Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԵԼ ՄԵՐ ԳՅՈՒՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հունվար 10,2008 00:00

Այսպես է մեր երկրին հայերեն սեր բացատրում ամերիկացի Գարի Գլասը

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորականներից մեկը՝ Գարի Գլասը, Հայաստանում է անցյալ տարվա հունիսի 4-ից: Օգոստոսից երիտասարդը ապրում է Սյունիքի մարզի սահմանամերձ՝ Դավիթ-Բեկ գյուղում ու տեղի դպրոցում էլ էկոլոգիա է դասավանդում: Երեխաներն էլ նրան, խորհրդային տարիների իներցիայով, ընկեր Գարի են անվանում: Մեր Հայաստան, մեր գյուղ, մեր բնություն՝ ամեն նախադասության մեջ մեր երկրի մասին խոսելիս ասում էր «ընկեր» Գարին ու հավաստիացնում, որ իր տեսած երկրներից ամենագեղեցիկ բնությունը Հայաստանն ունի, իսկ ամենահյուրասեր մարդիկ հայերն են: «Ով տեսնել, ասել՝ արի՛, արի՛ մեր տուն, Ամերիկայում նման բան չկա»,- ոգեւորված պատմում էր ամերիկացի երիտասարդը: Նրան հարցրինք՝ ինչպե՞ս են անցնում իր դասերը, արդյո՞ք երեխաները չեն «գժվացնում»: Ասաց, որ Դավիթ- Բեկի դպրոցականները շատ հետաքրքրասեր են, ուշադիր, բառացիորեն «կլանում» են ցանկացած նոր ինֆորմացիա: Նրանք Գարիի հետ հաճախ են արշավների գնում, հավաքում են անտառում թափված պլաստիկե եւ ապակյա շշերը ու ուսուցչին խոստանում, որ երբեք չեն կեղտոտի շրջակայքը: Գարին նրանց բացատրում է, թե ինչպես կարելի է չափել Քաշունագետի խորությունը, ջերմաստիճանը, բաղադրությունը: Ազատ ժամանակ ամերիկացի էկոլոգը «վերածվում» է ֆուտբոլի, վոլեյբոլի ու բասկետբոլի մարզչի: Նա դպրոցի համար 17 կաշվե գնդակ է գնել:

Գարին գյուղում ապրում է Դավիթ եւ Նորա Հայրապետյանների ընտանիքում, նրանց մայրիկ ու հայրիկ է անվանում, օգնում տնային գործերում: Երիտասարդը 2,5 ամսում հայերեն խոսել է սովորել, ամեն ինչ հասկանում է, ճիշտ նախադասություններ կազմում, սակայն երբեմն մոռանում է օժանդակ բայերը: «Հայերեն շատ սիրուն լեզու, ափսոս՝ մի քիչ դժվար»,- ասում է նա: Գարին Նոր տարին անցկացրել է Դավիթ-Բեկում, իսկ դպրոցական դիմակահանդեսին դարձել է Ձմեռ պապ, ուսուցչուհիներից Ռամելա Դանիելյանն էլ՝ Ձյունանուշ: «Մեզ մոտ՝ Սանտա Կլաուս եւ Միսիս Սանտա, ձեզ մոտ՝ Ձմեռ պապ եւ Ձյունանուշիկ, շաաաա՜տ հետաքրքիր, կառնավալին ես երգել «Զանգակներ», Հայաստանի հիմնը, պարել…»,- ոգեւորվում է երիտասարդը: Իրեն շատ է դուր եկել Ամանորը «հայավարի» անցկացնելը, միմյանց տներ այցելելը: Պատմում է, որ ԱՄՆ-ում մի քանի ժամ է ընտանիքը միասին նշում Նոր տարին, այնուհետեւ յուաքանչյուրը նախընտրում է ամանորյա բերկրանքը ընկերների հետ կիսել:

Գարին հայտնեց, որ Նյու Ջերսիում ապրում են ծնողները, իր երկու քույրերը: Երբ նրանք իմացել են իր Հայաստան մեկնելու մասին, նորմալ են վերաբերվել այդ որոշմանը: Տղան էլ նրանց խոստացել է 2008-ի օգոստոսին էքսկուրսիայի տանել Հայաստանի տեսարժան վայրերով մեկ: Գարին մի քանի անգամ ոտքով Կապանից հասել է Տաթեւ, 2 անգամ բարձրացել Խուստուփ լեռը, ասում է, որ Հայաստանի բնությունը խենթացնելու աստիճան լավն է: Ինքը չի սիրում քաղաքային աղմուկ, Երեւանը հավանում է, բայց Դավիթ-Բեկը՝ գերադասում, պատճառաբանելով, որ Դավիթ-Բեկում ինքը մոտ է բնությանը:

Մի քանի բան է զարմացրել իրեն՝ ինչո՞ւ հայ աղջիկները, իր խոսքով՝ աչիկները, երեկոյան 8-ից հետո դուրս չեն գալիս տնից կամ հայ տղամարդիկ ավելի քիչ են աշխատում, քան կանայք… Գարին Հայաստանում կմնա 2,5 տարի, բայց ուզում է ղեկավարին խնդրել՝ հնարավորության դեպքում երրորդ տարին էլ այստեղ անցկացնի: Ասում է, որ ոչ միայն գրական հայերեն, անգամ Կապանի բարբառն է սովորել: Օրինակ, ինձ հարցրեց. «Հունց ը՞ս, հինչըս անո՞ւմ»: Ամերիկացի երիտասարդը նաեւ մի զվարճալի միջադեպ հիշեց. երբ առաջին անգամ մտել է Դավիթ-Բեկի դպրոց՝ հանդիպելով դպրոցի հավաքարարին՝ ասել է. «Բարեւ ձեզ, ես Գարին եմ», կինն էլ կատակով պատասխանել է՝ «Ես էլ ցորենն եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել