ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը դեռ դեկտեմբերի 13-ին էր հայտնել, թե մի շարք ընդդիմադիր ուժերի հետ Դաշնակցության նախաձեռնած բանակցությունները «բավականին խորը փուլում են»:
Երեկ փորձեցինք բանակցությունների այլ մասնակիցներից պարզել՝ դրանք էլի մնում են «խորը փուլո՞ւմ», եւ ի վերջո՝ ե՞րբ են դրանց արդյունքները հայտնվելու մակերեսին:
«Ժառանգությունից» այդ հանդիպումներին մասնակցել էր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ Հայաստանից նրա բացակայության պայմաններում, ինչպես պարզեցինք կուսակցության մի շարք գործիչների հետ զրույցներից՝ որեւէ ուրիշ մեկը չէր կարող ստույգ պատասխանել մեր հարցին:
Փոխարենը բավական հետաքրքրական մանրամասն բացահայտեց ՀՅԴ նախաձեռնած հանդիպումների մեկ այլ մասնակից՝ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը. «Բանակցությունները շարունակվում են: Արդյունքները, որոնք ակնկալվում էին՝ տարբեր են: Նվազագույնը, որը կարելի է արդեն արձանագրել (եւ ինձ թվում է՝ կլինի, չնայած այդ ուղղությամբ էլի շարունակվում են բանակցությունները)՝ ընտրությունների վերահսկողությունն է»: Նշենք, որ անցած տարիների գրեթե յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՅԴ-ն առաջարկում էր ընդդիմադիրներին ձեւավորել վերահսկողական ընդհանուր շտաբ եւ ստանում մերժում՝ մոտավորապես այս բնույթի, թե չեն վստահում կոալիցիայի անդամ այս ուժին, որն ինքն էլ է մասնակից ընտրախախտումներին՝ առնվազն դրանց չխոչընդոտելով եւ նախագահի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ միասնաբար գործելով ընտրական հանձնաժողովներում:
Այժմ մեր հարցին, թե պայմանավորվել են վերահսկման համատեղ մարմի՞ն ստեղծելու մասին՝ Շ. Քոչարյանը պատասխանեց. «Դեռեւս շուտ է դրա մասին խոսելը, թե ավելի որոշակի ինչպե՞ս է իրականացվելու: Բայց որ այդ ուղղությամբ աշխատանք տարվելու է՝ ակնհայտ է»:
Հ. Գ. Երբ հետաքրքրվեցինք, թե երբ է եղել ՀՅԴ նախաձեռնած վերջին հանդիպումը՝ ԱԺԿ նախագահն այսպես արձագանքեց. «Ախր, հանդիպումները, ինչ ասեմ… պարտադիր չէ, որ հավաքվեն ու «Մետելիցա» գնան: Հանդիպումները լինում են տարբեր ձեւաչափերով»: