Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՆ ՈՒ ԱՎԱԶԸ ՉԵՆ ՓՐԿՈՒՄ

Հունվար 09,2008 00:00

«Երեւանի քաղաքային նշանակության փողոցները մաքրելու համար օգտագործվել է 850 խմ աղ, 1680 խմ ավազ, փողոցներում աշխատել է 370 միավոր տեխնիկա»,- այս մասին երեկ քաղաքապետարանի բրիֆինգում հավաստիացրեց փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: Ըստ նրա, մայրաքաղաքի գլխավոր փողոցների մաքրության հարցը լուծված է, եւ խնդիրներ կան միայն երկրորդական՝ բակերի եւ մայթերի մաքրման հետ կապված: Մինչդեռ նշենք, որ վերջին ձյունը մայրաքաղաքում տեղացել է ամսի 5-ին, բայց մինչ օրս շատ կենտրոնական փողոցներ դեռ ձնից ու սառույցից մաքրված չեն, իսկ մայթերի մաքրման մասին խոսք լինել չի կարող: Շենգավիթ համայնքի Գարեգին Նժդեհի փողոցում մեքենաները հազիվ 20 կմ/ժ արագությամբ են գնում, որովհետեւ փողոցը մերկասառույցով է պատված: Այդ փողոցի մայթերով ընդհանրապես քայլել չի լինում: Րաֆֆու, Արշակունյաց եւ Բագրատունյաց փողոցները նույնպես տեղ-տեղ սառույցի հաստ շերտով են պատված, ինչը վթարային իրավիճակ է ստեղծում երթեւեկության համար: Փոխքաղաքապետն էլ հաստատեց, որ փողոցները մասամբ են մաքրվել, քանի որ նման եղանակային պայմաններում տեխնիկայով փողոցները մաքրելն այնքան էլ հեշտ չէ՝ «Դա պետք է մաքրվի ձեռքի աշխատանքով»: Քաղաքապետարանը կանաչապատման ծառայության աշխատակիցներին արձակուրդից կանչել է, որպեսզի ներգրավի այդ աշխատանքներում, սակայն, այնուամենայնիվ, աշխատուժի պակաս կա, ուստի Վ. Վարդանյանը կոչ է անում բոլոր ցանկացողներին՝ վճարովի հիմունքներով մասնակցել ձյան մաքրման աշխատանքներին: Ընդ որում, վճարը կախված է ձյան շերտի հաստությունից, որքան շերտը հաստ կլինի, այնքան աշխատավարձը՝ բարձր: Փոխքաղաքապետը վստահեցնում է, որ մինչեւ հունվարի 13-ը մայրաքաղաքի երկրորդական փողոցները, բակային տարածքներն ու մայթերը մաքրված կլինեն: Նկատենք, որ ինչպես ճշտեցինք «Հայպետհիդրոմետից», այսօր եւ վաղը նույնպես սպասվում է ձյուն, այնպես որ, քաղաքապետարանը դեռ չի հասցրել մաքրել ամսի 5-ի ձյունը՝ արդեն նոր տեղումներ կլինեն: «Հիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Գեւորգյանի խոսքերով՝ հունվարի 7-ը այս ձմռան ընթացքում գրանցված ամենացուրտ օրն է եղել՝ 18 աստիճան ցուրտ: Ի դեպ, «Հիդրոմետից» ասել էին, որ այս տարվա ձմեռը շատ մեղմ է լինելու: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերի ցուրտ եղանակը՝ Ա. Գեւորգյանը պատասխանեց, որ անտիցիկլոնային դաշտ էր ստեղծվել, սակայն առաջիկա երկու-երեք օրերին արդեն կլիման 3-5 աստիճանով կտաքանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել