Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱԲԵԼ»

Հունվար 11,2008 00:00

Հիշեցնում է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը

– Պարոն Զաքարյան, դուք ՀԺԿ-ից հեռանալու դիմում վերջերս եք գրել, եւ ասում են՝ պատճառն այն է, որ ՀԺԿ-ն սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ դուք նրան դեմ եք:

– Ժողովրդին չի կարելի խաբել: Ինձ զարմացնում է, որ թեկնածուներից ոմանք կամ չեն ուզում տեսնել իրականությունը, կամ իրենց չտեսնողի տեղ են դնում. Հայաստանում այն փոխվել է 2005-ի սահմանադրական հանրաքվեից հետո: Ընդունենք կամ չընդունենք այդ հանրաքվեն, Սահմանադրությունը, այն կայացել է, գործում է եւ ընդունված է միջազգային հանրության կողմից, իսկ եթե այն գործում է, ուրեմն նախագահի այսօրվա ընտրությունը տարբերվում է նախորդ բոլոր ընտրություններից, որովհետեւ ՀՀ նախագահը, որը պիտի ընտրվի այս փետրվարին, չի ունենալու այն լիազորությունները, որն ունեին մինչ այժմ եղած նախագահները: Նոր նախագահը չի կարողանալու ցրել ԱԺ-ն, ցրելիս էլ պիտի ունենա վարչապետի եւ ԱԺ նախագահի համաձայնությունը եւ այլն: Եվ այս դեպքում ինձ զարմացնում են ոմանց խոստումները: Եթե դու կառավարությունը չես վերահսկում, Ազգային ժողովում մեծամասնություն չունես, ուրեմն ի՞նչ խոստումներ ես տալիս:

– Նկատի ունեք Տեր-Պետրոսյանի ծրագի՞րը:

– Նաեւ Տեր-Պետրոսյանի: Ի՞նչ, ստացվում է, եթե իր գնահատականով ավազակապետություն է, եթե այդ մարդիկ հանցագործ են, ուրեմն ինքը նրանց հետ ինչպե՞ս է աշխատելու: Եթե չի աշխատելու այս կառավարության եւ ԱԺ-ի հետ, ինչպե՞ս է իրականացնելու ծրագիրը, եթե հույսը անսկզբունք մարդկանց, պատեհապաշտների վրա է, նրանցո՞վ պիտի իրականացնի իր ծրագիրը: Քիչ հավանական է: Նաեւ մյուս թեկնածուները. ես չեմ պատկերացնում՝ ինչպես պիտի իրենց ծրագիրը իրականացնեն, եթե ԱԺ-ում մեծամասնություն չունեն եւ չեն պատրաստվում աշխատել առկա մեծամասնության հետ: Եթե չեն պատրաստվում աշխատել, ուրեմն այս ամենը ձեւ է, այսինքն՝ ուզում են հեղափոխությո՞ւն անել: Սա այլ հարց է: Բայց եթե մենք ընդունում ենք, որ ձգտում ենք լինել օրենքի երկիր, մի հակասական իրավիճակի առաջ ենք կանգնում, այն է՝ ըստ Սահմանադրության ընձեռած հնարավորության, այս երկրում արմատական փոփոխություններ ի վիճակի է կատարել միայն այն թեկնածուն, որն ԱԺ-ում ունի մեծամասնություն, այլ հարց է՝ կցանկանա՞, թե՞ չի ցանկանա: Մնացած թեկնածուները այդ կարգի խոստումներ տալով՝ խաբում են:

– Հավանաբար տեղեկություններ ունեք ՀԺԿ-ի մասին, տարբեր թվեր են ասվում, ըստ որոշ պնդումների էլ՝ կուսակցության անդամների թիվը պակասել է, իսկ ըստ ոմանց պնդումների՝ շարքերը ամենեւին չեն ողջունում կուսակցության խորհրդի որոշումը՝ կանգնել Տեր-Պետրոսյանի կողքին:

– Սկզբունքորեն, ինքս ՀԺԿ-ի դեմ երբեք չեմ խոսի, որովհետեւ ես այդ կուսակցության անդամ, քարտուղար եմ եղել, պաշտպանել եմ այս կուսակցության շահերը: Չեմ ուզում խոսել ՀԺԿ-ի մասին, ՀԺԿ-ին հանգիստ թողնենք: Ուղղակի Կարեն Դեմիրճյանը մի պատկերավոր արտահայտություն ուներ, ասում էր. «Ես եկել եմ երկիրը փոսից հանելու»: Հիշեք, թե մինչեւ 98 թիվը ով էր իշխում այս երկրում եւ ինչն էր պատճառը, որ այս երկիրը հայտնվեց «փոսում»: Ինքս դեռ 1996 թվականին ձեր թերթում եմ տպագրել հոդվածներ ժողովրդի հավատի կորստի մասին: Դուք հիշում եք այդ պատմությունը, խոսքը հացի թերակշռումների մասին էր, եւ այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը պաշտպանեց թերակշռողներին: Բայց հարցը դա չէ: Ամենամեծ թերացումները ես համարում եմ ոչ թե մութը, ցուրտը, ես այդ մասին չէի խոսի, սխալ եմ համարում այդ մասին խոսելը: Ես համարում եմ, որ ամենամեծ հնարավորությունը տրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ 88-ին մեր ժողովուրդն այնքան համախմբված էր, որ երբեք այդքան համախմբված չէր եղել, այնքան մեծ հավատ ուներ իր ուժերի հանդեպ, որ երբեք չէր ունեցել, եւ անարդարությունը կոտրեց այդ հավատը: Ժողովրդի հավատը վերջնականապես կոտրվեց 96 թվին: Այդպիսի ժողովուրդ ունենալ 88-ին եւ կոտրե՞լ այդ ժողովրդի ոգեւորությունը, ուրեմն ի՞նչ հանճարի մասին է խոսքը: Բա կարելի՞ է կոտրել այն ժողովրդին, որը հավատում է իր ուժերին, որը ձիու վրա էր եւ իրենից մի քանի անգամ բազմաքանակ ուժերի դեմ էր գնում, խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ, խոսքը նաեւ խորհրդային զորքերի մասին է, ասել՝ դու սովորական ժողովուրդ ես: Տվյալ պահին մենք արտասովոր էինք, եւ չէր կարելի կոտրել այդ ժողովրդին, դարձնել սովորական: Ինձ համար դա աններելի է: Ամենամեծ կորուստը իր ուժերի հանդեպ մեր ժողովրդի հավատի կորուստն էր: Եվ սրա համար ոչ ներկա իշխանությունն է մեղավոր եւ ոչ էլ որոշ անհատներ, ամենամեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել