Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՆՈՐ ՀՈՒՆ Է ԲԱՑՎՈՒՄ

Հունվար 09,2008 00:00

Դա օպերատիվ միջամտությունից առավել կարեւոր է

Հետեւելով վերջին իրադարձություններին, հանգում ես եզրակացության, որ Տեր-Պետրոսյանի կերպարը, գործն ու խոսքը բացասողները, որակապես թե քանակով, բնավ էլ սակավ չեն նրա համախոհների կամ այդպիսին համարվողների շրջանում: Նրան սատարող «վերնախավային» ակտիվիստներին բնորոշելիս պետք է ելնել այն էական հանգամանքից, որ առաջին նախագահը, նախեւառաջ, ազատական արժեքների կրող խոշոր գործիչ է հայ իրականության մեջ: Իսկ մեզանում տարիներ ի վեր ազատականության գաղափարախոսող կենտրոններն ինքնամերժ վարքի, դավանած արժեքների աղանդավորական կենսագործման լիառատ նմուշներ են տալիս:

Օրինաչափ է, որ հեղափոխական ժամանակներին բնորոշ, Շարժման էլիտայի եւ նրա համայնքային մարմնացումների մեջ եղավ մի հսկայական որակական տարբերություն: Վերջիններս, ոչ հազվադեպ, հանցագործ ու անբարո վարքով մարդիկ էին, հընթացս ակտիվացողներն էլ, մի զգալի չափով, նրանցից՝ ընթացիկ համակարգում տեղ ունենալ չհաջողածները: Անարխիայի ժամանակներում նրանց սանձարձակությունն առանձնապես խիստ վնասեց շարժման վարկը: Մինչդեռ, առաջին նախագահին հաջողության համար պետք է նոր սերնդի աջակցությունը, ժամանակակից մտածողությանը հակված, հեքիաթասացությունից կուշտ երիտասարդության աջակցությունը: Ահա այս հասարակական էֆեկտին հասնելու խնդիրն է, կարծես թե, նրա մրցարշավի հիմնական լուծելիքը:

Մի դիտարկում եւս: Տեր-Պետրոսյանի գաղափարների թյուրըմբռնումն օրինաչափ է դառնում ոչ միայն նրա մոլեգին հակառակորդների կողմից, այլեւ հենց իր համախոհների, երբ վերջիններս փորձում են մասսայականացնել դրանք, մեկնել, կիրառման մեջ դնել, մարմնավորել իրենց կերպարով: Այդ իմաստով, Տեր-Պետրոսյանի «գալստյան» դեռեւս չշեշտվող «ողբերգական» կողմը կարող է դառնալ դրա հետ անշահադետ հույս կապած հասարակության համար: Արագ բացառելով այս վտանգը, նա հնարավորություն ունի խտացման կենտրոն ստեղծել ամենաառաջադեմ կամ ծանրակշիռ հասարակական շերտերի համար, ինչը լուրջ երաշխիք է իր ընտրարշավին զանգվածային աջակցության ապահովման, որքան էլ որ ՀՀ միջին ընտրողի ընտրական չափանիշներն ու պետահասարակական համակարգերում ընտրական կուլտուրան օբյեկտիվորեն ցածրորակ լինելու համբավն ունենան: Իսկ տարածված թյուրիմացություններն ու թյուրըմբռնումները հասարակության մեջ մինչ փետրվար շտկելու համար մնացել է քիչ ժամանակ:

Հույսի հիմնավորումը գտնում ենք մի շարք փաստերում: Մասնավորապես, առաջին նախագահի հրաժարականը բերեց քաղաքական ռեակցիայի հաղթանակին, հայ կենսափիլիսոփայության վերածված իռացիոնալ մտածողության վերադարձին: Երկրի գործերին տիրապետող վերադարձին: Ավելին, տարիներ է արդեն, քաղաքականության մեջ գաղափարական առաջընթաց հայ իրականությունը չի գրանցել, մարդկային-պրոֆեսիոնալ որակապես նոր ռեսուրս այս ոլորտում չի առաջացել: Այս ֆենոմենն առանձին վերլուծության նյութ է, եթե նկատի առնենք կյանքի գրեթե բոլոր բնագավառներում առկա օբյեկտիվ առաջընթացն անկախությունից ի վեր (հատկապես պատերազմից հետո), որը, ի դեպ, առավելապես էվոլյուցիոն գործընթաց է, քան գործող կառավարիչների նախագծի արդյունք:

Որակապես նախընտրական կողմնորոշումը, իրոք, կարող է լինել ընդամենը երկընտրանքի տեսքով, դրա այլընտրանքը չկա, ցավոք: Կա մի աշխարհընկալում, որ ներկայացնում է Տեր-Պետրոսյանը, իսկ մնացյալը ներկայացնում են Նույնը կամ Առանձնապես Ոչինչ: Վերջին երկուսից կարելի է ընտրել բազմաթիվ տարբերակներ, այս իմաստով ընտրությունը սուղ չէ: Իսկ ամենառեյտինգային թեկնածուն դասական իմաստով քաղաքական գործիչ չէ, այլ բաժնետիրական ընկերության վերահսկիչ փաթեթի տեր: Այդ փաթեթը պաշտպանության նախարարների ձեռքն է անցնում հեշտությամբ՝ երկրում նրանց իշխանական, տնտեսական կշռին համեմատ օպերացիայով: Փաստի մեջ քաղաքական ուժի ապաքաղաքական բնութագիրը խոսուն է: Կրկին դասական իմաստով:

Անկախ այն բանից՝ Տեր-Պետրոսյանը կհաղթի ընտրությունը, թե ոչ, նրա քաղաքական այդուհետ գործուն ներկայությունն է, որ երկրի քաղաքական կյանքին պակասող արժանիք է հաղորդելու: Սա կարեւորելու պահանջն առայժմ նկատելի չէ գոնե հասարակայնորեն, ոգեւորությունը սահմանափակվում է միայն նրա հաղթանակը տեսնելու բաղձանքով: Տեր-Պետրոսյանի բերած հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ քաղաքագիտական, մեթոդաբանական զարթոնքն այն առավել մնայուն գործն է, որ ավանդույթներ ստեղծելու նոր հուն է բացում, առավել՝ քան «ավգյան ախոռները» մաքրելու օպերատիվ միջամտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել