Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսել են դիտարկել

Հունվար 11,2008 00:00

«Ընտրությունների ելքը մեր գործը չէ, եթե ընտրությունների անցկացումը ճիշտ էր»,- երեկ ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը արդեն երկու օր է, ինչ սկսել է իր դիտորդական առաքելությունը Հայաստանի նախագահական ընտրություններում: Դեսպան Գեռտ-Հինրիխ Արենսի գլխավորած առաքելությունը կազմված է 11 հիմնական մասնագետներից, ովքեր աշխատում են Երեւանում, եւ 28 երկարաժամկետ դիտորդներից, որոնք հունվարի 15-ից կգործուղվեն հանրապետության տարբեր մարզեր: Առաքելության կազմում են 22 երկրների ներկայացուցիչներ: Իսկ ընտրություններից անմիջապես առաջ ԺՀՄԻԳ-ը Հայաստան կգործուղի եւս 250 դիտորդների, որոնք կհետեւեն ընտրական տեղամասերի բացմանը, քվեարկությանը, քվեաթերթիկների հաշվմանը եւ արդյունքների ամփոփմանը: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում առաքելության ղեկավարը հույս հայտնեց, որ իրենց առաքելության ավարտին կկարողանան արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել որոշակի առաջընթաց: Դեսպան Գեռտ Արենսը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

– Ամենայն հավանականությամբ ԱՄՆ կառավարության նախաձեռնության էքզիթ-փոլը տեղի կունենա փետրվարի 19-ի քվեարկությանը զուգահեռ, ինչպիսի՞ արդյունք այն կունենա ձեր առաքելության համար:

– Մենք ինքներս երբեք դա չենք արել, եւ եթե լինեն էքզիթ-փոլի արդյունքներ, դա եւս մեկ տեղեկատվություն է: Սակայն նման էքզիթ-փոլը մենք չենք կարող դիտել որպես կանխորոշիչ՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Դա լինելու է ԱՄՆ կառավարության նախաձեռնությունը, եւ մենք դա ընկալելու ենք որպես այդպիսին:

– Կարծիքների գնահատման առաքելությունը դեկտեմբերի սկզբին արձանագրել էր, որ թեկնածուների համար ԶԼՄ-ները ոչ հավասար պայմաններ են ապահովում: Դուք երկու օր է՝ այստեղ եք, հնարավորություն ունեցե՞լ եք հետեւել՝ փոփոխություններ եղե՞լ են:

– Կարծիքների գնահատման առաքելությունը եւ նրա կարծիքները հիմնված են տարբեր մարդկանց հետ հանդիպումներից ստացված ինֆորմացիայի վրա: Խոսելով ԶԼՄ-ների դիտարկման մասին՝ կարող եմ ասել, որ մենք կսկսենք այդ դիտարկումը, որպեսզի տեսնենք, թե ինչպես են ներկայացվում առաջադրված թեկնածուները մինչեւ քարոզարշավի սկիզբը եւ դրանից հետո: Մենք գնահատելու ենք ԶԼՄ-ների թե՛ քանակական, թե՛ որակական մասը եւ հետեւելու ենք էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցներին:

– Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների կողմից տրվեց ընդհանրական դրական գնահատական, իսկ թե ինչ էր կատարվում այդ երկրում՝ բոլորս տեսանք: Ի՞նչ եք կարծում, ԵԱՀԿ դրական գնահատականը ի՞նչ ազդանշան է հարեւան պետություններին եւ նրանց իշխանություններին, սա չի՞ կարող վատ օրինակ ծառայել:

– Ես ընտրություններ եմ դիտարկել մի շարք երկրներում, նաեւ՝ Վրաստանում, որտեղ ես ղեկավարել եմ դիտորդական առաքելությունը, եւ ուզում եմ ասել, որ ցանկացած դիտորդական առաքելության ղեկավարի խորհուրդ է տրվում կենտրոնանալ այն երկրի վրա, որտեղ տեղի են ունենում ընտրությունները: Կարող եմ իմ փորձից ասել, որ բոլոր երկրները տարբերվում են, ներառյալ այն խնդիրները, որ կարող են առաջանալ ընտրությունների ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել