Այսպես է բնութագրում իր ծրագիրը Արման Մելիքյանը, որը կհրապարակվի քարոզարշավի սկզբում
«Ես նախագահ դառնալու հնարավորություն ինձ համար տեսնում եմ»,- երեկ «Տեսակետ» ակումբում պատասխանելով «Առավոտի»՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները՝ հարցին, հայտարարեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Այս ինքնագնահատականին պարոն Մելիքյանը հանգել է` հաշվի առնելով այն, որ նախագահ դառնալու իր մտադրության մասին հայտարարել է ընդամենը նոյեմբերի 28-ին. «Ես հասկանում եմ, որ ընտրողը նույնպես դժվարություն ուներ ընդունելու այս նոր մարդուն, ում մասին շատերը պարզապես գուցե չէին լսել: Դա որոշակի դժվարություններ էր հարուցում: Բայց դատելով նրանից, թե ինչ հետաքրքրություն կար այս ամբողջ ընթացքում՝ թե մոտեցումների, թե անցած ուղու վերաբերյալ, ես տեսնում եմ, որ հետաքրքրությունը մեծ է, իսկ այս շփումների արդյունավետությունն էլ՝ բարձր: Կարծում եմ, որ դա աճելու միտում էլ ունի»:
«Տեսակետ» ակումբը սկսում է հանդիպումների շարք՝ ՀՀ նախագահի թեկնածուների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հանրությանը հուզող կոնկրետ հարցերի առիթով կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Շարքի առաջին հյուրերն էին նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը եւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Հ/կ-ների ներկայացուցիչներին հետաքրքրող սոցիալական, բնապահպանական բնույթի հարցերին նախագահի թեկնածուն մեկ ընդհանրական պատասխան ուներ. «Մեր նախընտրական ծրագիրը պարունակում է շատ լուրջ, բուն փոփոխություն, որը վերաբերում է բուն կառավարման համակարգին: Այն այլեւս չպետք է լինի կոռուպցիոն: Այդ կառավարման համակարգը պետք չէ շփոթել կոռուպցիայի առանձին դեպքերի հետ: Նման դեպքեր կան աշխարհի բոլոր երկրներում, բայց այդ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, որովհետեւ պայքարում է ողջ հասարակությունը՝ սկսած իշխանություններից: Մեզ մոտ գործում է համակարգ, որը ոչ միայն բացառում է կոռուպցիայի դեպքերի դեմ պայքարը, այլեւ դրանք պարտակվում են եւ խրախուսվում»: Արման Մելիքյանի կարծիքով, այստեղ էական է երկրի առաջին դեմքի քաղաքական կամքը: Ասում է, որ ինքը կոռուպցիոն համակարգի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՝ «մնացածը մեխանիզմներ են, կան»: Ասենք, իշխանության եւ բիզնեսի տարանջատում. «Քանի դեռ իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են, մենք չենք կարող ակնկալել ռեալ արդյունքներ, որքան էլ աճի մասին տվյալներ ասվեն, որքան էլ 1991 թվականի եւ այսօրվա միջեւ ինքներս զգանք տարբերությունը: Երկրի զարգացումն այսօր վտանգված է, քանի որ նման ռազմավարական որոշում ընդունելու մասին հայտարարություն որեւէ քաղաքական ուժ չի արել: Մենք դա անում ենք»:
Ո՞րն է Արման Մելիքյանի եւ նախագահի մյուս թեկնածուների միջեւ եղած տարբերությունը, ովքեր նույնպես խոսում են կոռուպցիայից: «Բոլոր մնացած թեկնածուները, որոնք խոսում են կոռուպցիայի մասին՝ կոռուպցիա երեւույթը կապում են կոնկրետ մարդկանց հետ՝ իրենցից վանելով եւ գտնելով կոռուպցիայի համար մեղավոր անձինք: Ես ասում եմ՝ դա համակարգված երեւույթ է, եւ եթե մենք փնտրենք կոնկրետ անձանց, որոնք իսկապես կան, ապա պիտի հանգենք մի բանի՝ այդպիսի մարդիկ հազարավորներն են՝ ինչպես կաշառք ստացողները, այնպես էլ տվողները: Սա դեռ ամենապրիմիտիվ մակարդակում: Այսինքն, եթե անձնավորված մոտենանք՝ կունենանք ներքին դիմակայություն, անհանդուրժողականություն, ատելություն, բռնություններ գործելու մեծ ցանկություններ: Բայց այդ ամենն անարդյունավետ է»,- ասում է Ա. Մելիքյանը: «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ ունե՞ք ստվերային կառավարությունը, ում հետ պատրաստվում եք իրագործել համակարգային փոփոխությունները, նախագահի թեկնածուն ասաց. «Անշուշտ, ես ունեմ համախոհներ, որոնք շատ լավ հասկանում են խնդիրը: Նրանցից մեկն էլ ԿԸՀ-ում իմ ներկայացուցիչ եւ շտաբի պետ Էլեոնորա Ասատրյանն է, ով հենց կառավարման համակարգերի միջազգային փորձագետ է: Կան նաեւ ուրիշներ՝ տնտեսության, իրավագիտության ոլորտի մասնագետներ: Իմ ծրագիրը բարի ցանկությունների ծրագիր չէ: Մասնագիտորեն պատրաստված ծրագիր է, որը մասնագիտորեն էլ իրագործելի է, բայց դրա համար հարկավոր է քաղաքականություն: Ես վստահեցնում եմ, որ այդ ծրագիրը կարող է իրագործել այս հարցով մտահոգ ցանկացած քաղաքական գործիչ»: «Առավոտի» խնդրանքին՝ հրապարակել իր կառավարության ղեկավարի, մշակույթի եւ կրթության նախարարների անունները, Արման Մելիքյանն այսպես արձագանքեց. «Ավելորդ եմ համարում. հիմա դա անպատեհ եւ անիմաստ բան է»: Ի դեպ, Ա. Մելիքյանը պատրաստ է իր ծրագիրն իրագործել այլ քաղաքական թիմերի մասնագետների հետ, մանավանդ որ ամեն թիմում էլ տեսնում է պրոֆեսիոնալների՝ թե մարդկային արժանիքների, թե մասնագիտական կարողությունների առումով:
Ա. Մելիքյանը չի ցանկանում ընկնել համեմատությունների մեջ՝ իր համար շահեկա՞ն է մրցակիցների ավելի ճանաչված լինելը, թե՞ ոչ. «Անկախությունից անցել է 17 տարի. բոլորն էլ այս կամ այն կերպ ներդրում են ունեցել, եւ այսօր ունենք այն՝ ինչ ունենք: Ես խոսում եմ խնդիրների մասին, եւ մենք խնդիրները պետք է լուծենք, ոչ թե նայենք՝ ում ինչն է շահեկան»: Իսկ եթե երկրորդ փուլում ինքը չլինի, կհամագործակցի՞ այն թեկնածուի հետ, ով կորդեգրի ԼՂՀ եւ կոռուպցիայի վերացման հարցերում իր մոտեցումները: Այս պահին նման գործընկեր Արման Մելիքյանը չի տեսնում: