Ֆրանսահայ գործարարն օգնություն է խնդրում նախագահից
«Հարգելի պարոն նախագահ, եկել եմ Ղարաբաղ Ֆրանսիայից՝ ամենաբարի ու հայրենասիրական նպատակներով, խոր համոզմունքով հաստատվելով Ղարաբաղում՝ հայոց պատմամշակութային մայրաքաղաք Շուշիում, կկարողանայի բազմապատկել իմ գործերի արդյունքները՝ հօգուտ Ղարաբաղի, օրինակ տալով հայ երիտասարդներին, որ հնարավոր է գալ Ղարաբաղ, ապրել Ղարաբաղում ու ավելի ուժեղ ձեւերով, քան թե սփյուռքից աշխատել: Եկել եմ նվիրված, այսօր չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում»: Այսպես է սկսել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակը ֆրանսահայ Օլիվեր Ռակեդջյանը, ում Շուշիում որպես Արմեն են ճանաչում։ Նամակը գրվել է անցած տարվա դեկտեմբերի 25-ին: Արմենը 2004-ին Փարիզից տեղափոխվել է Շուշի։ Նա եկել է որոշակի ծրագրերով՝ հիմնադրել ձեռնարկություններ, մարդկանց ապահովել աշխատանքով, զարգացնել Շուշիում զբոսաշրջությունն ու ծառայությունների ոլորտը՝ ակնկալելով, իհարկե, դրանից շահույթ ստանալ։ Շուշիի վարչակազմի եւ քաղաքապետարանի թույլտվությամբ երեք տարածք է գնել եւ բացել համակարգչային ծառայությունների կենտրոն, անշարժ գույքի գործակալություն եւ հուշանվերների խանութ։
Անցել է որոշ ժամանակ, եւ նրան սկսել են անհանգստացնել ու աստիճանաբար պատին սեղմել: Արմենից սկսել են ետ վերցնել իր բոլոր տարածքները։ Սկզբում փորձել է պայմանավորվել «որոշող» մարդկանց հետ։ Սակայն, քանի որ կաշառք տալու ունակություն չունի, հասկացել է, որ անհնար է։ Հետո անցել է դատական պաշտպանության միջոցներին։ «50 000 ԱՄՆ դոլար ներդրում կատարելուց հետո Շուշի քաղաքում, 15 000 ԱՄՆ դոլար մինչ այսօր պարտք եմ մնացել Ֆրանսիայի իմ ընկերներին,- գրում է Արմենը:- Մի տարուց ավելի այս պատմությունների մեջ եմ: Տուրիստներ են եկել Ղարաբաղ իմ առաջարկությամբ, լրագրողների եմ օգնել, վերջերս էլ զբոսաշրջությունն ակտիվացնելու համար Ղարաբաղի մասին մի գիրք եմ հրատարակել ֆրանսերեն: Այժմ գիրքը թարգմանվում է անգլերեն: Աշխատել Ղարաբաղի համար՝ միայն սա եմ ուզում, բայց խոչընդոտներն այնքան շատ են, որ հնարավոր չէ այլեւս շարունակել: Ստիպված բոլոր գործերս մի ամիս առաջ կանգնեցրել եմ»:
Նախագահի աշխատակազմից դեռ չեն պատասխանել Արմենի նամակին: Սակայն, մեր տեղեկություններով, Ղարաբաղի կառավարության ղեկավարը հրահանգ է տվել համապատասխան մարմիններին՝ պարզել գործի հանգամանքները: Դեռ պարզում են:
Արմենն ասում է, որ այս երկրում նրանք, ովքեր ուժ ունեն, չեն ենթարկվում օրենքին, սակայն ուրիշներից պահանջում են ենթարկվել իրենց՝ որպես օրենքի ներկայացուցչի։
«Կամաց-կամաց հասկացա, որ ցանկությունս՝ օրենքով աշխատել, առանց կաշառք տալու եւ բարձր աշխատավարձ ապահովելով, չէր ստացվում: Որովհետեւ ինձ վրա գործել է եւ՛ օրենքը՝ որպես անիմաստ եւ չգործող համակարգ, եւ՛ ոչ օրենքը, նայած՝ ի՞նչ էր ձեռք տալիս շահագործելու իմ ներկայությունը: Ինչ սպասելի էր՝ կատարվեց, բանկրոտի է ենթարկվել ընկերությունս»,- գրված է Արմենի՝ նախագահին ուղղված նամակում:
Շուշի, Պ. Պռոշյան փ. 1, առաջին հարկում գտնվող 121,34 քմ տարածքն Արմենը գնել է 2005 թ. ապրիլի 6-ին՝ 12 000 ԱՄՆ դոլարով, «Անթառամ» կոոպերատիվից: Փոխանցել է 8.5 հազար դոլար: Սակայն առ այսօր չի կարողացել իր իրավունքները գրանցել Շուշիի կադաստրի, նոտարի մոտ՝ սխալ պայմանագիր կնքելու պատճառով: 18.12.2007 թ. դատարանն անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրը՝ նշված տարածքը թողնելով վաճառողին իբրեւ սեփականություն՝ առանց պարտավորեցնելու որեւէ գումար վերադարձնել Արմենին: Գերագույն դատարանը, վերաքննելով գործը, ընդունել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռն անհիմն ու անօրինական է: Դատի ընթացքում պարզվել է, որ նոտարը սուտ է խոսել, սխալներ է թույլ տվել, որ վաճառողը փորձել է կաշառքի միջոցով գործել, որ, իրոք, նշված տարածքը նշված գնով վաճառվել է Արմենին: Դատավորը որոշել է, որ օրենքը խախտվել է, սակայն որեւէ պատիժ կամ հատուցում չի սահմանել:
«Շենքը գնել եմ, իմս է, չեմ տալու»,- ասել է Արմենը: 2004 թ. գրանցվեց նաեւ «Շուշի Գրուպ» ՍՊԸ-ն: «Այն ժամանակ հայերենին լավ չէի տիրապետում, շրջապատը ծանոթ չէր ինձ: Դրա պատճառով լրիվությամբ վստահել եմ իմ հաշվապահ Գոհար Մամուլյանին եւ հարկային վարչության աշխատակազմին: Միակ ցանկությունս է եղել՝ ճիշտ հայտարարել գործունեություններս ու վճարել համապատասխան բոլոր հարկերը: 2006 թ. հուլիսին բանկրոտի է ենթարկվել ընկերությունս: Մինչեւ այսօր այն չեմ հասցրել լուծարել»,- պատմում է Արմենը:
2005 թ. «Շուշի Գրուպ» ՍՊԸ-ի անունով Շուշիում ձեռք է բերել Ազրյան փ. 6Ա հասցեում գտնվող հողատարածքը՝ քաղաքապետարանի հետ կնքելով 99 տարով վարձակալության պայմանագիր: «Շուշիի քաղաքապետ Ֆելիքս Հակոբյանն ինձ բացատրում է, որ վերագրանցվելու համար պետք է գրեմ երկու դիմում՝ մեկ, որ «Շուշի Գրուպը» հրաժարվում է պայմանագրից, մեկն էլ իմ անվամբ՝ վերագրանցվելու: Մյուս օրը կանչում է ինձ ու բացատրում, որ առաջին դիմումն ընդունել է, իսկ երկրորդը վերադարձնում է ինձ: Ստացվում է, որ «օրենքով սահմանված կարգով», իմ դիմումի համաձայն, քաղաքապետարանը տարածքը ետ է վերցրել: Այս հարցով դիմեցի Շուշիի շրջղեկավար Վարդան Գաբրիելյանին, որն ինձ ետ է ուղարկել քաղաքապետի մոտ: Այսքանից հետո, իմանալով, որ Շուշիի քաղաքապետը Շուշիի նոտարի ամուսինն է, ինչքա՞ն պետք է սպասեմ, որ օգնի ինձ՝ տարածքը ճիշտ վերագրանցելու: 99 տարվա պայմանագրի պատճենը պահեցի, շենքի վերանորոգման գործերը սկսեցի, տարածքը չեմ տալիս: Ճիշտն ասած, չգիտեմ՝ ու՞մ դիմեմ»,- ասում է Արմենը:
«Հայտնում եմ Ձեզ, որ սեղմ ժամկետում իսկական շարժում չնկատելու դեպքում այս նամակը հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն կհրապարակվի ինտերնետում՝ բոլոր համապատասխան փաստաթղթերով եւ կփոխանցվի հարյուրավոր հայկական լրատվական միջոցների՝ Ղարաբաղում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ՝ հազարավոր անձանց: Արդեն մի տարուց ավելի բարձրագույն մարմինների միջոցով փորձել եմ լուծում գտնել այս հարցերին ու խաբեություններին: Բայց խոստումները հակառակ հետեւանք են ունեցել: Ժամանակ չի մնում անիմաստ զրուցելու, հիմա իրավունքներս պետք է վերականգնվեն, ու հասկանում եմ, որ միայն Ձեր անձնական միջնորդությամբ հնարավոր կլինի»: