Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ ԱՀԱՎՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է

Հունվար 10,2008 00:00

Եթե «Գելափին» Ահարոն Ադիբեկյանն առաջարկել էր «շատ հաց ու պանիր ուտել»՝ իրեն հասնելու համար, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի վերաբերյալ էլ կասկածում է, թե նա տանն է դարձել սոցիոլոգ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության դեկտեմբերի 28-ի հայտարարության մեջ հիշատակված էր, թե «Գելափ» կազմակերպության համակարգած ամենավերջին հարցումն անցկացվել է 2007-ի դեկտեմբերի սկզբին: Այսինքն՝ խոսքը դեկտեմբերի 1-9-ի հարցման մասին է, որից հետո չի արվել որեւէ այլ հարցում: Այդ դեպքում հակասական պատկեր է առաջանում՝ այդ հարցման վերաբերյալ «Ժառանգության» տարածած տեղեկատվությամբ «ինչպե՞ս կքվեարկեիք, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի» հարցին ի պատասխան ամենաբարձր վարկանիշն ունեցող նախագահի թեկնածուն ստացել էր 29 տոկոս: Մինչդեռ ՀՀԿ-ի տարածած տեղեկատվությամբ՝ առաջին տեղում իրենց թեկնածուն՝ Սերժ Սարգսյանն էր 35 տոկոս ձայներով: Տարբեր կուսակցությունների տարբե՞ր տվյալներ են տրամադրել՝ նույն հարցի վերաբերյալ: Այս հակասությունը բացատրելու խնդրանքով դիմեցինք հարցումն իրականացնող Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանին. «Այստեղ հակասություն չկա, քանի որ այդ տվյալները կուսակցություններն են ներկայացրել՝ իրենցից էլ պիտի պարզեք, թե ինչու է այդպես ստացվել: Իրական պատկերն ունի «Գելափը», որը Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կայքէջում տեղադրում է տվյալները»: Մեր դիտարկմանը, թե դեկտեմբերի հարցման տվյալները նախ տեղադրված չեն այդ կայքէջում, բացի այդ՝ քաղաքական ուժերի եւ գործիչների վարկանիշները երբեք չեն էլ տեղադրվում այնտեղ՝ պրն Պողոսյանը պատասխանեց. «Ճիշտ եք, հարցման այդ արդյունքները նրանք ընդհանրապես չեն տեղադրում»: Մեր մյուս դիտարկմանը, որ թե՛ «Ժառանգության», թե՛ ՀՀԿ-ի ներկայացրած այդ տվյալները «Գելափի» տարբերանշանով սլայդի վրա էին՝ Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավարն այսպես արձագանքեց. «Դե, սլայդը միշտ էլ կարելի է… (անավարտ թողեց խոսքը, թեեւ ակնհայտ էր, որ վերջին բառը պիտի լիներ կեղծելը.- Ա. Ի.): Ամեն դեպքում՝ կուսակցություններից է պետք հարցնել, քանի որ ո՛չ ես ունեմ այդ տվյալները, ո՛չ էլ դեռ իրենց կայքէջում է տեղադրված»: Գեւորգ Պողոսյանի հետ մեր առավել հանգամանալից զրույցը՝ առաջիկայում:

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ անգամ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանն էր մի առիթով նկատել, թե այն, ինչ հասարակությունն այսօր սոցիոլոգիա է համարում, իրականում չափազանց հեռու է իրական սոցիոլոգիայից: Հարցաթերթիկներ լրացնելը, վարկանիշային հետազոտությունները, այս կամ այն քաղաքական գործչի օգտին խոսել կամ չխոսելը, ըստ տիկին Հարությունյանի, սոցիոլոգիայի հետ որեւէ առնչություն չունեն՝ առավել «իմիջմեյքինգ» են կամ ընտրական ծառայություն, եւ մեծ վնաս են հասցնում իրական սոցիոլոգիայի հեղինակությանը: Երբ այս տեսակետին երեկ խնդրեցինք անդրադառնալ «Սոցիոմետր» հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանին՝ ասվածը կարծես հենց իր հասցեին ընդունելով, նա հակադարձեց Լյուդմիլա Հարությունյանին. «Նա կասկածի տակ է դնում ի՛ր պրոֆեսիոնալիզմը, քանի որ եղել է տնտեսագետ եւ որտե՞ղ է սովորել սոցիոլոգիա՝ ես չգիտեմ. գուցե տանը, գուցե չեմ իմանում որտեղ: Իսկ այն մարդիկ, ովքեր ակադեմիական կրթություն են ստացել՝ գիտեն, որ սոցիոլոգիան ունի երկու մաս՝ կիրառական ու տեսական, ընդ որում՝ տեսականը ոչ մի արժեք չունի, եթե չի կիրառվում, ինչպես եւ մնացած գիտությունները: Որպես կիրառական գործիք՝ սոցիոլոգիան օգտագործվում է անսահման խնդիրների լուծման համար: Որտեղ կան կառավարում, խնդիրներ՝ դրանց կողքին պիտի լինի սոցիոլոգը»: Հավելեց. «Տիկին Հարությունյանը շա՜տ մեծ վնաս է հասցնում հայկական սոցիոլոգիային, քանի որ այսքան տարի մեր համալսարանն ունի սոցիոլոգիայի բաժին եւ չունի ոչ մի լուրջ գործնական սոցիոլոգ, որն օգնի բիզնեսին ոտքի կանգնել, նախարարություններին՝ ճիշտ կառավարել, կուսակցություններին՝ ճիշտ կազմակերպել իրենց քարոզարշավները, քանի որ այստեղ մասնագիտացում է պետք: Դժբախտաբար, նա այդ խնդիրը չի լուծում»:

Լյուդմիլա Հարությունյանը մեր զրույցի ընթացքում նշեց, որ հարկ չի համարում անդրադառնալ Ահարոն Ադիբեկյանի որեւէ ասածի: Վերջինիս ասածները հետեւողականորեն անարձագանք է թողնում նաեւ «Գելափի» գործընկեր Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան, թեեւ վերջերս պրն Ադիբեկյանն անգամ հայտարարել էր. «Գելափն» ասում է՝ ով կընտրվի, բայց չի կարողանում ասել՝ ինչու: Իսկ ես կարող եմ ասել, ես զոնդաժ եմ անում, ավելի խորն եմ նայում եւ կարող եմ ասել՝ ով ինչի կընտրվի: Ես «Գելափին» չեմ հավատում: «Գելափը» շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ ինձ հասնի»:

«Գելափը» ծրագրում է փետրվարի 19-ի ընտրության ժամանակ իրականացնել «exit poll»: Եվ երեկ «Տեսակետ» ակումբում Ահարոն Ադիբեկյանն իր նախաձեռնությամբ անդրադարձավ «exit poll»-երին՝ զգուշացնելով՝ չխաբվե՛ք. «Չես կարող «exit poll»-ի ընտրանքը ճիշտ ապահովել. քո տվյալները բավական մեծ, պատահական տատանումների են ենթարկվում»: Նաեւ հայտնեց, թե 1998-ին իր կենտրոնն էլ է անցկացրել «exit poll»՝ ընտրանքով. «Էլի 10 տոկոս սխալ է տվել: Շատ բաներ կան որովհետեւ՝ մարդիկ կան, որոնց տեղը քվեարկել են, նա չգիտի, թե ձայնն ում է գնացել: Կամ՝ ձայնը տվել է, փոշմանել է: «Exit poll»-ի նպատակներից միայն մեկը կարող է արդարացնել. այն, թե համարո՞ւմ եք արդյունքները իրական, թե՞ ոչ: Ա՛յ սա շատ կարեւոր հոգեբանական բան է, մնացածը երկրորդական-երրորդական՝ կռվից հետո ձեռքերով սենց բաներ անել է (թափահարեց բռունցքները.- Ա. Ի.): Եթե ընտրողն ընդունում է, որ սա մոտ է իրականությանը եւ դրան կարելի է վստահել, ուրեմն՝ իշխանությունը հոգեբանական հենք ունի ազգի մենթալիտետի մեջ եւ կարող է հետագայում ավելի արդյունավետ կառավարել»: Նաեւ նշեց. «Թերթերում տպում են հեռախոսային հարցումներ, որոնք բավական հեռու են իրականությունից: Ուղղակի եղեք ուշադիր ու նման բաների ճիշտ արձագանքեք՝ հեռախոսային հարցումները, ինտերնետային հարցումները եւ «exit poll»-երը բավականին հեռու են իրականությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել