Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական անցուդարձ

Հունվար 10,2008 00:00

Տիգրան Լ. Պետրոսյանը՝ միանձնյա առաջատար

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնությունը:

Երեկ կայացած երկրորդ տուրում երիտասարդ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանի հետ պայքարում տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ 2,0 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Արդյունավետ ավարտվեց նաեւ Տիգրան Քոթանջյան-Կարեն Ասրյան, Տիգրան Նալբանդյան-Զավեն Անդրիասյան զույգերի հակամարտությունը, որտեղ հաջողությունն ուղեկցեց Կարենին եւ Զավենին: Արման Փաշիկյան-Արա Մինասյան, Արսեն Եղիազարյան-Սամվել Տեր-Սահակյան, Սմբատ Լպուտյան-Արտաշես Մինասյան պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ:

Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ: 1. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 2,0 միավոր, 2-7. Կարեն Ասրյան, Արա Մինասյան, Զավեն Անդրիասյան, Սամվել Տեր-Սահակյան, Արտաշես Մինասյան՝ 1,5-ական, 8-9. Սմբատ Լպուտյան, Արման Փաշիկյան՝ 1,0-ական, 10. Արսեն Եղիազարյան՝ 1/2 11-13. Աշոտ Անաստասյան, Տիգրան Նալբանդյան, Տիգրան Քոթանջյան, Լեւոն Բաբուջյան՝ 0 միավոր:

Գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը երեկ հանգստանում էր:

Երեկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում մեզ տեղեկացրին, որ հունվարի 13-ին մեկնարկելու է նաեւ հանրապետության կանանց բարձրագույն խմբի առաջնությունը, որին, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, չեն մասնակցելու գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Անդրկովկասում առաջինն ենք

Համաշխարհային ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հունվար ամսվա հրապարակած հարյուր երկրների ազգային առաջնությունների վարկանիշային ցուցակում Հայաստանը 288 միավորով 58-րդ տեղում է:

Ուժեղագույն առաջնություն ճանաչվել է Անգլիայի պրեմիեր լիգան: Առաջին եռյակում նրան համապատասխանաբար հաջորդում են Իսպանիան եւ Իտալիան: Համեմատության համար ասենք, որ լավագույն հարյուրյակը եզրափակում է Ադրբեջանը, իսկ Վրաստանը 74-րդ հորիզոնականում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել