Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ՊՈՏԵՆՑԻԱՆ»

Հունվար 09,2008 00:00

Ըստ որոշ մշակույթի գործիչների, դրանք ուղիղ համեմատական են

Վերջին շրջանում քաղաքական գործիչներից սկսած՝ վերջացրած անգամ էլեկտրիկներով, բոլորն իրենց ապագա պլանների մասին դատողություններ անելիս՝ ասում են. «Տեսնենք՝ նախագահական ընտրությունները ոնց կավարտվեն, հետո…»: «Առավոտը» որոշեց պարզել մշակութային օջախների ղեկավարների տրամադրությունները որքանով են պայմանավորված առաջիկա ընտրություններով: «Մշակութայիններից» կես կատակ-կես լուրջ հետաքրքրվեցինք՝ քաղաքական լարվածությունը կբարձրացնի՞, թե՞ կիջեցնի ստեղծագործողների «պոտենցիան»:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը համոզված է, որ Առնետի տարում Հայաստանում կավելանա առնետների քանակն ու նրանց մրցավազքը, եւ յուրաքանչյուրը կձգտի ավելի շուտ հասնել պանրին. «Բայց չպետք է մոռանալ, որ այն դրված է թակարդում: Եվ եթե վազեցին անվճար պանրի հետեւից, ուրեմն հաստատ թակարդը կընկնեն»:

Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն էլ համոզված է, որ քաղաքական լարված տարին ուղիղ համեմատական է արվեստագետների ստեղծագործական պոտենցիային. «Երբեմն անհրաժեշտ են նման ալեկոծումները»:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի համոզմամբ, քաղաքական դաշտի լարվածության չափը ոչ մի ձեւով չի կարող ազդել ստեղծագործականի վրա. «Գոնե ֆիլհարմոնիկի դեպքում մենք աշխատել ենք ու կաշխատենք՝ անկախ քաղաքական վայրիվերումներից»:

Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը հավատացնելով, որ ինքը ծաղրածու է՝ լավ իմաստով, եւ իր կամերտոնը լավ է աշխատում, ասաց. «Ես մաքուր ու առողջ ձայները լավ եմ լսում ու վստահ եմ, որ դրանք ավելի շատ կլինեն: Եվ ընտրություններից հետո ինչ արդյունք էլ ունենանք, ստեղծագործական ներուժը կխթանվի, որովհետեւ Հայաստանը աշխարհին դեռ շատ բան ունի ասելու»:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը հայտնեց, որ ստեղծագործող կոլեկտիվին քաղաքական լարված կամ գերլարված դաշտը չի կարող խանգարել. «Մանավանդ, եթե մշակութային օջախը քաղաքականացված չէ ու ծառայում է իր նպատակին»:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ երազում է տեսնել իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նախագահի թեկնածուների այնպիսի դեբատներ, ինչպիսիք այսօր տեսնում է Ամերիկայում. «Կուզեի նախընտրական եւ հետընտրական շրջանները մեզանում ընթանային քաղաքակիրթ ձեւով: Ամեն ինչ ներմուծում ենք, սա էլ թող ներմուծվի: Ինչո՞ւ քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ամերիկացի գործիչների, օրինակ, երկխոսությունները հեռուստաեթերում, որպես կանոն, ավարտվում են միմյանց ձեռք սեղմելով, այլ ոչ թե վերջում դառնում են վայրի գազան՝ պատրաստ հոշոտելու միմյանց: Ինչ վերաբերում է մշակույթի մարդուն, նա պետք է իրեն շատ չծանրաբեռնի քաղաքականությամբ»:

«Գոյ» թատրոն-լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը հայտնեց հետեւյալը. «Մեր մշակույթը վաղուց կորցրել է իր ներքին ազնվությունը, ժամանակի հետ ճիշտ քայլելու կարողությունը: Արվեստագետներն ամեն անգամ սազերն առած ուժեղ թեկնածուի գովքն են անում… Հիմա էլ գիտենք՝ ում գովքն է գնում: Բայց եթե, օրինակ, ընտրվի Կարապետիչը, չկասկածեք. բոլորը հաջորդ պահից նրա կողմը կանցնեն: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նույն մշակույթի գործիչները գոռում էին Լեւոն, Քոչարյանի ժամանակ՝ Ռոբերտ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել