Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ ԿԱՆԳՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ»

Հունվար 11,2008 00:00

«Կարիք չկա սքողելով Առաջին հանրապետության թողած հետքերը մեր երկրի պատմության մեջ՝ սեթեւեթել եւ աշխատել դրա հիման վրա մոռացության տալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Առաջին հանրապետության եւ նույնիսկ իր օրոք:

Մեզ հայտնի է, թե նա ինչպես վարվեց Առաջին հանրապետության կուսակցության հետ: Սեթեւեթելը քաղաքական այդ մասշտաբի գործչին չի սազում»,- Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես արտահայտվեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ընկեր Թովմասյանը խիստ վրդովված է նրանից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձել է Առաջին հանրապետությունը ներկայացնել Սովետական Հայաստանի անցման համար նպաստավոր ժամանակաշրջան, որովհետեւ՝ «Պատմությունն էլ, ժողովուրդն էլ շատ լավ գիտեն, թե այդ շրջանն ինչ է տվել եւ ինչ են ժառանգել կոմունիստներն Առաջին հանրապետությունից. աղքատություն, գաղթականություն, հիվանդություններ, սով, փողոցներից օրական 150 դիակ էր հավաքվում…, արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության մասին խոսելն էլ արդեն անիմաստ է: Առաջին հանրապետության ժամանակ խայտառակ պայմանագրեր կնքվեցին, եւ դրանց հիման վրա էր, որ Հայաստանին մնաց 10 000 քառ. կմ, որը բոլշեւիկները հասցրին 30 000-ի: Այսպես շաղկապել եւ մեկը մյուսին շարունակություն դարձնել՝ ես չեմ կարող ներել պատմաբան, գիտական մարդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ նա ազնվաբար չի կանգնում հայ ժողովրդի պատմության կողքին»: Մեր զրուցակիցն ընդունում է, որ խորհրդային տարիներից շատ բացեր կարելի է գտնել, եւ փաստում, որ իրենք էլ չեն թաքցնում դրանք, բայց՝ «Կառուցելով ենք սխալվել, ծնկել ու շենացրել երկիրը, ոչ՝ քանդելով ծնկել ու ծնկի բերել հանրապետությունը, որը իրենից սկսած մինչ օրս վաճառում են ու չի պրծնում»: «Եկեղեցու խունկն էլ է երբեմն վերջանում»,- ժողովրդական խոսքը մեջբերելով, նույն ոգով մեր զրուցակիցը շարունակում է. «Բերանը չի բռնում գովեստով խոսի սովետական շրջանի մասին, որովհետեւ հետո կասեն՝ բա ինչի՞ քանդեցիր այդ երկիրը: Նա պիտի օբյեկտիվ գնահատական տար եւ սխալներն էլ ասեր՝ չէինք առարկի»: Ընկեր Թովմասյանի կարծիքով, խորհրդային կարգերի դեմ խոսելով՝ Տեր-Պետրոսյանը նաեւ մեծ ընտրազանգված է կորցնում, հատկապես, որ նրա հակառակորդ վարչապետը այդ ընտրազանգվածը շահելու գործնական ուղին է բռնել՝ թոշակների, նպաստների ավելացում եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել