Իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու մեղադրանքով 2 տարի ազատազրկման դատապարտված եւ այսօր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Մալխասյանը երեկ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե՝ ինքը ժամանակին, հատկապես ԼՂ հարցում վարած քաղաքականության համար, քննադատում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ այսօր բոլորին կոչ է անում միավորվել Տեր-Պետրոսյանի շուրջ, ասել է. «Մեր տեսակետներում ոչինչ չի փոխվել: Ամենաառաջնային խնդիրն այն է, որ մենք պետք է ազատվենք այս հակահայ իշխանություններից, հանցագործ բուրգը պետք է փշրել, իսկ դրա համար պետք է բեւեռ ստեղծել: Այսօր հանցավոր ռեժիմի դեմ կարող է միայն Տեր-Պետրոսյանը պայքարել: Ցանկացած մարդ, որն ի վիճակի է վերլուծել անցյալն ու վերագնահատել այն, կհասկանա, որ Տեր-Պետրոսյանի բոլոր քայլերը բխել են հայրենասիրությունից եւ ճշմարտությունից: Մենք բոլորս էլ սխալներ ենք գործել, սխալներ է գործել նաեւ Տեր-Պետրոսյանը, որը, ի տարբերություն գործող իշխանությունների, ընդունում է իր սխալները: Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, որը կարող է ժողովրդին վերադարձնել բռնազավթված իշխանությունը»: