներդրումների հետ կապված: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Գաֆէսճեանը միլիոնավոր դոլարներ է հատկացրել՝ հեռուստաընկերությունն արդիականացնելու համար, սակայն լուրջ արդյունքներ չի տեսել: Ճիշտ է, այս տարիների ընթացքում «Արմենիան» տեխնիկապես վերազինվել ու վերանորոգվել է, բայց բավականին մեծ գումարներ, այնուամենայնիվ, նպատակին չեն ծառայել: Հեռուստաընկերության որոշ աշխատակիցներից տեղեկացանք, որ Սարգսյաններն իրենց բարեկամներին, որոնք հիմնականում ղեկավար «պոստեր» են զբաղեցնում, անհամեմատ ավելի բարձր են վարձատրել, քան շարքային աշխատողներին: Բագրատ, Վահագ եւ Արտեմ Սարգսյանների ամբողջ ազգուտակը՝ հարսներով, խնամիներով, մորաքրոջ ու հորաքրոջ որդիներով հանդերձ, ամսական 2000-3000 դոլարի չափով աշխատավարձ են ստացել, իսկ սովորական աշխատակիցների չնչին աշխատավարձն անգամ ամիսներով ձգձգվել է: Աշխատակիցները, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, պատմում են, որ իրենց աշխատավարձերի ուշացման պատճառը շատ դեպքերում եղել է Բագրատ Սարգսյանը: Նա հաճախ է բացակայել քաղաքից ու առանց նրա ստորագրության՝ հաշվապահությունը աշխատավարձ չի տվել: Ի դեպ, մինչ օրս «Արմենիայի» բոլոր աշխատակիցները հեռուստաընկերություն մտնելիս մանրամասն ստուգման են ենթարկվել, որպեսզի դրսից որեւէ սնունդ ներս չտանեն. «Արմենիայում» աշխատակիցների համար գործում է բուֆետ, եւ նրանք կամ պետք է ողջ օրը քաղցած մնան, կամ գնեն բուֆետի թանկուկրակ սնունդը, որտեղ, աշխատակիցների հավաստմամբ՝ 1 բաժակ հյութն արժե 300 դրամ, 50 դրամանոց բուլկին՝ 150-200 դրամ:

«Արմենիայի» սեփականատերերը վերջերս մասնավորեցրին նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիան՝ խոստանալով հայ կինոն ներդրումների շնորհիվ վերածնել: Սակայն «Հայֆիլմն» այսօր ծառայում է «Արմենիայի» համար սերիալ նկարահանելուն: Բացի այդ, վերջին 1-2 շաբաթվա ընթացքում ինչպես հեռուստաընկերության, այնպես էլ կինոստուդիայից տասնյակ աշխատակիցներ են կրճատվել: Կիսով չափ նվազեցվել է նաեւ մնացածների աշխատավարձը:

Հեռուստաընկերության առուծախի հետ կապված՝ եթեր հեռարձակվող որոշ սերիալների նկարահանումները դադարեցվել են, քանի որ Սարգսյաններն այլեւս չեն ֆինանսավորում: Օրինակ, «Արմենիայով» այլեւս չի ցուցադրվում «Ճակատագրի գերիները» սերիալը, որի գլխավոր դերակատարը Հովհաննես Բաբախանյանն էր: 100-ից ավելի սերիա ունեցող ֆիլմից նկարահանվել էր ընդամենը 19 սերիա:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հ. Բաբախանյանը եւս հաստատեց, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով ֆիլմն անավարտ կմնա եւ հեռուստադիտողներն այդպես էլ չեն իմանա, թե ինչ ճակատագիր ունեին գերիները: «Չցանկացանք, որ փող չլինելու պատճառով մի սենյակում նստենք ու անորակ բան նկարենք: Ըստ էության, ֆիլմ նկարելը հսկայական ծախսեր է պահանջում, ինչը հնարավոր չեղավ իրագործել»,- ասաց Հ. Բաբախանյանը: Իսկ թե ինչու է հեռուստաընկերությունը սկսել սերիալի նկարահանումները՝ չունենալով դրա համար նախատեսված գումարը, Հ. Բաբախանյանի կարծիքով, պատճառն այն է, որ ի սկզբանե հեռուստաընկերության ղեկավարները հույսը հարուստ հովանավորների վրա են դրել: Այսինքն՝ որոշակի բյուջեով սկսել են նկարահանել առաջին մի քանի սերիալները՝ հույս ունենալով, որ մնացածները կնկարահանվեն հովանավորների հաշվին, սակայն վերջիններս այդպես էլ չեն հայտնվել: Ի տարբերություն սերիալի տեխնիկական մասի աշխատակիցների, Հ. Բաբախանյանը վստահեցրեց, որ իր ու ֆիլմում նկարահանված իր կնոջ աշխատավարձը «Արմենիան» տվել է:

Սակայն «Արմենիայի» ղեկավարությունը մինչ օրս թե՛ այդ սերիալի, թե՛ ընդհանրապես հեռուստաընկերության բազմաթիվ աշխատակիցների աշխատավարձի պարտք ունի: Գլուխն այդ պարտքերից ազատելու համար հեռուստաընկերության սեփականատեր Բագրատ Սարգսյանն Ամանորից առաջ մեկնել է Միացյալ Նահանգներ ու դեռ չի վերադարձել: Այդ պատճառով մենք չէինք կարող նրանից պարզաբանում վերցնել: Գաֆէսճեանների ներկայացուցիչ Մադլեն Մինասյանը նույնպես երկարատեւ արձակուրդում էր գտնվում Ամերիկայում: Ուստի մեր հարցերին պատասխանեց Բագրատ Սարգսյանի մորաքրոջ որդին՝ «Արմենիա» հեռուստաընկեության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն Գագիկ Մկրտչյանը: Նա կտրականապես հերքեց, որ հեռուստաընկերության սեփականատերերը փոխվել են՝ վստահեցնելով, որ «Արմենիան» ծաղկում է, նոր հեռուստաշոու եւ երկու նոր սերիալ են պատրաստում: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ դադարեցվեց «Ճակատագրի գերիները» սերիալի նկարահանումը՝ պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Նման բան չկա, այս պահին էլ այդ ֆիլմի նկարահանումներն ընթանում են»: Փաստորեն, ստացվում է, որ ֆիլմի գլխավոր հերոս Հ. Բաբախանյանը տեղյակ չէ, որ իր սերիալի նկարահանումները շարունակվում են: Գագիկ Մկրտչյանը նաեւ հավաստիացրեց, որ Սարգսյանները եղել եւ մնալու են «Արմենիայի» սեփականատերերը: Ինչ վերաբերում է «Հայֆիլմում» եւ հեռուստաընկերությունում տեղի ունեցող կրճատումներին՝ նա հայտնեց, որ իրենց մոտ կադրային կրճատումներ չեն լինում, ընդհակառակը՝ նոր աշխատողներ են ընդունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել