Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Հունվար 09,2008 00:00

Ունի արտոնագիր

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Միսս աշխարհի» արտոնագիր Հայաստանը չունի» հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեց «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը եւ հավաստիացրեց, որ իրենց գործակալությունն ունի համապատասխան արտոնագիր: Խոսելով «Միսս եւ միստր աշխարհ» փառատոնի հեղինակ եւ հիմնադիր Աշոտ Խաչատրյանի այն հայտարարության մասին, թե «Աշխարհի թագուհի» մրցույթը մի քանի անգամ վարկանիշով ցածր է «Միսս աշխարհից», սակայն «Միսս Հայաստանը» վերջինիս մասնակցելու փոխարեն նախընտրել է «Աշխարհի թագուհին», Կ. Արիստակեսյանն ասաց. «Ինչպես կինոփառատոները, այնպես էլ գեղեցկության մրցույթները լինում են A, B, C… կարգի: «Աշխարհի թագուհին», իհարկե, «Միսս աշխարհ» կամ «Միսս տիեզերք» չէ, բայց նաեւ այդպես ցածրակարգ չէ, ինչպես պնդում է Աշոտ Խաչատրյանը: Թող ինքը մտածի, որ իր աղջիկներին միայն B, C կարգի մրցույթների է տանում»: Կարեն Արիստակեսյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:

Սփիրսը տառապում է փսիխոզով

Օրերս Բրիթնի Սփիրսը լքել է աստղերին սպասարկող լոսանջելեսյան հանրահայտ Cedars Sinai կենտրոնի հոգեբուժական բաժանմունքը, որտեղ բուժվում էր հունվարի 3-ից: Ինչպես տեղեկացնում է People ամսագիրը, իր սկանդալային արարքներով հայտնի երգչուհին հիվանդանոցից հեռացել է հիստերիայից հետո, հոր ուղեկցությամբ՝ ստորգետնյա թունելով: Նրանց ուղեկցել է նաեւ հայտնի հեռուստահաղորդավար եւ բժիշկ Ֆիլ Մակգրոուն: Վերջինս խոստովանել է, որ, իր տպավորությամբ, Բրիթնին բժշկական եւ հատկապես հոգեբանական աջակցության կարիք ունի:

Հիշեցնենք, որ երգչուհին կլինիկայում է հայտնվել նախկին ամուսնու՝ Քեւին Ֆեդերլայնի հետ ունեցած բուռն վեճից հետո: Բանն այն է, որ Բրիթնին դատարանի որոշմամբ Բեւեռլի Հիլզում գտնվող իր առանձնատուն էր բերել 2 զավակներին: Ավելի ուշ, երբ հայրը ցանկացել էր վերջապես տղաներին վերցնել, մայրը ընդդիմացել է: Բրիթնին արձակել է միայն ավագ որդուն, իսկ մեկամյա փոքրիկի հետ փակվել է լոգարանում: Երեխաներին հորը վերադարձնելու համար միջամտել են 5 մեքենայով եւ մեկ ուղղաթիռով ժամանած ոստիկանները: Բրիթնին էլ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների եզրակացությամբ, այժմ նա տառապում է դեպրեսիվ փսիխոզով:

Հաղորդավարին ձերբակալել են

BBC հեռուստաալիքի մանկական հաղորդման հանրահայտ վարող Մարկ Սպեյտը օրերս ձերբակալվել է կոկաին պահելու եւ ընկերուհուն՝ Նատաշա Քոլինսին սպանելու կասկածանքով, տեղեկանում ենք Sky News-ից: Սպեյտի փաստաբանը պնդում է, որ Մարկը ունակ չէ մարդ սպանելու, ավելին՝ հենց նա է հայտնաբերել կնոջ դիակը ու զանգահարել շտապօգնություն եւ ոստիկանություն: Նույն կարծիքին է նաեւ Քոլինսի ագենտը, վերջինս հավաստիացրել է, որ Մարկն ու Նատաշան փայլուն հարաբերությունների մեջ էին: Նախկինում Մարկն ու Նատաշան համատեղ վարել են See It, Saw It հաղորդաշարը BBC-ով:

«Ոսկե գլոբուսը» չի կայանա

Հունվարի 13-ին «Ոսկե գլոբուս» հանրահայտ կինոմրցանակաբաշխությունը 65 տարվա պատմության մեջ առաջին անգամ կկայանա ընդամենը համեստ ասուլիսի տեսքով: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, պատճառը սցենարիստների գործադուլն է: Նրանց նախորդ գործադուլը բռնկվել է 20 տարի առաջ եւ ձգվել 5, 5 ամիս: Այն շոու-ինդուստրիային, որը ԱՄՆ տնտեսության կարեւորագույն մասն է կազմում, ժամանակին պատճառել է $500 միլիոնի վնաս: Փորձագետների հաշվարկներով, եթե կինոսցենարիստների ներկայիս գործադուլը մի քիչ էլ ձգվի՝ վնասն արդեն միլիարդների կհասնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել