Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Հունվար 09,2008 00:00

Մեկնարկեց Հայաստանի 68-րդ առաջնությունը

\"\"Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնությունը:

Հանրապետության չեմպիոնի կոչման համար պայքարում են 13 շախմատիստներ՝ միջազգային գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Արա Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Սմբատ Լպուտյանը, Տիգրան Նալբանդյանը, Արսեն Եղիազարյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Սամվել Տեր-Սահակյանը:

Մեկնարկային տուրում Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Արա Մինասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը համապատասխանաբար հաղթեցին Աշոտ Անաստասյանին, Տիգրան Նալբանդյանին, Արսեն Եղիազարյանին եւ Լեւոն Բաբուջյանին, իսկ Կարեն Ասրյան-Սմբատ Լպուտյան, Զավեն Անդրիասյան-Արման Փաշիկյան զույգերի պայքարում գրանցվեց ոչ-ոքի:

Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը երեկ «Առավոտին» ասաց. «Չնայած, որ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը հանդես չեն գալիս, այդուհանդերձ, այս տարի բարձրագույն խմբի առաջնությունը բավականին ուժեղ կազմ ունի: Տասնմեկ շախմատիստներ միջազգային գրոսմայստեր են, Լեւոն Բաբուջյանը միջազգային վարպետ է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը ՖԻԴԵ-ի վարպետ է: Այս առաջնությունը համապատասխանում է ՖԻԴԵ-ի դասակարգման 12-րդ կարգին, ինչը բարձր որակավորում է: Ասեմ, որ անկախացումից հետո ընդամենը մեկ անգամ է այդ կարգի Հայաստանի առաջնություն անցկացվել: Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ առաջին անգամ բարձրագույն խմբի մրցաշարին մասնակցում է Վանաձորի ներկայացուցիչը: Դա Սամվել Տեր-Սահակյանն է, որի 14 տարին մի քանի ամիս առաջ է լրացել: Քանի որ մասնակիցների թիվը կենտ է, յուրաքանչյուր տուրում մեկ շախմատիստ ազատ է լինելու պայքարից:

Առաջնությունում սահմանված են նաեւ գրոսմայստերի եւ միջազգային վարպետի նորմաներ: Առաջինի դեպքում անհրաժեշտ է 12 հնարավորից վաստակել 7,5, իսկ երկրորդի դեպքում՝ 4,5 միավոր»:

Արոնյանը հանդես կգա Վեյկ-ան Զեեում

Հունվարի 11-27-ը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվելու է շախմատի միջազգային «Corus» ավանդական հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի գործող բոլոր ուժեղագույն գրոսմայստերները: Նրանք են. աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդ, Վասիլի Իվանչուկ, Վլադիմիր Կրամնիկ, Վեսելին Տոպալով, Պետեր Լեկո, Լեւոն Արոնյան, Բորիս Գելֆանդ, Շախրիյար Մամեդյարով, Թեյմուր Ռաջաբով, Մայքլ Ադամս, Մագնուս Կարլսեն, Յուդիթ Պոլգար, Պավել Քլյանով, Լյուկ վան Վելլի:

Իսկ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը հրավերք է ստացել Պամպլոայում (Իսպանիա) անցկացվելիք ավանդական մեկ այլ հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչներից եւ այժմ նախապատրաստվում է դրան:

Պատրաստվում են

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը», որը հունվարի 19-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունում փոխարինելու է հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկին», կիրակի օրվանից սկսել է ուսումնամարզական հավաքները: Թիմի մարզիչները հավաքներին հրավիրել են բոլոր ֆուտբոլիստներին:

Հայաստանի շախմատիստները հանդես կգան փետրվարի 13-ին մեկնարկող «Aeroflot Open» միջազգային մրցաշարում: Իսկ թե ովքե՞ր կմեկնեն Մոսկվա, հայտնի կդառնա ավելի ուշ:

Հայաստանցի ձյուդոիստ, մինչեւ 52 կգ քաշային Անուշ Հակոբյանը հունվարի վերջին Սոֆիայում անցկացվելիք կանանց ձյուդոյի աշխարհի գավաթի փուլային մրցաշարում կպայքարի Պեկինի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:

Գեղասահքի Հայաստանի Անաստասիա Գրբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը կմասնակցի հունվարի 21-27-ը Խորվաթիայում կայանալիք մարզաձեւի առաջնությանը: Նրանց մարզիչն է օլիմպիական խաղերի ու աշխարհի բազմակի չեմպիոն Ա. Ժուլինը, պարերի բեմադրիչը՝ Լ. Վլասովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել