Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հունվար 10,2008 00:00

Բլիզնյուկը գնում է, Յիրիկյանը մնում է, «Megafone»-ը՝ գալիս

Ամանորի այս տոներին էլ «ՎիվաՍելլի» եւ «ԱրմենՏելի» թե՛ բջջային եւ թե՛ ֆիքսված կապը կաթվածահար էր եղել: Չնայած երկու ընկերություններն էլ վստահեցնում էին, թե իրենք հսկայական ներդրումներ են կատարել իրենց ցանցի որակը իդեալական դարձնելու համար, այնուամենայնիվ, «պիկ» օրերին, միեւնույն է, այդ կատարյալ ցանցը բաժանորդներին հուսախաբ է անում: Այս Նոր տարի էլ միայն հատուկենտ հաջողակներն էին կարողանում միմյանց հեռախոսով շնորհավորել: Մինչեւ հունվարի 4-5-ը միջազգային զանգեր կատարել նույնպես հնարավոր չէր: Իսկ հաղորդագրություն կամ այդքան շատ գովազդվող «MMS» ուղարկելու մասին խոսք լինել չի կարող:

Նշենք, որ աշխարհի մասշտաբով Հայաստանում կապի սակագները չափազանց բարձր են: Սակայն նույնիսկ թանկ սակագներով ընկերությունները չեն կարողանում որակյալ ծառայություն մատուցել: Խնդիրը ոչ միայն որակյալ տեխնիկական բազա ունենալ-չունենալու հետ է կապված, այլեւ սպասարկման որակի: Ճիշտ է, մի շարք հարցերում «ՎիվաՍելլը» թերանում է, մասնավորապես՝ պայմանագրային քարտի բաժանորդները մշտապես խնդիրներ են ունենում հաշիվը ստուգելու հետ կապված, սակայն, այդուհանդերձ, ընկերությունը կարծես թե բաժանորդներին գրավելու ձեւը գտել է: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հաջողվել է իր աշխատակիցներին սովորեցնել բաժանորդների հետ բարեհամբույր շփվելու վարվելակերպը: Ինչը չես ասի «ԱրմենՏելի» մասին: Ի դեպ, ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը անցյալ տարի դեկտեմբերի 29-ին ազատվել է աշխատանքից: «ԱրմենՏելից» Բլիզնյուկի այս քայլը պատճառաբանեցին, թե նա հետաքրքիր առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից եւ գնում է սեփական դիմումի համաձայն: Մինչդեռ, մեր աղբյուրների հավաստմամբ, իրականում «Բիլայնի» սեփականատերերը վերջերս Օ. Բլիզնյուկի աշխատանքից եւ նրա վարած քաղաքականությունից դժգոհ են եղել, ինչի պատճառով էլ նրան ազատել են զբաղեցրած պաշտոնից: Բլիզնյուկի ղեկավարման օրոք «ԱրմենՏելի» բաժանորդների թիվը ավելանալու փոխարեն զգալի նվազել է: Այդ մասին վկայում են նաեւ պաշտոնական տվյալները: Անցյալ տարվա ամռանը «ԱրմենՏելը» շուրջ 600 հազար բաժանորդ ուներ, սակայն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բջջային կապի կանխավճարային քարտերը գրանցել, ընկերությունը 100-150 հազար բաժանորդ կորցրեց: Շատերը նախընտրեցին դառնալ մրցակից ընկերության բաժանորդ:

Ներկայումս «ՎիվաՍելլի» բաժանորդների թիվն անցնում է 1 միլիոնը: Չնայած «ԱրմենՏելը» մեր երկրում գործում է 1997-ից, սակայն «ՎիվաՍելլն» իր երկու տարվա գործունեության արդյունքում, շեշտը դնելով մարզերում ցանցային ծածկույթի ապահովման վրա, կարողացավ ներգրավել մարզերի բաժանորդներին:

Նկատենք, որ «ԱրմենՏելի» բաժանորդները հատկապես դժգոհում են ընկերության սպասարկման կետերի աշխատակիցներից, որոնք սպասարկում են խորհրդային տարիների աշխատաոճով՝ բաժանորդների հարցերին պատասխանում են չոր ու կոպիտ, «մուննաթով»: Հենց այսպիսի թերացումների պատճառով էլ Բլիզնյուկին «Բիլայնի» սեփականատերերը որոշեցին փոխարինել նոր տնօրենով: Երեկ մեր հարցին ի պատասխան, «ԱրմենՏելի» լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի համար նոր թեկնածուի ընտրություն են անցկացնում, որի անունը պարզ կլինի առաջիկայում: Այս պահին, ընկերության ներկայացուցիչների խոսքերով, Բլիզնյուկին ժամանակավոր փոխարինում է ընկերության շարժական կապի գծով տնօրեն Գենադի Կոլգաշկինը:

Ընդհանրապես, բջջային կապի շուկայում որակի բարելավման եւ սակագների իջեցման հետ կապված՝ բաժանորդները մեծ հույսեր են կապում երրորդ օպերատորի հետ, որը, ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հայտարարության, բջջային կապի շուկա կմտնի այս տարվա օգոստոսին: Մրցույթը հայտարարվելու է ամռանը եւ ամենաուշը սեպտեմբերին նոր օպերատորն արդեն կսկսի ծառայություններ մատուցել: Թեեւ պաշտոնական աղբյուրները լռում են նոր օպերատորի ով լինելու մասին եւ որեւէ տեղեկություն այդ ընկերության մասին չեն հրապարակում, սակայն, մեր տեղեկություններով, երրորդ օպերատորը լինելու է ռուսական «Megafone» ընկերությունը, որի թիկունքում, ըստ շրջանառվող լուրերի, կանգնած է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Նշենք, որ Հայաստանում բջջային հեռախոսների բավականին եկամտաբեր բիզնեսը հիմնականում նրա ձեռքում է, ուստի նախագահի որդին որոշել է հեռախոսային բիզնեսը համատեղել բջջային կապի բիզնեսի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել