Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընտրություններն անցնեն առանց սարսափների

Հունվար 10,2008 00:00

Ապա, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, անկախ նրանից, թե ով կընտրվի, այդ ընտրությունները ընդունելի կլինեն միջազգային դիտորդների կողմից:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երեկ քննարկում էին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, եւ լրագրողների ջանքերով այդ քննարկումները սահուն կերպով անցան հայաստանյան իրողություններին: Ալ.Իսկանդարյանը նկատեց, որ նախագահական ընտրությունները Վրաստանում եւ Հայաստանում արմատապես տարբերվում են. «Հայաստանի եւ Վրաստանի զարգացման ուղիները խիստ տարբեր են, այսօր Սահակաշվիլին անում է այն, ինչը Հայաստանում 90-ականների սկզբին անում էր ղարաբաղյան պատերազմը»: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր հերթին նկատեց, որ «Հայաստանի թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը եւ թե՛ հասարակությունը վերջնականապես հասկացել են, որ վրացական տարբերակը մեզ համար չէ, որովհետեւ մենք քաղաքական զարգացման տարբեր փուլերում ենք գտնվում»:

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Հայաստանում ընտրությունները նույնքան քաղաքականացված չեն լինելու, որքան եղան Վրաստանում: Այդպիսի բան Հայաստանում չի լինի, եւ եթե այստեղ ընտրությունները կարգին անցնեն, սարսափներ չլինեն, ապա դրանք ընդհանուր առմամբ ընդունելի կլինեն միջազգային դիտորդների համար: Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ հայաստանյան նախագահի թեկնածուներից միայն երկուսն են լրջորեն ձգտում պայքարել նախագահի պաշտոնի համար՝ Տեր-Պետրոսյանը եւ Սարգսյանը, իսկ մյուս թեկնածուները ուղղակի այլ խնդիրներ են լուծում, եւ սա քաղաքագետը նորմալ է գնահատում:

Հանրապետական Արմեն Աշոտյանի համար թեկնածուները այսպես են բաժանվում. «Ինձ համար մինչեւ Ամանոր եղած ուժերի դասավորությունը չի փոխվել նաեւ հիմա, անկախ նրանից, թե ով ինչ փաստաթուղթ է ներկայացրել եւ կոչել է դա ծրագիր, խոհեր, խոհանոցային խոհեր եւ այլն: Ինձ համար նախագահի թեկնածուները բաժանվում են՝ Սերժ Սարգսյան եւ մնացած բոլորը, որովհետեւ ակնհայտ է, որ էքսնախագահի գովազդային PR վերադարձը քաղաքական դաշտ բերեց ժողովրդական իմաստնության հերթական վերաարժեւորմանը»: Ըստ Աշոտյանի՝ «Սերժ Սարգսյանն ամենահիմնական ֆավորիտն է եւ հաղթելու ամենամեծ հնարավորություններ ունեցող թեկնածուն: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, մի զուգահեռ անցկացնեմ. մի թենիսիստուհի կար՝ Աննա Կուռնիկովա, նա շատ սկանդալային կերպար էր, նրա մասին շատ հաճախ գրում էին, բայց դա չէր նշանակում, որ նա լավ թենիսիստուհի էր, ավելի թարմ օրինակ՝ Քսենյա Սոբչակ, նրա մասին եւս շատ են խոսում, բայց դա չի նշանակում, որ ամենալավ հեռուստավարողն է, ուզում եմ զուգահեռներով ներկայացնել, որ ավելի պարզ լինի: Այսինքն՝ այն, որ մամուլը գրում է ինչ-որ մեկի մասին, որովհետեւ նա սկանդալային է, չի նշանակում, որ այդ մարդն ամենափայլուններից մեկն է: Հետեւաբար, ֆավորիտի եւ սկանդալիստի միջեւ հավասարության նշան դնելը ես համարում եմ անտեղի»: Արմեն Աշոտյանը ասաց, որ իրենք իրենց թեկնածուի համար կանխատեսում են «հաղթանակ մեկ փուլով, մոտավորապես 56-58 տոկոսով՝ ՀՀ օրենսդրության եւ միջազգային ընտրական չափորոշիչներին համապատասխան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել