Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔԻ ՀԱՐՑԸ ՍՈՒՂ Է

Հունվար 11,2008 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, նախընտրական շտաբների համար տարածքներ վարձակալելը պրոբլեմ է

Փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին «Իմաստավորելով անցյալը՝ դեպի ապագա» կարգախոսով մասնակցող ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների համար հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ների եթերը դեռեւս անհասանելի է: Բայց սա նախընտրական շրջանում Լ. Տեր-Պետրոսյանի համակիրների համար իշխանությունների կողմից հարուցված միակ խոչընդոտը չէ: Ըստ որոշ տեղեկությունների, դեռ անցյալ տարվա դեկտեմբերից սկսած խոչընդոտներ են հարուցվում նաեւ նրա նախընտրական շտաբների գործունեության համար տարածքների վարձակալության հարցում: Մեր աղբյուրների ասելով, հատկապես մարզային համայնքներում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի համար «ազատ տարածքներ» կամ չկան, կամ քիչ են: «Առավոտի» տեղեկություններով, վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին աջակցող ուժերը «ազատ տարածքները» հիմնականում արդեն վարձակալել են, թեեւ դրանց մի մասի նշանակությունը հենց «զբաղեցրած» համարվելն ու այդպես էլ փակ մնալն է: Այն, որ նախագահի թեկնածուների համար ստեղծված պայմանների անհավասարությունն առաջին հերթին պետք է վերաբերեր հենց Լ. Տեր-Պետրոսյանին՝ «բնական» կարելի է համարել. իշխանությունը պայքարում է հենց նրա դեմ: ՀՀ առաջին նախագահի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը եւս երեկ «Առավոտի» հետ զրույցում արձանագրեց քաղաքական ուժերի եւ թեկնածուների ու հատկապես Տեր-Պետրոսյանի համար նախընտրական գործընթացներում անհավասար պայմանների առկայության փաստը: «Էլեկտրոնային ԶԼՄ-ների կողմից մենք ենթարկված ենք տեղեկատվական տոտալ շրջափակման, եւ միայն մի քանի թերթեր, որոնք անկախ են եւ իշխանությունների կողմից չեն վերահսկվում, իրենց սահմանափակ տպաքանակով որքանով կարողանում՝ հասարակությանը փորձում են մատուցել տեղեկատվություն մեր թեկնածուի գործունեության ու գաղափարախոսության ու ներկայացրած ծրագրերի վերաբերյալ»,- ասաց Ա. Մուսինյանը:

Ինչ վերաբերում է նախընտրական շտաբների ձեւավորմանը, ապա, խոսնակի հավաստմամբ՝ «այստեղ նույնպես մենք հանդիպում ենք իշխանության կողմից հարուցված բացահայտ խոչընդոտների: Օրինակ, երբ տեղերում նախընտրական շտաբի գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվում, հաջորդ օրը, երբ այդ պայմանավորվածություններն արդեն պետք է կոնկրետացվեն, տարածքի սեփականատերը հրաժարվում է տարածքը տրամադրել՝ երբեմն առանց բացատրության, երբեմն էլ խոստովանելով, որ իշխանության կողմից հրահանգ կամ ճնշումներ կան տարածքը մեր թեկնածուին չտրամադրելու համար», ինչը պատահում է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մյուս տարածքներում եւս: «Այդուհանդերձ, չնայած հարուցված խոչընդոտներին եւ սպառնալիքներին, գտնվում են անհատներ, ովքեր համարձակություն են դրսեւորում անգամ ճնշման եւ սպառնալիքների դեպքում տարածք տրամադրել մեզ, ինչը վկայում է նաեւ, որ հանրապետությունում վախի մթնոլորտը Տեր-Պետրոսյանի 4-ամսյա ակտիվ գործունեության արդյունքում էապես կոտրվել է»,- ասաց շտաբի խոսնակը:

Նրա փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանի թիմակիցները որպես նախընտրական ենթաշտաբներ մեծ մասամբ կօգտագործեն աջակից կուսակցությունների տարածքային գրասենյակները եւ, իհարկե, այն տարածքները, որոնք տրամադրում են աջակից-քաղաքացիները:

ՀՀ առաջին նախագահի նախընտրական շտաբներ են բացվելու շրջանային կենտրոններում, Երեւանի բոլոր համայնքներում, հնարավորության դեպքում՝ նաեւ քաղաքատիպ ավաններում ու գյուղական համայնքներում: «Բայց մեր առջեւ հարուցված խոչընդոտներն իսկապես թույլ չեն տալիս մեզ լիարժեք նախընտրական գործունեություն ծավալել»,- խոստովանեց մամուլի խոսնակը:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Ա. Մուսինյանն ասաց, որ նախընտրական փուլում եւս շարունակվում են եւ ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ դեռ ավելի կարող են սաստկանալ Տեր-Պետրոսյանի թիմակիցների եւ հնարավոր համակիրների նկատմամբ կիրառվող ճնշումները: Դրանց վերաբերյալ, ըստ Ա. Մուսինյանի, ահազանգեր ստացվում են ամեն օր. «Դրանք լինում են բանավոր զրույցների տեսքով, երբեմն քողարկված եւ անուղղակի: Իշխանություններն, իհարկե, փորձում են այնպես անել, որ այդ ճնշումները ցայտուն դրսեւորված չլինեն, բայց դրանք պերմանենտ շարունակվում են»:

Ինչպես անցյալ տարեվերջին տեղի ունեցած հանրահավաքների արանքում, այնպես էլ այսօր տեղի ունեցող այդ ճնշումների, օրինախախտումների մասին Տեր-Պետրոսյանի շտաբը շարունակում է կոնկրետ եւ հասցեագրված փաստեր արձանագրել, հավաքել՝ դրանք ժամանակ առ ժամանակ ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային կառույցներին ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է մինչ օրս տեղի ունեցած օրինախախտումներին, օրինակ՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ իշխանության թեկնածուի օգտին քարոզարշավ ծավալելու դեպքերին՝ ապա, Ա. Մուսինյանի մատուցմամբ, այդ եւ ոչ միայն քաղաքական ուժերի կամ թեկնածուների, այլեւ պետական մարմինների, այդ թվում՝ ե՛ւ ԿԸՀ-ի, ե՛ւ իրավապահ մարմինների կողմից թույլ տրված օրինախախտման բոլոր դեպքերին Տեր-Պետրոսյանի շտաբում ստեղծված հատուկ խումբը ուշադրությամբ հետեւում է: «Օրինախախտման աղաղակող դեպքեր լինելու պարագայում մենք անպայմանորեն հանդես ենք գալու դրանց մեկնաբանությամբ եւ գնահատմամբ, չի բացառվում, որ առանձին դեպքերում մենք փորձենք օրինախախտումները վիճարկել նաեւ դատական կարգով»,- ասաց ՀՀ առաջին նախագահի նախընտրական շտաբի խոսնակը:

ՀՀ նախագահի մյուս թեկնածուի՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ առայժմ իրենց համար նախընտրական շտաբի համար տարածքի վարձակալման պրոբլեմը միայն հարմար տեղ եւ նորմալ շինություն գտնելն է, եւ հավելեց, թե դրան՝ «որպես խոչընդոտի, մենք արդեն մեկուկես ամիս է՝ հանդիպում ենք: Բայց դա, ինձ թվում է, ունի որեւէ տարածք կամ բնակարան վարձակալող ցանկացած քաղաքացի: Միտումնավոր խոչընդոտներ մեր դեմ դեռեւս չեն հարուցվում, ուղղակի ազատ տեղերը քիչ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել