Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ՝ տաղանդը, հետո՝ փողը

Հունվար 10,2008 00:00

Ըստ ճանաչված կիթառահար Կարո Սարաֆյանի, սա է իրական աստղ դառնալու բանաձեւը

Կիթառը որպես սոլո երաժշտական գործիք, համառորեն մուտք չի գործում հայաստանյան շոու-բիզնես: Համոզված ենք, որ եթե ոչ մասնագետների շրջանում հարցախույզ անցկացնենք այն թեմայով, թե ում են ճանաչում համաշխարհային եւ հայաստանյան կիթառահարներից, կլսենք երկու անուն՝ Պակո դե Լյուսիա եւ Հակոբ Ջաղացպանյան: Փաստենք, որ դեռ խորհրդային տարիներին այս գործիքը ուսուցանվում էր հանրապետության գրեթե բոլոր երաժշտական դպրոցներում: Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն կրթօջախները, որտեղ կա կիթառի դասարան: Միայն 90-ականների վերջերին Երեւանի կոնսերվատորիան տվեց կիթառահարների առաջին շրջանավարտները: Վերջին տարիներին հազվադեպ կարելի է հանդիպել կիթառի երաժշտության երեկոյի հրավիրող հայտագրերի: Մի խոսքով, հայերիս համար սիրելի այս երաժշտական գործիքը մնացել է ընդամենը որպես նվագակցող եւ ասոցացվում է հեղինակային երգի ժանրի հետ:

«Առավոտը» հանդիպեց վիրտուոզ կիթառահար, ստեղծագործող Կարո Սարաֆյանի հետ: Երաժիշտը 17 տարի աշխատել է Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, որի կազմում հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 40 երկրում: Թողարկել է 3 CD՝ «Հուշեր», «Ուտոպիա», «Փոքրիկ պատմություն», ու թեեւ դժվար է պատկերացնել հայաստանյան շոու-բիզնեսն առանց այս կիթառահարի ներկայության (նա նվագակցում է Թաթային, Նունե Եսայանին եւ այլոց), այնուամենայնիվ, մինչ օրս արվեստագետը մենահամերգով հանդես չի եկել: Այս առիթով Կ. Սարաֆյանն ասաց. «Մեր ժամանակներում բարձրակարգ երաժիշտ լինելը դեռ բավարար չէ մենահամերգ տալու համար, պարզ պատճառով՝ ծախսերն են շատ: Հրավիրված երաժիշտներին, իսկ նրանք ինձ հետ հանդես գալու դեպքում նվազագույնը 7 հոգի կլինեն, պետք է յուրքանչյուրին վճարել $500-ական, սարքավորումների ու դահլիճի համար՝ շուրջ $5000 եւ այլն»: Ինչ վերաբերում է նրան, որ մեզ մոտ կիթառը որպես սոլո գործիք չի հանդիպում, արվեստագետը հուսադրեց. «Եթե արդեն համերգներն անցնում են կենդանի հնչողությամբ, ուրեմն առաջիկայում զուտ կիթառի երեկոներ էլ կլինեն»:

Դիտարկմանը, թե երաժշտին հանդիպում ենք ոչ միայն տեղական աստղերի, այլեւ ռաբիս կատարողների նվագակցելիս, Կ. Սարաֆյանի պատասխանը հետեւյալն էր. «Կոմպլեքսներ չունեմ: Ռաբիս երգիչների հետ համագործակցելիս ավելի եմ վարձատրվում ու դրան նայում եմ իբրեւ աշխատանք: Ընդ որում, մեր աստղերի հետ շարունակում եմ շրջագայել արեւմուտքում, նաեւ հրավիրվում եմ դրսի երգիչների հետ հանդես գալու»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ ձեր որոշ կոլեգաների նման դուք էլ գոնե ժամանակավոր չհաստատվեցիք որեւէ երկրում, կիթառահարն ասաց. «Ես հիմա էլ արեւմուտքի այս կամ այն երկիր համերգներով շրջագայելիս հորդորում եմ ընկերներիս գալ հայրենիք: Ընդամենը հորդորում, բայց ոչ դատապարտում, քանի որ վերջին տարիներին տեսնում եմ, թե ինչպես հենց ունեւոր խավն է բույն դնում եվրոպաներում եւ ամերիկաներում»: Վերադառնալով հայաստանյան շոու-բիզնեսին, հարցրինք՝ իր կարծիքով, ի վերջո, աստղ դառնալու համար առաջնահերթը գումա՞րն է, թե՞ տաղանդը, եւ կգա՞ ժամանակ, երբ հայաստանցի հարուստները հոժարակամ, առանց հետին ակնկալիքների կհովանավորեն շոու-բիզնեսը, Կ. Սարաֆյանը պատասխանեց. «Անշուշտ, աշխարհում տարածված է աստղ «սարքելը», բայց ամեն դեպքում տաղանդ է պետք, հետո միայն՝ գումար: Հայաստանցի մեծահարուստներն էլ սիրով ներդրումներ կկատարեն, երբ ունենանք տնտեսապես զարգացած երկիր, մեկենասության մասին օրենք եւ ճիշտ հարկային քաղաքականություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել