Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հունվար 09,2008 00:00

\"\"Ռուսական զորքերի նախկին ենթասպային իրենց քաղաքացի չեն ճանաչում ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը

Երազգավորս գյուղի բնակիչ, Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի նախկին ենթասպա Մելիքսեթ Գաբոյանի պատմելով՝ արդեն չորրորդ տարին է, ինչ սեփական երկրում ապրում է «պատանդի» կարգավիճակով: Անձնագիր չունենալու պատճառով նրան ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, հետեւաբար եւ սովի են մատնում իր վեց հոգանոց ընտանիքին: Բանն այն է, որ նա չի հասցրել փոխել սովետական անձնագիրը: «Հին» անձնագրով հինգ անգամ պայմանագիր կնքելով ու 1994-2004թթ. աշխատելով ՌԴ սահմանապահ զորքերի Գյումրի քաղաքում տեղակայված զորամասում, Գաբոյանն անձնագրերը փոխելու ժամանակ՝ 1997 թ. դիմում է ներկայացրել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար, որը, սակայն, որոշ չինովնիկներ արհեստականորեն ձախողել են:

Պատճառը, ըստ «Առավոտի» զրուցակցի, այն էր, որ ինքը մի քանի անգամ հանդգնել էր «դեմերես» խոսել հայ զինծառայողների ոտնահարվող իրավունքների, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերի անասնագլխի անհետացման իրական պատճառների մասին: Դա, բնականաբար, դուր չի եկել ազգությամբ ռուս «շեֆերին», որոնք էլ, առանց լուրջ պատճառների, 2004 թ. նրան ազատել են աշխատանքից: «1997-ից սկսած մեզ՝ հայերիս, մոտ հարյուր դոլարով ցածր էին վճարում ռուսների հետ համեմատ, պատճառաբանելով, թե միջպետական պայմանագրով ՀՀ քաղաքացիներին այդպես է նախատեսված, իսկ երբ խնդրում էինք ցույց տալ պայմանագիրը, վրա էին տալիս: Մեզ արգելված էր իմանալ մեր ծառայողական իրավունքները: Իսկ ամենաահավորն այն էր, որ տեսնելով, թե ինչպես էին օրումեջ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի կովերն անհետանում՝ ստիպված էինք լռել: Հիշում եք, չէ՞, թե ինչպես 2003-2004 թթ. Անիի շրջանի Խարկով գյուղի կովերը կորան, հետո հերթը հասավ Հայկաձորին, Առափիին, որտեղից միայն 83 գլուխ անասուն կորավ: Երբ առաջին անգամ կատարվեց կովերի գողությունը, հետախուզության պետ, գնդապետ Ա. Համբարձումյանն ուզում էր այս պատմությունը ջարդել հենց կովերի տիրոջ՝ ուղեկալի ավագ Փայլակ Խաչատրյանի վրա, թե իբր վերջինս որոշել է իր կովերը Թուրքիա անցկացնել ու թանկ գնով վաճառել: Ես էլ «սխալվեցի» ու պաշտպանեցի Փայլակին, էդ օրվանից իմ դեմ լարվեցին: Համոզված եմ, որ կովերն անհետանում էին հենց իրենց ձեռքով: Հենց Համբարձումյանը ոտքը քաշեց Հայաստանից, կովերի գողությունն էլ դադարեց: Սա սահմանը խախտելու ամենամեղմ դեպքն է, էլ չեմ խոսում, թե ինչպես 2003-ին Ախուրյան գետով երկու թուրք անցել էին հայկական սահմանը, բայց վերջիններիս երկրորդ օրը ազատ արձակեցին, պատճառաբանելով, թե գինովցած էին՝ ոչինչ: Ջրափիի ուղեկալից էլ անձամբ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես էին բացվել սահմանի դարպասները: Մի խոսքով, իմ անձնագիր չունենալու պատճառը իմ ճշմարտախոսությունը եղավ»,- ասում է Մելիքսեթ Գաբոյանը: Ըստ նրա, Համբարձումյանն ու գնդապետ Կասենկոն՝ Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի գլխավոր հրամանատար Բոնդարեւի հետ համատեղ ամեն ինչ արել են, որպեսզի խափանեն ՌԴ անձնագիր ստանալու իր խնդրանքը:

Սակայն խնդիրն այն է, որ նախկին ենթասպան չի կարող ստանալ ՀՀ անձնագիր, քանի որ ՀՀ-ում հաշվառված չէ, զինգրքույկում էլ միտումնավոր չեն խփել իր զորացրման հրամանը: Նախկին ենթասպան դիմումների մի հսկա տրցակ է ուղղել երկրի նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, Ազգային անվտանգության ծառայության պետին, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն նրանք պատասխանել են, թե «անկարող» են օգնել: Գաբոյանը սկզբում պաշտոնյաներին խնդրել է, որ իրեն ճանաչեն «ոչ ՀՀ քաղաքացի», որպեսզի կարողանա ստանալ ՌԴ քաղաքացիություն, սակայն նրան մերժել են: Զարմանալիորեն մերժել են նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքը. ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Է. Մնացականյանը նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար պահանջել է երաշխավորագիր ՌԴ-ից: Գաբոյանի համար թերեւս միակ հուսադրող պատասխանը եղել է Հայաստանում ՌԴ հյուպատոս Ե. Կոնիշեւից, որը համոզված լինելով, որ նախկին ենթասպային հասնում է ՌԴ քաղաքացիություն, խորհուրդ է տվել գնալ Ռուսաստան եւ ՌԴ անձնագիր ստանալ: «Բայց հո ես թռչուն չեմ՝ թռնեմ գնամ, վերջը ինձ մի փաստաթուղթ պե՞տք է հայրենիքից դուրս գալու համար»,- զարմացած հարցնում է Գաբոյանը:

Այս պատմության մեջ ամենաանհեթեթն այն է, որ թեեւ Մելիքսեթ Գաբոյանը նամակ է գրում ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, սակայն նրան պատասխանում է «պաշտպանության նախարար» Սերժ Սարգսյանը: «Դե պատկերացրեք՝ հասարակ քաղաքացու նկատմամբ անտարբերությունն ո՞ւր է հասնում, ինձ պարզապես ձեռ են առնում»,- ասում է նախկին ենթասպան՝ հայտարարելով, որ իրեն չօգնելու դեպքում մնում է կամ հացադուլ անել, կամ Կիեւյան կամրջից վայր գցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել