Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկից ավանդն անհետացել է

Հունվար 10,2008 00:00

Ավանդատուին բանկը համոզում է, թե իր ավանդը նա տարիներ առաջ արդեն ստացել է:

Գյումրեցի Ռիմա Բաղդասարյանը 1991-ին նախկին «Հայխնայբանկի» (ներկայիս՝ «ՎՏԲ-Հայաստան») Գյումրիի մասնաճյուղում 10 հազար 800 ռուբլի ավանդ է դրել: Տիկին Ռիման երկար տարիներ բնակվել է տնակում: Այդ տնակի ապամոնտաժման ժամանակ՝ 2001-ին, կորցրել է ավանդի գրքույկը, ու երբ կառավարությունը հայտարարեց խնայբանկի ավանդատուներին փոխհատուցման մասին, կինը, հետաքրքրվելով իր գրքույկով, դրա կրկնօրինակը վերցնելու խնդրանքով դիմել է բանկին. «Երեք ամիս տարան-բերեցին, եւ հետո ինձ բանկից ասացին, թե իբր իրենց օրինակն էլ է կորել, արխիվն այրվել է: Հետո, տեսնելով, որ պատրաստ եմ իմ ներդրած գումարի համար մինչեւ վերջ պայքարել, կանչեցին ու ասացին, որ շփոթվել են. իբր ես ստացել եմ 10800 ռուբլի ավանդի գումարը, բայց չեմ ստացել 40% փոխհատուցման գումարը: Այդ գումարը տվեցին ու ճանապարհեցին: Փաստորեն, ներդրած հիմնական գումարը չստացած՝ ինձ միայն չնչին տոկոսները տվեցին՝ բերանս փակելու համար»:

Ռ. Բաղդասարյանն այս անգամ 10.800 ռուբլու փոխհատուցումը ստանալու համար շարունակ բանկի դռներն է ընկել: Ի պատասխան՝ նրան փաստաթղթեր են ցույց տվել, ըստ որոնց՝ կինն իսկապես ստացած է եղել գումարը. «Բայց ես իրականում չեմ ստացել: Իմ ստորագրությունը չէր կամ ինչ-որ մեկն իմ անվան տակ գումարները շորթել էր, կամ՝ բանկը խաղեր խաղաց գլխիս: Ես մի քանի անգամ դիմեցի նաեւ Կենտրոնական բանկի նախագահին, սակայն այնտեղ էլ խորամուխ չեղան այդ թյուրիմացությունը պարզելու համար»: Տիկին Բաղդասարյանի խոսքերով՝ բանկից իր ներդրած ավանդը ստանալն արդեն սկզբունքի ու պատվի հարց է իր համար դարձել. «Այդ գումարը ես պատրաստ եմ փոխանցել նաեւ որեւէ մանկատան կամ ծերանոցի, միայն թե ինքս ինձ խաբված չզգամ: Իմ բողոքի միակ նպատակը ճշմարտության բացահայտումն է եւ իմ արժանապատվության վերականգնումը: Իրենցից գումար չեմ ողորմում, դառը քրտինքով աշխատածս եմ բանկ գցել, ուստի ոչ մի դեպքում թույլ չեմ տա, որ որոշ մարդիկ այն յուրացնեն»:

Եթե իր խնդրին որեւէ լուծում չտան ու չվերականգնեն ավանդի չափը՝ Ռիմա Բաղդասարյանը կդիմի դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել