Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ»

Հունվար 10,2008 00:00

Համոզված է իր հաղթանակի մեջ կասկած չունեցող ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը

«Ես այլընտրանքային թեկնածու եմ, որովհետեւ ոչ մի անգամ իշխանության շրջանակներում չեմ եղել: Ես առաջադրված եմ ժողովրդի՛ կողմից»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա թվարկեց նաեւ իր 20 կարգախոսներից մի քանիսը՝ «Եթե երկուստեք պայքարում են, շահում է երրորդը», «Եթե վերցնում են ընտրակաշառք, դառնում են պատանդ», «Այսպես ապրել այլեւս չի կարելի»…

«Եթե դառնամ ՀՀ նախագահ, անպայման մի քանի բան միանգամից հաստատ կփոխեմ՝ կլինի իշխանական թեւերի տարանջատում, վերջիններիս մեջ մրցակցություն, ինչն այսօր առկա չէ: Ոչ թե ձեւական, այլ իրականում կպայքարեմ կաշառակերության դեմ»,- ինչպես միշտ, երեկ էլ խոստացավ նախագահի թեկնածուն: Հարցին՝ արդյո՞ք ԺԿ նախագահը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախագահի բոլոր թեկնածուներին ուղարկված հայտնի հարցաշարին՝ Կարապետիչն ասաց. «Դե թող այդ հարցաշարից ժողովրդին էլ ուղարկի… Բացի այդ, ես բոլոր հարցերին պատասխանել եմ իմ ասուլիսներում, հաղորդումներում, այնպես որ, կրկին պատասխանելը անիմաստ եմ համարում»: Դառնալով իր հաղորդումների ժամանակ բաժանած հեռուստացույցներին, որոնք շատերի համոզմամբ եւս ընտրակաշառք են, Տ. Կարապետյանն ասաց. «Ես դրանք նվիրելիս դիմացը ոչինչ չեմ խնդրել: Մենք հեռուստացույց նվիրելով՝ փորձել ենք մարդկանց հանել «փարոսային» վիճակից»:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նախընտրական շրջանում ԺԿ-ն սկսի անվճար բժշկական ծառայություններ կազմակերպել, ինչի մասին լուրեր են շրջանառվում, Կարապետիչը բացասական պատասխան տվեց:

ԺԿ նախագահը հայտնեց, որ ինքը նախագահի բոլոր թեկնածուներին էլ իրեն մրցակից է համարում եւ նեղվում է, երբ նրանք միմյանց վիրավորում են. «Չի կարելի վիրավորել ինչ-որ մեկին: Յուրաքանչյուրն էլ ունի իր ընտրազանգվածը: Սակայն այլ խնդիր է, որ կան թեկնածուներ, որոնք նույն դաշտում են ու որպես իրենց էլեկտորատ համարում են մարդկանց բողոքական զանգվածին: Այդ թեկնածուները Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արթուր Բաղդասարյանն են: Իսկ այն դաշտում, որտեղ ես եմ, մարդ չկա: Չնայած հոդվածներում ասում են, թե Կարապետյանի ընտրազանգվածը անկայուն է, սակայն բոլորն էլ գիտեն, որ իմ ընտրազանգվածը ազգային քրիստոնյաներն են, որոնք հակված են արդարության: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա ես բոլորի նման չեմ կարծում, թե նա ունի Արեւմուտքի աջակցությունը ու ոչ էլ մտածում եմ, թե նա համընդհանուր բողոքական թեկնածու է»: Կարապետիչը հայտարարեց, որ Վրաստանի նախագահական ընտրությունների օրինակը կիրառելի կլինի նաեւ մեզ համար. «Վրաստանի օրինակը վարակիչ է: Իսկ եթե ոմանք ունակ են վարակվելու, ապա կարող են շատ բաներով վարակվել»,- նշեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր գործընթաց կարող է ունենալ նաեւ խափանում: Տ. Կարապետյանը իր կարգախոսներից առանձնացնելով հատկապես՝ «Եթե երկուստեք պայքարում են, ապա շահում է երրորդը», շեշտեց, որ երրորդ ուժ ասելով նկատի ունի իրեն:

Անդրադառնալով ընտրախախտումներին, Տ. Կարապետյանը հայտարարեց. «Իշխանությունները կփորձեն մաքսիմալ թափանցիկ լինել ու զերծ մնալ կոպիտ խախտումներից, սակայն ինչքան էլ իշխանությունը չուզենա, օրինակ՝ Լիսկան հաստատ 80 տոկոս ձայն կբերի իշխանության թեկնածուին, եթե այդքան պետք էլ չլինի»: Կարապետիչը նաեւ տեղեկացրեց, որ արդեն կազմավորվել է իր նախընտրական շտաբը, որը գտնվում է Մամիկոնյանց 27 հասցեում, իսկ ղեկավարը Կարապետ Հակոբյանն է: Նշենք, որ 2008 թվից փոխել է նաեւ Տ. Կարապետյանի պիջակին ամրացված «Ժողովրդական կուսակցության» կրծքանշանը: Այն փոխարինվել է Ամենայն հայոց կաթողիկոսից ստացած «Ներսես Շնորհալի» շքանշանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել