Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախագահիծրագրում «նոր միտք չի գտել»

Հունվար 10,2008 00:00

 Երեկ կայացած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՀՀ բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց զերծ մնալ երկրում իրավիճակի ապակայունացման ճանապարհով առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակի հասնելու գայթակղությունից:

«Իշխանությունը պահպանելու կամ իշխանության հասնելու ձգտող ուժերը պետք է օգտագործեն բացառապես ժողովրդավարական մեխանիզմներ»,- ասաց Օսկանյանը: Նա վստահություն հայտնեց, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր մակարդակով, ի համեմատ 2007-ի ԱԺ ընտրությունների, ապա «առաջիկա 5 տարիները Հայաստանի համար վերելքի տարիներ կլինեն»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրին, Օսկանյանը նշեց, թե դրա արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում «ոչ մի նոր միտք չի գտել»: Մեկնաբանելով նախկին նախագահի կողմնակիցների այն պնդումները, թե այսօր ՀՀ իշխանությունները ղարաբաղյան կարգավորումը տեսնում են Տեր-Պետրոսյանի կողմից 1997թ. առաջ քաշված սխեմայի մեջ, Օսկանյանը, մասնավորապես, նշեց. «Այն նախագծում, որի կողմնակիցն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնիսկ ակնարկ չկար ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի մասին, իսկ այն տարբերակում, որը մենք այսօր քննարկում ենք, այդ իրավունքը առանցքային տեղ ունի եւ գրված է սեւով սպիտակի վրա: Բացի այդ, ԼՂ բնակչությունը երբեք չէր ընդունի կարգավորման այն տարբերակը, որին կողմ էր նախկին նախագահը»:

Վարդան Օսկանյանի գնահատմամբ, 2007թ. արդյունավետ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության համար՝ չնայած տարածաշրջանային եւ գլոբալ բնույթի մի շարք բարդություններին: Այդ բարդությունների թվում նա նշեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, վրաց-ռուսական եւ ամերիկա-իրանական հարաբերություններում առկա լարվածությունը, չկարգավորված հակամարտությունները, միջազգային կազմակերպություններում ՎՈՒԱՄ-ի գործունեության ակտիվացումը եւ անկայուն իրավիճակները Իրաքում, Աֆղանստանում ու Մերձավոր Արեւելքում: Բանախոսը նկատեց, որ 2007թ. ընթացքում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ի հայտ են եկել հակասություններ մի շարք հարցերի՝ մասնավորապես, Կոսովոյի, Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի եւ ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգի շուրջ: Ու չնայած հանգամանքին, որ թվարկված գործոնները «լուրջ բարդություններ են ստեղծել Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության իրականացման համար, այդ քաղաքականությունն արդյունավետ է եղել»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հետագա ընթացքին, Օսկանյանը նշեց, որ մինչեւ փետրվարի 19-ին կայանալիք ընտրությունները դժվար կլինի այդ հարցում համաձայնության գալ, թեեւ նման համաձայնության ձեռքբերումը «ցանկալի կլիներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել